Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր չհստակեցրեց՝ արդյո՞ք Հայաստանը կմիանա արևմտյան երկրների նկատմամբ Ռուսաստանի սահմանած տնտեսական պատժամիջոցներին:
Ղրիմի բռնազավթումից հետո արևմտյան երկրները տնտեսական պատժամիջոցներ սահմանեցին Ռուսաստանի նկատմամբ, ինչին ի պատասխան Մոսկվան արգելեց այդ երկրներից սննդամթերքի որոշ տեսակների ներմուծումը: Օրերս Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը չբացառեց, որ առաջիկայում արևմտյան երկրների նկատմամբ Ռուսաստանի պատժամիջոցներին միանան նաև Մաքսային միության անդամները:
Այսօր Երևանում Լատվիայի արտգործնախարարի հետ ասուլիս հրավիրած «Ազատության» հարցին, թե ինչ դիրքորոշում ունի Հայաստանը, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց․ - «Հարցը չի քննարկվել այդ շրջանակներում: Երբ որ քննարկվի, այն ժամանակ Հայաստանը կարտահայտի իր դիրքորոշումը»:
Հարաբերությունները կզարգանան, «երբ Թուրքիա պատասխանի Հայաստանի կողմից պարզված ձեռքին»
Անդրադառանլով հարցին, թե ինչպես կարձագանքի Թուրքիայի արտգործնախարարի օրերս արած հայտարարությանը, որ Հայաստանը պետք է սկսի համգործակցել հարևանների հետ, Էդվարդ Նալբանդյանը նախ ասաց․ - «Մեր դիվանագիտությունը ուղղված է բոլոր երկրների հետ համագործակցություն հաստատել և զարգացնել, բայց հասկանում եք, որ կարելի է համագործակցություն զարգացնել այն երկրների հետ, որոնք պատրաստ են այդպիսի համագործակցության»:
Արտգործնախարարը հավելեց․ - «Երբ Թուրքիան պատրաստ լինի առերեսվել իր պատմության հետ, երբ որ նաև կարողանա առաջ շարժվելև կատարել այն պարտավորությունները, որ իր վրա է վերցրել, իսկ դուք գիտեք, որ միջազգային հանրությունը բազմիցս արտահայտվել է, որ գնդակը գտնվում է Թուրքիայի դաշտում, երբ որ Թուրքիան պարտաստ լինի համագործակցության, երբ որ պատասխանի Հայաստանի կողմից պարզված ձեռքին, ապա հնարավոր կլինի հարաբերությունները զարգացնել»:
ԵՄ-Հայաստան հարաբերությունների նոր մոդել
Հունվարի 1-ից Լատվիան նախագահելու է Եվրամիությունում, և այդ երկրի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչսը այսօրվա ասուլսիում նշեց, որ Ռիգայի առաջնահերթություններից մեկն է լինելու Արևելյան գործընկերության երկրների՝ ներառյալ Հայաստանի հետ համագործակցությունը:
«Մեզ հետաքրքիր է լսել հայկական կողմի կարծիքը, թե ինչպե՞ս առաջ մղել համագործակցությունը Եվրամիության ու Հայաստանի միջև», - ասաց Ռինկևիչսը: - «Ռիգայի գաթնաժողովը կարող է լինել այն կետը, որտեղ Արևելյան գործընկերության երկրները կարող են ունենալ ավելի անհատական հարաբերություններ Եվրամիության հետ, և Հայաստանի պարագայում մենք գտնում ենք, որ կարող ենք ունենալ մի մոդել, որը հաշվի կառնի Եվրասիական միությանը անդամակցող և Եվրամիության հետ համագործակցող Հայաստանի շահերը: Եվրամիության ու Հայաստանի միջև շարունակում ենք աշխատել գործնական հարթությունում՝ ձևավորելու անհրաժեշտ «ճանապարհային քարտեզը», քաղաքականությունը և քայլերը, որոնք նոր պայմանագրի շուրջ բանակցությունների մեկնարկը կտան»:
«Մեզ մտահոգում են Ադրբեջանում լրագրողների կալանավորման մասին լուրերը»
Էդգարս Ռինկևիչսը անդրադարձավ նաև դեկտեմբերի 5-ից Ադրբեջանում կալանքի տակ գտնվող «Ազատության» լրագրողի Խադիջա Իսմայիլովային դեպքին․ - «Մեզ մտահոգում են լրագրողների կալանավորման մասին լուրերը: Մենք պատրաստվում ենք այս հարցը քննարկել Եվրամիություն - Ադրբեջան երկխոսության շրջանակում, և հույս ունենք, որ հիմնարար ազատությունները կհարգվեն»: