Մատչելիության հղումներ

Հայաստանը վերջին տարում կոռուպցիայի դեմ պայքարում զգալի առաջընթաց չի գրանցել


Հայաստանը վերջին տարում կոռուպցիայի դեմ պայքարում զգալի առաջընթաց չի գրանցել
please wait

No media source currently available

0:00 0:04:03 0:00

Չնայած իշխանությունների խոստումներին՝ Հայաստանը կոռուպցիայի դեմ պայքարում զգալի առաջընթաց չի գրանցել անցած մեկ տարվա ընթացքում: Այսօր այս մասին հայտարարեց ոլորտն ուսումնասիրող «Թրանսփարենսի Ինթրնեյշնըլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանը:

«Գելափ» հետազոտական կենտրոնի հարցումների համաձայն՝ ամենակոռումպացվածն են առողջապահության ոլորտը, պետական ծառայությունն ու դատարանները: Ըստ փորձագետների, վերացված չեն նաև կոռուպցիան ծնող հիմնական գործոնները:

«[Դրանք են՝] բիզնեսի և քաղաքական վերնախավերի սերտաճումը, տնտեսության մոնոպոլիզացիայի բարձր աստիճանը, որը իր հետ, որպես կանոն, բերում է նաև քաղաքական դաշտում մոնոպոլիզացիայի, դատական համակարգի ոչ անկախ լինելը: Մեր հասարակությունը, դժբախտաբար, բավականին անտարբեր և հանդուրժող է կոռուպցիայի նկատմամբ», - ասաց Հոկտանյանը:

Կոռուպցիայի դեմ պայքարող պետական մարմիններից մեկն էլ Արդարադատության նախարարությունն է: Ուշագրավն այն է, որ արդարադատության փոխնախարարը թեև ընդունում է, որ դատարաններում կոռուպցիոն ռիսկերը փոքր չեն, այդուհանդերձ իրենց առանձնացրած ռիսկային չորս ոլորտներում դատարաններն ընդգրկված չեն: Առողջապահություն, կրթության և գիտության նախարարություն, ոստիկանություն և հարկահավաքության գործընթաց․ այս ուղղություններով վերահսկողություն է իրականացնելու նոր ստեղծվելիք կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը, որը ղեկավարելու է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Չնայած այս քայլերին՝ Հոկտանյանը պնդում է, որ բոլոր փոփոխությունները կատարվում են միայն փաստաթղթերով, իսկ հասարակությունը դրանց շոշափելի արդյունքն այդպես էլ չի տեսնում:

Փոխնախարար Քրմոյանը հակադարձում է․ - «Օրինակ՝ գործարարները շեշտել են, որ իրավաբանական անձանց գրանցման առումով էական բարելավում են զգում և կարողանում են իրենց գործարքները կատարել իրավաբանական անձանց պետական ռեգիստրի հետ առանց խոչընդոտների՝ ի տարբերություն նախորդ ժամանակաշրջանի»:

Փորձագետները մտավախություն ունեն, որ առաջիկայում իրավիճակը կարող է էլ ավելի վատանալ՝ հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանը պատրաստվում է անդամակցել կոռուպցիայի բարձր մակարդակ ունեցող երեք երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի դաշինքին: Եթե տարիներ առաջ Եվրամիության հետ համագործակցության շրջանակներում Հայաստանի իշխանությունները ստիպված էին բարեփոխումներ կատարել, ապա այս նոր ակումբում նրանց առջև որևէ այդպիսի պայման չի դրվում:

«Լավատեսության հիմք չի տալիս, որովհետև ես առանձնապես չեմ հավատում, որ Հայաստանը կդառնա լիդեր և Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը կփորձեն հասնել գոնե Հայաստանին: Ընդհակառակը, ես ավելի շատ տեսնում եմ վտանգ, որ հակառակը տեղի կունենա», - նշեց հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավարը:

Քրմոյանն ասաց, որ կանխատեսումներ անելու համար դեռ վաղ է: Ասում է՝ ժամանակը ցույց կտա, թե ԵՏՄ-ին միանալուց հետո կոռուպցիայի մակարդակը Հայաստանում ինչ ցուցանիշի կհասնի:

«Ոչ մի կազմակերպություն կամ անհատ չի կարող ասել, թե անդամակցելով այս կամ այն միությանը ռիսկերը կավելանան, թե ոչ: Իրադրություն է փոխվելու, մենք նոր օրենսդրություն ենք ունենալու, նոր պայմանագրեր ենք ունենալու, և ըստ այդմ՝ մենք յուրաքանչյուր տարի ռիսկերի գնահատում կկատարենք, և եթե անհրաժեշտություն լինի, մեր կոռուպցիոն ռազմավարության մեջ համապատասխան շտկումներ կանենք», - նշեց նա:

Ուսումնասիրությունները վկայում են նաև, որ Հայաստանում մարդիկ առավել հանդուրժող ու անտարբեր են կոռուպցիայի հանդեպ, որովհետև վստահ չեն, որ բողոքելու դեպքում մեղավոր պաշտոնյաները արժանի պատիժ կստանան:

Արդարադատության փոխնախարարը, սրա հետ համամիտ լինելով հանդերձ, մեղադրում է նաև շարքային քաղաքացիներին, պնդելով, թե շատերն են նախընտրում կաշառք տալ ու խնդիրները լուծել զարտուղի ճանապարհներով:

Մեզ հետ զրույցում, սակայն, երևանցիներն ասացին, որ հաճախ աչք են փակում կոռուպցիոն երևույթների դեմ, որովհետև անիմաստ են համարում պայքարելը:

Հայաստանը վերջին տարում կոռուպցիայի դեմ պայքարում զգալի առաջընթաց չի գրանցել
please wait

No media source currently available

0:00 0:03:57 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG