Մատչելիության հղումներ

Հայաստանյան որոշ գործարարներ ժամանակավորապես կասեցրել են արտահանումը Ռուսաստան


Տեղական շատ գործարարներ Ռուսաստան այլեւս ապրանք չեն արտահանում
please wait

No media source currently available

0:00 0:03:56 0:00

Տեղական արտադրողներն անորոշ կացության մեջ են հայտնվել։ Մի կողմից ռուբլին է արժեզրկվել և Ռուսաստանը տնտեսական անկման ցուցանիշներ է գրանցում, մյուս կողմից նրանց համար հստակ չէ, թե ինչ կփոխվի ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո։

«Ազատության» հետ հեռախոսազրույցում մի քանի գործարարներ հաստատեցին, որ ժամանակավորապես դադարեցրել են արտահանումները Ռուսաստան, քանի որ չեն ուզում ապրանքը վաճառել օրեցօր արժեզրկվող ռուբլով։ Ոչ ոգելից խմիչքներ ու պահածոներ արտադրող ընկերության տնօրեն Գագիկ Ղազարյանը նշեց, որ իրենք վարկ են վերցրել և չգիտեն, թե ինչպես են փակելու։

«Մենք դադարեցրել ենք արտահանումները արդեն համարյա երկու ամիս։ Մենք ունեինք մեծ պատվերներ Ռուսաստանի կողմից։ Մեր կառավարությունը ասաց՝ արտադրեք, տարեք լցրեք․․․ Հիմա մենք ռուսական պատվիրատուների կողմից պատվիրած ապրանք ունենք, որը չենք կարողանում իրենց տալ, որովհետև ռուբլին մոտավորապես 60-70 տոկոս արժեզրկվել է։ Այսինքն, եթե հիմա նշվի, որ ապրանքը ինքն ինձանից դոլարով է տանում, ինքը պիտի վերածի ռուբլու՝ 60-70 տոկոսով գինը թանկանալու է իր մոտ։ Ու արդեն իրենց տարածքում մեր ապրանքները գնային մրցակցությանը չեն դիմանալու։ Դրա համար շատ վատ է մեր դրությունը, ահավոր վատ, չգիտենք` ինչպես ենք դրա տակից դուրս գալու», - ասաց նա:

Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը նշում է՝ թեև անընդհատ հայտարարվում է, որ նոր միության կազմում արտահանողների համար ավելի հեշտ կլինի աշխատել, բայց ամեն ինչ այդքան պարզ չէ։

«Եթե Ռուսաստանում շարունակվի պատժամիջոցների իրավիճակը, շարունակվի ինֆլյացիան, շարունակվի տնտեսության թուլացումը, դա կբերի գնողունակության անկման `բնակչության և ձեռնարկությունների մեջ: Հետևաբար այն հաշվարկները, որով մենք կարող էինք ընդհանուր «մաքսային» կաթսայով գումարներ ստանալ, կարող է տեղի չունենալ եւ եկամուտները հնարավոր է` նվազեն», - ասում է նա:

Հեռվից դիտարկելով Մաքսային միության կազմում Ռուսաստանի և Բելառուսի միջև արդեն սկսված մաքսային տարաձայնությունները՝ Հայաստանում մտավախություն ունեն նաև, որ մի օր էլ իրենք կընկնեն «Ռոսպոտրեբնադզորի» սահմանափակումների տակ՝ բելառուս գործարարների նման։ «Արևմուտք - Ռուսաստան սրվող հարաբերություններում մեզ համար բազմաթիվ վտանգներ կան թաքնված»,֊ասում է Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը։

«Մենք միշտ պետք է նկատի ունենանք, որ այդ պատժամիջոցները կարող են որոշ հատվածներում նաև մեր վրա տարածվել։ Մյուս կողմից, Ռուսաստանը կոռումպացված, «ատկատներով» աշխատող երկիր է: Չի բացառվում նաեւ, որ ռուբլին մտցնի շրջանառության մեջ, որպեսզի կայունացնի։ Այսինքն կստացվի, որ մենք կարող է դոլարով, եվրոյով աշխատելու հնարավորություններից զրկվենք: Կամ` Ռուսաստանի խելքին փչի, որ Հայաստանի վրա ազդի`մյուս երկրների հետ տնտեսական հարաբերությունները փոփոխելու պահանջով։ Ռուսաստանը հիմա վայրի, վիրավոր գազանի վիճակին է նման, որը կարող է անկանխատեսելի բաներ անել», - մեկնաբանում է Մակարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG