Մատչելիության հղումներ

Ջոն Հեֆերն․ «Ուրախ ենք, որ նոր կարգը շուտով կգործի»


Ջոն Հեֆերն․ «Ուրախ ենք, որ նոր կարգը շուտով կգործի»
please wait

No media source currently available

0:00 0:02:55 0:00

Ջոն Հեֆերն․ «Ուրախ ենք, որ նոր կարգը շուտով կգործի»

2015-ի հունվարի 1-ից ԱՄՆ-ը Հայաստանի քաղաքացիներին կտրամադրի բազմակի մուտքի իրավունքով և մինչև 10 տարի ժամկետով մուտքի արտոնագրեր:

«Շատ ուրախալի է այն, ինչ արեց Կառավարությունը: Սա մեկ տարվա աշխատանքի արդյունք էր: Մեկ տարի առաջ սկսեցինք խոսել այս մասին Վաշինգտոնում», - ասաց Հայաստանում Միացյալ Նահագների դեսպան Ջոն Հեֆերնը:

Այսպիսով այն քաղաքացիները, որոնք դիմելով ԱՄՆ դեսպանատուն, կստանան մուտքի արտոնագիր, հնարավորություն կունենան այդ արտոնագիրն օգտագործել տարիներ շարունակ՝ առանց ամեն ճամփորդությունից առաջ դեսպանատուն դիմելու:

Հայաստանում Միացյալ Նահանգների հյուպատոս Ֆրանկ Թուն ասում է, որ արտոնագիր տրամադրելու վարձը՝ 160 ԱՄՆ դոլար, չի փոխվել․ - «ԱՄՆ մուտքի արտոնագիր ստանալու չափանիշները նույնն են մնացել, դրանք չեն փոխվել»։

«Ազատության» հարցին, թե ինչո՞ւ են ամեն տարի հարյուրավոր քաղաքացիներ մերժում ստանում և անգամ որպես զբոսաշրջիկ տոներին Նահանգներ գնալու հնարավորություն չեն ունենում, հյուպատոսը պատասխանեց. - «Մենք անում ենք ամեն ինչ վիզայի տրամադրման ընթացակարգը դյուրացնելու համար․ քաղաքացիներն այժմ դիմումները լրացնում են առցանց: Իսկ ինչ վերաբերում է արտոնագիր տրամադրելուն կամ չտրամադրելուն, դա արդեն վիզան տրամադրող պաշտոնյայի իրավասության սահմաններում է, դա մենք փոխել չենք կարող: Մենք միայն փորձում ենք դյուրացնել ընթացակարգը»։

Նշենք, որ Հայաստանն իր հերթին վերացրել է մուտքի արտոնագիրը Միացյալ նահանգների քաղաքացիների համար։ Հունվարի 1-ից ԱՄՆ-ի քաղաքացիները առանց վիզայի կմտնեն Եվրասիական տնտեսական միությանն անդամակցող Հայաստան։

Հարցին, թե արդյոք այս քայլով ՀՀ իշխանությունները ցանկանում են ընդգծել, որ նույն 2015-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը չի խոչընդոտելու հայ-ամերիկյան հարաբերությունները, դեսպանն արձագանքեց․ - «Մեր նպատակը միշտ եղել է Հայաստանի հետ հարաբերությունները խորացնելը՝ բոլոր հնարավոր եղանակներով և այն ուղղություններով, որոնցով հետաքրքրված է Հայաստանը: Հունվարի 1-ը Հայաստանի կառավարության առաջարկած օրն է, մենք չեն առաջարկել: Հետևաբար Կառավարարությանը պետք է հարցնեք, թե ինչու են ընտրել հատկապես այդ օրը: Վիզային նոր համաձայնության գործարկման օրը՝ հունվարի 1-ը, մեզ համար որևէ այլ նշանակություն չունի, բացի այն, որ այդ օրվանից երկու երկրներից քաղաքացիները կճամփորդեն ավելի հեշտ։ Շատ ուրախ եմ, որ այս նոր կարգը կգործի շատ շուտով»։

Երեկ Վաշինգտոնում կայացած ճեպազրույցում հայ-ամերիկյան հարաբերություններին է անդրադարձել Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի խոսնակ Ջեն Փսաքին: Պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է պաշտոնական Վաշինգտոնը տեսնում ԱՄՆ - Հայաստան քաղաքական և տնտեսական հարաբերությունների ապագան ԵՏՄ-ին Հայաստանի վերջնական անդամակցությունից հետո, նա ասել է․- «Բոլոր երկրները իրավունք ունեն ընտրելու տնտեսական ինտեգրման և զարգացման սեփական ուղին՝ իրենց ազգային շահերին համապատասխան, Միացյալ Նահանգները շարունակելու է աշխատել Հայաստանի հետ՝ աջակցելու ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումներին և պահպանելու ԱՄՆ - Հայաստան հարաբերություններում արված առաջընթացը»:

XS
SM
MD
LG