Մատչելիության հղումներ

Խաչիկյանը դատապարտվեց 12 տարվա ազատազրկման


Հայաստան - Սոցիալական ապահովության հիմնադրամի նախկին նախագահ Վազգեն Խաչիկյանը (կենտրոնում) իր գործով դատավարության ժամանակ, Երևան, 5-ը մարտի, 2013թ․
Հայաստան - Սոցիալական ապահովության հիմնադրամի նախկին նախագահ Վազգեն Խաչիկյանը (կենտրոնում) իր գործով դատավարության ժամանակ, Երևան, 5-ը մարտի, 2013թ․

Իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Վազգեն Խաչիկյանն այսօր դատապարտվեց 12 տարվա ազատազրկման՝ կազմակերպված խմբով բյուջեից 300 միլիոն դրամ խարդախությամբ հափշտակելու ու յուրացնելու համար։

Մոտ երկու տարի ձգվող դատաքննության ավարտին՝ այսօր էլ Խաչիկյանը չընդունեց, որ մեղավոր է: Նախկին բարձրաստիճան պաշտոնյան մինչև հիմա որևէ լումա պետբյուջե չի վերադարձրել։

Դատարանը որոշեց Սոցիալական ապահովության հիմնադրամի նախկին նախագահից բռնագանձել 170 միլիոն դրամ։Դատապարտվեցին նաև Խաչիկյանի 12 ենթակաները, սակայն նրանցից 8-ի նկատմամբ որոշվեց պատիժը կիրառել պայմանական։

Խաչիկյանի փաստաբան Ժորա Վարոսյանը, ով պահանջում էր իր պաշտպանյալին արդարացնել, դժգոհեց կայացված վճռից:

«Լիովին անհիմն դատավճիռ էր Խաչիկյանի մասով, և խարդախության մասով, ես իմ ճառում էլ եմ նշել, մենք վերաքննիչ բողոք կներկայացնենք», - հայտարարեց Վարոսյանը:

«Ինչո՞ւ իշխող Հանրապետականի ներկայացուցչի նկատմամբ դատարանն այսչափ խիստ պատիժ սահմանեց»՝ «Ազատության» այս հարցին պատասխանելով նրա պաշտպանը, փակագծեր չբացելով, ասաց, թե որոշներին ձեռնտու էր, որ նրան երկար ժամանակով մեկուսացնեին: Պաշտպանը խուսափեց գնահատել նաև՝ արդյոք այսօրվա որոշումը քաղաքական պատվեր էր:

«Ես չգիտեմ՝ պրոֆեսիոնալիզմի պակասն էր, թե այլ պատվերներն էր՝ ձեր [նշած]: Եթե պրոֆեսիոնալ քննվեր, հաստատ խարդախության մասով Խաչիկյանին պիտի արդարացնեին: Ես գտնում եմ, որ այո՛, միտված էր, որ երկար ժամանակով ազատազրկման ենթարկեին: Գործողությունների մեջ ես միտում եմ տեսնում: Ո՞ւր էր այդ մեղմացնող հանգամանքները», - մեկնաբանեց Վարոսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG