Մատչելիության հղումներ

Ղարիբաշվիլի․ ինտեգրացիոն գործընթացները չեն ազդի հայ-վրացական հարաբերությունների վրա


Այսօր Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են տնտեսական համագործակցության և առևտրատնտեսական կապերը սերտացնելու վերաբերյալ հարցեր:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ հանդիպման ժամանակ մեծապես կարևորվել է Վերին Լարս սահմանային անցակետի անխափան գործունեությունը:

«Էներգետիկ ոլորտում կարևորվեց Հայաստան-Վրաստան 400 կիլովոլտ լարման էլեկտրահաղորդման գծի կառուցումը: Զբոսաշրջության զարգացման առումով ընդգծվեց Երևան-Թբիլիսի, Երևան-Բաթումի կանոնավոր չվերթների իրականացման անհրաժեշտությունը», - հանդիպումից հետո ասել է Հովիկ Աբրահամյանը:

Աբրահամյանի խոսքով՝ ընդգծվել է նաև Բագրատաշեն, Բավրա և Գոգավան սահմանային անցակետերի արդիականացման, ինչպես նաև Բագրատաշեն-Սադախլո սահմանային անցակետում նոր կամուրջի շինարարական աշխատանքների շարունակականությունը:

Երկու երկրների վարչապետներն անդրադարձել են նաև տարբեր ինտեգրացիոն միավորումներին երկու երկրների անդամակցության հարցին:

«Մենք նշեցինք, որ Հայաստանի և Վրաստանի միջև գոյություն ունեն սերտ հարաբերություններ՝ և´ քաղաքական, և´ տնտեսական, և չնայած նրան, որ հունվարից Հայաստանը կդառնա Եվրասիական տնտեսական միության անդամ, իսկ Վրաստանը ստորագրել է Եվրամիության հետ Ասոցացման մասին համաձայնագիր, մեր հարաբերությունների վրա դա չի ազդի. ընդհակառակը, մենք դա կկիրառենք մեր երկրների շահերի համար», - նշել է Իրակլի Ղարիբաշվիլին՝ հավելելով, որառանձնահատուկ ուշադրություն են դարձնում երկու երկրների միջև գոյություն ունեցող առևտրային ռեժիմի պահպանմանը և տնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանը:

Հովիկ Աբրահամյանը Իրակլի Ղարիբաշվիլիին է փոխանցել Սերժ Սարգսյանի հրավերը` ներկա գտնվելու 2015 թվականի ապրիլի 24-ին Երևանում կայանալիք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG