Ձմեռվա մոխրագույն մռայլության մեջ կորած Մրգաշատի գույները խտացնում են գյուղամիջում հավաքված գյուղացիների անորոշ ու հոգսաշատ հայացքները: Զրույցի թեման մեկն է՝ փակել բանկերին կուտակված պարտքերը:
«98 տոկոսը վարկ ունեն», - ասաց գյուղացիներից մեկը:
Մրգաշատցիները երկմտում են․ գյուղատնտեսական վարկերը օգնությո՞ւն են, թե՞ փորձանք գյուղացու գլխին: Թվարկում են բարձր տոկոսներն ու կարճ ժամկետները, կարկուտը, ցուրտը, իրենց տանջանքն ու քրտինքը, պարտքերը, որոնց վերջը չեն էլ տեսնում: 6 հազար 4 հարյուր բնակիչ ունեցող Արմավիրի մարզի այս համայնքի 95 տոկոսը վարկառու է:
«Վերցնում ենք 1.5-2 միլիոն, ես ունեմ այգի, կարկուտը խփեց տարավ, ինձ 50 հազար դրամ փոխհատուցում տվեցին: Ես էդ տարվա տոկոսը չկարողացա տալ մայր գումարից, որ 8 հարյուր հազար պիտի տայի: Ստիպված գնացի նորից ուրիշից 10, 20 տոկոսով վերցրի: Այդպես ժողովուրդը խորտակվել են էս վարկերի մեջ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մրգաշատցիներից մյուսը:
«Հորիզոնով» փակում են «Կամրջի» վարկը, «Կամրջի» վարկով՝ «Արեգակինը», «Արեգակինով»՝ «Ֆինկայինը»․․․Շղթայական ռեակցիան շարունակվում է:
Հայաստանի ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը «Ազատության» հետ զրույցում նշում է, որ Համաշխարհային բանկը գրեթե 50 միլիոն դոլար է տրամադրել Հայաստանի գյուղատնտեսությանը: Արտոնյալ պայմաններով բանկերին տրված այդ վարկային միջոցները, մինչդեռ, գյուղացուն հասել են բարձր տոկոսադրույքներով:
«18 տոկոսով, 16 տոկոսով, որոնք որ ուղղակի գյուղացու թալան են: Գյուղատնտեսության վարկերը լավագույն դեպքում պետք է, Եվրոպական փորձն ասեմ, 5-6 տոկոս լինեն», - ասաց Բերբերյանը:
Մրգաշատցի Սերոբ Գևորգյանը լարում է հիշողությունը վերցրած վարկերի հերթականությունը թվարկելու համար: Առաջինը 9 տարի առաջ էր, հետո նորերն են եղել՝ 24 տոկոսով, 18, 14: Աշխատում է Մեծամորի ատոմակայանում, ստացած 70 հազար դրամով փակում է ընդամենը վարկի ամսական տոկոսը:
Գյուղացիները նշում են, որ ամեն մի բնական աղետից հետո առնվազն երկու տարի է հարկավոր՝ «խելքի գալու համար»:
Նրանցից շատերը կուտակած պարտքերի պատճառով զրկվել ենտներից, հողամասերից, մեքենաներից: Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի ներկայացուցիչ Հրանուշ Աղայանը նշում է, որ այս հարցում գյուղացուն որևէ արտոնյալ պայման չի տրվում․ ինքն է միակ պատասխանատուն բանկի հետ կնքած պայմանագրի համար:
«Գյուղատնտեսական վարկը դիտվում է որպես սովորական վարկ, ոչ սպառողական, որը կողմերի հարաբերություններով է կարգավորվում: Առանձին օրենսդրական ակտ չկա, որը որ պաշտպանի գյուղացիների շահերը», - ասաց Հրանուշ Աղայանը:
Գյուղացիներին չեն էլ հետաքրքրում օրենսդրական բացերը կամ իրավական կարգավորումները: Գյուղում ամենաքննարկվող թեման հիմա դրամի արժեզրկումն է: Դոլարով և եվրոյով վեցրած վարկերը նրանց համար ավելի թանկ կարժենան:
Գյուղի խանութպան Թաթուլ Սողոմոնյանն էլ էլեկտրական ջեռուցիչի մոտ սառած ձեռքերը տաքացնելով ու խորը հոգոց հանելով՝ ասում է, որ վարկ են վերցնում անգամ խանութի պարտքերը փակելու համար: