Մատչելիության հղումներ

Դատախազության հարուցած քրեական գործով կես տարի է մեղադրյալ չկա


Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյան, արխիվ
Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյան, արխիվ

Հունիսին Գլխավոր դատախազությունը քրեական գործ էր հարուցել Վերահսկիչ պալատի հաշվետվության հիման վրա:

2013 թվականի Վերահսկիչ պալատի հաշվետվության հիման վրա Գլխավոր դատախազությունում կես տարի առաջ հարուցված քրեական գործով դեռևս որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել:

Հունիսին գլխավոր դատախազը Գևորգ Կոստանյանը հայտարարեց, որ զեկույցում տեղ գտած փաստերը հիմք ընդունելով՝ գործ են հարուցել, և խոստացել էր, թե «քրեական գործի արդյունքները մի քիչ ավելի ուշ կգնահատեք»:

«Մի քիչ ավելի ուշը»՝ ձգվում է արդեն կես տարի: Գնահատելու արդյունքներ էլ դեռ չկան: «Ազատություն» ռադիոկայանի հարցմանն ի պատասխան Գլխավոր դատախազությունից տեղեկացրին, որ հունիսին մեկ քրեական գործ է հարուցվել, որի շրջանակներում քննությունն է իրականացվում 20 ուղղություններով: Գործի շրջանակներում հարցաքննվել է շուրջ70 հոգի, հոկտեմբերի վերջին նախաքննությունը երկարաձգվել է ևս երկու ամսով, այսինքն՝ այս տարվա ավարտին էլ դժվար թե քննության արդյունքները լինեն:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի կարծիքով՝ տարիներ շարունակ կոռուպցիոն երևույթների վերաբերյալ փաստեր են վերհանվում, սակայն արդյունքները տեսնալի չեն:

«Բոլոր հարցերին պետք է ուշադրություն դարձնել, դառնան քննության առարկա, որին պետք ա հետևի կադրային, քրեական, վարչական ․․․ Չի կատարվել, բայց խնդիրը մենակ Վերահսկիչ պալատին մի նայեք, բա մե՞ր կողմից հաղորդումները՝ հասարակական կազմակերպությունների, քաղաքացիների կողմից բազմաթիվ հաղորդումներ կոռուպցիայի մասին: Դրանք շատ ավելի մեծ փաթեթ են կազմում, եթե խմբավորես, քան միայն Վերահսկիչ պալատինը», - ասաց իրավապաշտպանը:

Ազգային Ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագագահ Հովհաննես Սահակյանը Վերահսկիչ պալատի աղմուկ հանած բացահայտումներից հետո նույնքան աղմկահարույց քրեական գործեր չմտաբերեց, սակայն կարծում է, որ հարցը կարող է նաև քրեական պատժի տիրույթից դուրս լուծվել:

«Այս խնդիրը չպետք է դիտարկել որևիցե մեկին պատժի ենթարկելու սկզբունքով: Միգուցե այդ գումարները, որոնք ոչ ճիշտ են օգտագործվել, վերադարձվել են պետական բյուջե, կամ որոշակի այլ գործողություններ են իրականացվել՝ վարչական տույժեր, պաշտոնական անձինք հեռացվել են պաշտոնից: Միևնույն ժամանակ ես գտնում եմ, որ այս առումով մենք անելիք ունենք և որոշակի փոփոխություն կամ բարելավում կարելի է նախատեսել», - ասաց Սահակյանը:

Արթուր Սաքունցը սա համարում է ինդուլգենցիայի յուրօրինակ ինստիտուտ:

«Մի քանի հարյուր միլիոն դրամների չարաշահում կա և խնդիրը դրվում է վերադարձնելո՞ւ ճանապարհով և հետո զեկուցվում է, որ այսքան գումար վերադարձվել է: Ըստ էության հանցագործություն է և հանցագործություն կատարածները վերադարձնում են բյուջեից յուրացված գումարը և դրանով բավարարվում են: Էն պարագայում երբ 18 հազար դրամ արժողությամբ իր կամ կոմպոտ գողանալու համար մարդուն կարող են ազատազրկել», - նշեց նա:

Վերահսկիչ պալատը 2013 թվականին վերաբերող զեկույցում բազմաթիվ խախտումներ, թերություններ և կոռուպցիոն ռիսկեր էր նշել: Հիշենք միայն մի քանի դրվագներ․ օրինակ, պետական գնում կատարողը, խտրականություն դրսևորելով, որոշ ընկերությունների թույլ է տվել բարձր գներով պայմանագրեր կնքել, ինչի արդյունքում պետական միջոցների հաշվին ինչ -ինչ մարդիկ գերշահույթ են ստացել:

ու նախակրթական հաստատություններին մթերք մատակարարող ընկերությունը նույն ապրանքը՝ օրինակ շաքարավազը, տարբեր համայնքներում տարբեր գներով է մատակարարել, սակայն բոլոր դեպքերում՝ այդ գները շուկայականից բարձր են եղել:

Թե այս և այլ բացահայտումներն ինչ արձագանք կստանան արդարադատության ոլորտում, կերևա նախաքննության ավարտից հետո:

Հովհաննես Սահակյանն ասում է, որ իրենք թերևս խնդիր ունեն՝ ավելացնելու խորհդրարանի վերասհկողական դերը․ պատգամավորները միայն տարին մեկ անգամ լսում են Վերահսկիչ պալատի հաշվետու զեկույցն ու հաստատում հաջորդ տարվա ծրագիրը:

«Մենք պետք է վերահսկողության մեխանիզմների մասին խոսենք, էլ ավելի մեծացնենք էդ լծակները, հատկապես՝ պատգամավորների, որպեսզի կարողանանք նաև որոշակի առումով ավելի ակնառու ձևով լուծել», - ասաց Հովհաննես Սահակյանը:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի կարծիքով՝ Հայաստանում կոռուպցիոն հանցագործությունները պատժվում են ընտրողաբար և այստեղ է հիմնական խնդիրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG