Մատչելիության հղումներ

Կառավարությունը պատրաստվում է 260 միլիոն դոլարի վարկ վերցնել


Կառավարությունը պատրաստվում է 260 միլիոն դոլարի վարկ վերցնել
please wait

No media source currently available

0:00 0:03:04 0:00

Կառավարությունը պատրաստվում է ընդհանուր առմամբ 260 միլիոն դոլարի վարկ վերցնել տարբեր միջազգային ֆինանսական կառույցներից։

Վարկային փաստաթղթերի շուրջ այսօր բուռն քննարկում տեղի ունեցավ խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում։ Չնայած ոչ իշխանական պատգամավորները դեմ քվեարկեցին, այդուհանդերձ, իշխող մեծամասնության քվեներով տարբեր նպատակներով ներգրավվելիք վարկային փաստաթղթերն այսօր դրական եզրակացություններով ներառվեցին Ազգային ժողովի հաջորդ շաբաթ հրավիրված արտահերթ նիստի օրակարգում։

Հայաստանի ու Եվրոպական ներդրումային բանկի միջև ստորագրված «Ջրային ոլորտի համայնքային ենթակառուցվածք» ֆինանսական պայմանագրով նախատեսվում է վերցնել 73 միլիոն դոլարի վարկ, որով փոխվելու են Գյումրիի ու Վանաձորի ջրամատակարարման ներքին ցանցերը։

Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանին հետաքրքրեց, թե վերջին հինգ տարիներին որքա՞ն վարկ է վերցվել խմելու ջրի կորուստները նվազեցնելու համար և որքանո՞վ են կրճատվել կորուստները։ Վարկային փաթեթը ներկայացնող Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Խաչատրյանը պատասխանեց, որ այն հատվածներում, որտեղ ցանցն ամբողջությամբ փոխվում է, ջրի կորուստները 76-ից նվազեցվում են 33-35 տոկոսի։

«Ինչ վերաբերում է առևտրային կորուստներին, «Երևան ջուր» ֆրանսիական ընկերության նախկին ղեկավար Պասկալ Ռուայեն ասում էր՝ Հայաստանում ջուր գողանալը ազգային սովորության է նման, դրա դեմ, իհարկե, փորձում ենք պայքարել»,- ասաց Խաչատրյանը։

Փաշինյանն արձագանքեց ջուր գողանալու վերաբերյալ ֆրանսիացի նախկին պաշտոնյայի հայտարարության հիշատակմանը.- «Չեմ կարծում, թե ֆրանսիացի մեր գործընկերը ՀՀ բնակչության հետ այդպիսի լայն շփում ուներ։ Նա շփվում էր կառավարության ներկայացուցիչների, ջրային ոլորտի բարձրաստիճան պատասխանատուների հետ, և եթե այդ շփումներից տպավորություն է ստացել, որ Հայաստանում ջուր գողանալը ազգային սովորություն է, դուք պետք է դրա մասին մտածեք։ Մտածեք՝ էդ ինչ եք անում, որ էդ մարդկանց վրա նման տպավորություն եք թողնում»,- ասաց պատգամավորը։

Նիկոլ Փաշինյանի հաջորդ հարցադրումն առնչվում էր ներդրումներից հետո մնացած կորուստներին, որոնք ըստ պատգամավորի, կոռուպցիոն գործոնների հետևանք են.- «Մենք ասում ենք՝ ունենք, ենթադրենք, 75-80 տոկոս կոռուպցիա, և միլիոնավոր դոլարների վարկեր ենք վերցնում՝ տոկոսներով, և ներդնում ենք ցանցի մեջ։ Այդ ներդնելու արդյունքում մեր կորուստները դառնում են ոչ թե 5, 2, 4, այլ դառնում են 35, այսինքն կիսվում են։ Գոյություն ունի 35 տոկոս կորուստ, որը կապ չունի ցանցի մաշվածության կամ չմաշվածության հետ։ Այսինքն մյուս 35 տոկոս կորուստը բոլորովին ուրիշ գործոնների ազդեցության ներքո են տեղի ունենում»։

Թեև հանրապետական մի քանի պատգամավորներ դժգոհություն ու մտահոգություն հայտնեցին հանրապետության տարբեր վայրերում ջրի որակի, համի ու ջրամատակարարման ժամանակացույցի մասին, այդուհանդերձ, կողմ քվեարկեցին արտահերթ նիստում ջրամատակարարման առնչվող վարկի քննարկմանը։ Հանձնաժողովի նիստին մասնակցող 12 պատգամավորներից վարկին դեմ քվեարկեցին «Ժառանգություն» խմբակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը, ՀԱԿ խմբակցությունից Նիկոլ Փաշինյանը, «Օրինաց երկրից» Մհեր Շահգելդյանն ու «Բարգավաճ Հայաստանից» Գուրգեն Արսենյանը։

Ոչ իշխանական պատգամավորները դեմ արտահայտվեցին նաև Վերակառուցման ու զարգացման բանկի հետ ստորագրված 75 միլիոն դոլարի բյուջետային աջակցության վարկի ներգրավմանը, որն արտացոլված է այս տարվա պետբյուջեի ծախսային մասում։ Դեմ արտահայտվող ոչ իշխանական խմբակցությունների պատգամավորների հիմնական մտահոգությունը կապված էր վարկի անարդյունավետ օգտագործման հետ, ինչին ի պատասխան՝ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը մատնանշեց հավանության արժանացած բյուջեն։

«Ուրեմն Ազգային ժողովը գտել է, որ դա արդյունավետ է»,- ընդգծեց փոխնախարարը։

Անդրադառնալով ոչ իշխանական պատգամավորների մտահոգություններին, որ վարկեր վերցնելով ու անարդյունավետ ծախսելով ավելանում է արտաքին պարտքը, Պավել Սաֆարյանը նշեց` բյուջեով ծրագրված է, որ Հայաստանի արտաքին պարտքը 2104 թվականի վերջին կկազմի համախառն ներքին արդյունքի 30 տոկոսը, ինչը միջազգային ստանդարտներով բարձր ցուցանիշ չէ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG