Եվրասիական տնտեսական միություն դեռ չմտած՝ հայ, ռուս, բելառուս և ղազախ երիտասարդ գիտնականներն արդեն իսկ մտադիր են համատեղ խոշոր գիտական ծրագրեր իրականացնել:
Այս օրերին Հայաստանում տարբեր միջոցառումների մասնակցելով՝ նրանք քննարկում են, թե ինչպես ակտիվացնեն համագործակցությունը գիտական ոլորտում: Ռուասաստանի գիտությունների ակադեմիայի երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ Անդրեյ Կոտելնիկովը վստահեցնում էր, որ ցանկացած դաշինք անհնար է պատկերացնել առանց ինտելեկտուալ, մասնավորապես, մշակութային և գիտական համագործակցության։
Թվարկելով, թե ինչ առավելություններ ունեն գիտական առումով ԵՏՄ անդամներից յուրաքանչյուրը, Ռուսաստանի ներկայացուցիչը վստահեցնում էր, որ այս դաշինքը ապագայի ծրագիր է, որի հիմքերն այսօր է դրվում:
Գիտական մեծ նվաճումների պատրաստ գիտնականները վստահ են, որ այն ներուժը, որն այսօր ունեն այս 4 երկրների ժողովուրդները, լուրջ մարտահրավեր կարող է լինել աշխարհի համար:
Ուշագրավ է, որ այսօր աշխարհի 100 լավագույն բուհերի ցանկում ներառված չեն ոչ Ռուսաստանի, ոչ Ղազախստանի, ոչ Բելառուսի ու Հայաստանի բուհեր։ Տարբեր վարկանիշային աղյուսակներում առաջատարի դիրքերում Եվրոպայի ու Միացյալ Նահանգների բուհերն են, հաջորդիվ՝ Կանադայի, Ավստրալիայի և ասիական երկրներից Ճապոնիայի, Հարավային Կորեայի բուհերը։ Լավագույն 300-400 բուհերի ցանկում միայն ներառված է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանը:
Ղազախստանի գիտական ակադեմիայի խորհրդի նախագահ Մահմուդ Տոմանովը լուրջ չի վերաբերվում այս վարկանիշներին։ Ըստ նրա՝ դրանք միշտ չէ, որ իրականությունն են արտացոլում, և հետո՝ հետխորհրդային և արևմտյան երկրների բուհերի դասակարգման չափանիշները շատ տարբեր են:
«ԵՏՄ-ի շրջանակներում մեր երկրները փորձում են սեփական մոդելը կերտել, որը, իհարկե, Արևմուտքի չափանիշներին միշտ չէ որ համապատասխանում է։ Բայց մենք՝ հետխորհրդային երկրներս, միմյանց հասկանում ենք»,- ասաց Տոմանովը։
Ամենևին էլ մտահոգիչ չէ մրցակցությունը Արևմուտքի հետ, պնդում էին ԵՏՄ անդամ պետությունների երիտասարդ գիտնականները: Բելառուսի ակադեմիայի երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ Անդրեյ Իվանեցն ընդունում է՝ կրթության որակը թերևս ընդհանուր առմամբ ընկել է, այդուհանդերձ տաղանդավոր մարդկանց բացահայտմանը դա չի խոչընդոտում։
«Եթե նայենք ոչ թե բուհերի վարկանիշներին, այլ ուղեղներին, ապա կտեսնենք, որ հետխորհրդային երկրներում դրանք ամենից շատ են գնահատվում», - ասում է Իվանեցը և հավելում՝ սա քաղաքականություն է և ամեն ինչ վարկանիշի վերածելը ճիշտ չէ:
Ի դեպ, Ռուսատանի, Ղազախստանի, Բելառուսի գիտնականները չհերքեցին, որ իրենց երկրում երիտասարդները նույնպես ձգտում են կրթութուն ստանալ եվրոպական երկրներում։ Այդուհանդերձ, նրանք վստահեցնում էին, որ այսօր միտում կա վերադառնալ հայրենիք: Վերջիններս վստահ են, որ հետխորհրդային երկրները զիջում են Արևմուտքին միայն նրանով, որ չեն կարողանում ստացած գիտելիքները տնտեսության մեջ ճիշտ ներդնել:
«Դա մեզ չեն սովորեցրել»,- ասում է բելառուս գիտնականը.- «Մենք պետք է փորձենք սովորել դա՝ ոչ թե մեր արտադրանքը ուրիշին վաճառելու, այլ ճիշտ ներդրում անելու և փող աշխատելու համար»։
Ցանկացած երկրում կարելի է գիտություն զարգացնել, եթե դրա ցանկությունն ունեն իշխանությունները, «Ազատության» հետ զրույցներում վստահեցնում էին հայ գիտնականները: Արևմտյան ընկերությունների հետ համագործակցող բարձրագույն տեխնոլոգիաների մասնագետ Գևորգ Գորգիսյանը սեփական փորձից ելնելով վստահեցնում է՝ այսօր հետխորհրդային երկրների մասնագետները բարձր պահանջարկ ունեն Արևմուտքում: Խնդիրն այն է, որ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Հայաստանը պայմաններ չեն ստեղծում այդ մասնագետների համար, այդ պատճառով էլ ուղեղների արտահոսքը դեպի Արևմուտք է:
«IT ոլորտը նշված երկրներում գրեթե չկա, շատ ցածր մակարդակի վրա է, զարգանալու մեծ տեղ կա, Հայաստանը կարող է այդ բացը լրացնել։ Մեր երկրի ռեսուրսը մարդկային ուղեղներն են, ու մեր կառավարությունը պետք է կարողանա այդ ամեն ինչը ճիշտ օգտագործել։ Այսինքն դա չվերածվի էժան գնով շաքարավազ ներմուծելու և քաղաքացիների վրա թանկ վաճառելու և դեպի Ռուսաստան ավելի շատ հանքանյութ արտահանելու։ Եթե ԵՏՄ-ն չվերածեն դրան, ինչի նախանշանները արդեն կան, իրականում օգտագործեն այն ռեսուրսը, որ մենք ունենք, Հայաստանը կարողանա դառնալ ԵՏՄ-ի գիտական կենտրոն, մենք շատ-շատ կշահենք»,- կարծիք հայտնեց Գորգիսյանը։