Մատչելիության հղումներ

Հայաստանը տարին կավարտի ՀՆԱ-ի աճի դանդաղմամբ. ԱՄՀ


Հայաստանը տարին կավարտի ՀՆԱ-ի աճի դանդաղմամբ. ԱՄՀ
please wait

No media source currently available

0:00 0:03:14 0:00

2014 թվականը Հայաստանը կավարտի համախառն ներքին արդյունքի աճի դանդաղմամբ՝ մինչև 2.6 տոկոս։

Այնուհետև 2015-ին չափավոր աճ տեղի կունենա՝ մինչև 3.3 տոկոս, հաղորդում է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան ներկայացուցչությունը։ Ընդ որում ուղիղ մեկ ամիս առաջ ԱՄՀ-ն ՀՆԱ-ի աճի տեմպերը գնահատում էր մինչև 3.5 տոկոս։

Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Տերեսա Դաբան Սանչեսի խոսքով՝ դրամի արժեզրկումը պայմանավորված է բազմաթիվ գործոններով, բայց մեր տարածաշրջանի վրա ազդող գլխավոր գործոնը Ռուսաստանի տնտեսության ներկայիս վիճակն է։

«Խնդիրն է այն, որ իրավիճակը հիմա շատ բարդ է, պետք է անկեղծ լինենք։ Բարդությունները գալիս են Ռուսաստանից։ Ամռանը Ռուսաստանի Կենտրոնական բանկը ֆինանսական շուկայում ինտերվենցիաներ էր անում՝ ամեն օր բաց թողնելով հարյուր միլիոնավոր դոլարներ, իսկ այժմ արդեն դադարեցրել են այդ քաղաքականությունը։ Այժմ այնտեղ փոխարժեքի լողացող ռեժիմ է սահմանված»,- ասաց Դաբան Սանչեսը։

Ըստ Տերեսա Դաբան Սանչեսի՝ առևտրային բանկերն ու Կենտրոնական բանկը պետք է կարողանան վերահսկելի պահել արժույթի շուկայի զարգացումները, հատկապես որ, ըստ նրա, Հայաստանի ԿԲ-ն բավարար դոլարային պահուստներ ունի՝ նման իրավիճակները իր վերահսկողության տակ պահելու համար։ Իսկ գնաճը Հայաստանում պետք է որ պահպանվի Կենտրոնական բանկի նպատակադրած ստորին՝ 4 տոկոսի սահմաններում։

«Հնարավոր է, որ անհրաժեշտություն առաջանա իրականացնել նոր սոցիալական ծրագրեր գնաճի հանդեպ ավելի խոցելի խմբերին աջակցելու համար»,- ասաց ԱՄՀ-ի ներկայացուցիչը։

Դաբան Սանչեսի խոսքով, որպեսզի առաջիկա տարվա ընթացքում տարածաշրջանում սպասվող տնտեսական խնդիրները լուրջ վնասներ չհասցնեն Հայաստանի տնտեսությանը, անհրաժեշտ է, որ երկիրը տնտեսական աճ արձանագրի։ Իսկ դրա համար պետք են վճռական ու կառուցվածքային բարեփոխումներ։ Դրամի արժեզրկումը հաղթահարելու համար, ԱՄՀ ներկայացուցչի կարծիքով, պետք են գործարար միջավայրի բարեփոխումներ, հավասար մրցակցային պայմաններ բոլորի համար։

«Այս բարդ իրավիճակում շատ կարևոր է, որ իշխանությունները կարողանան պահպանել կայունությունն ու ապահովել տնտեսական աճ։ Պետք է գլխավոր նպատակը լինի այն, որ այդ տնտեսական աճը հնարավորինս բարձր լինի։ Կարևոր է ոչ միայն այս իրավիճակը կառավարելը, այլև բարեփոփումներ կատարելը»,- նշեց նա։

Դրամի արժեզրկման պատճառով գները աճում են, բայց աշխարհում նավթի գնի անկման շնորհիվ էլ որոշ ապրանքներ Հայաստանում պե՛տք է էժանան, ասում է Դաբան Սանչեսը։

«Միջազգային շուկայում շատ ապրանքներ էժանանում են։ Պետք է այնպես անել, որ գների իջեցումն արտահայտվի նաև Հայաստանի տնտեսությունում։ Օրինակ, նավթի գնի անկման հետ պիտի դիզվառելիքի գինն էլ իջնի Հայաստանում։ Սա չափազանց կարևոր է, և իշխանությունները ունեն գործիքներ գներին հետևելու, շատ ապրանքներ սպառողին պետք է հասնեն ավելի էժան գներով»։

Հարցին, թե առաջիկայում ռուբլին ու դրամը դեռ որքա՞ն կարժեզրկվեն, Դաբան Սանչեսը դժվարանում է և չի ցանկանում պատասխանել.ասում է, որ այժմ պետք է կենտրոնանալ ոչ թե թվերի, այլ պետության քաղաքականության վրա, որպեսզի Կառավարությունը փորձի անցումային այս իրավիճակից դուրս գալ սահուն եղանակով՝ խուսափելով տնտեսական ցնցումներից։

XS
SM
MD
LG