Աֆղանստանում անվտանգության և ներազգային համերաշխության հաստատման ուղղությամբ գործադրվող միջազգային հավաքական ջանքերին օժանդակությունը շարունակելու Հայաստանի հանձնառությունն է վերահաստատել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։
Երեկ Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ելույթ ունենալով Աֆղանստանում անվտանգության ապահովման «Վճռական աջակցություն» առաքելության մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը՝ նվիրված առաքելության մեկնարկին, Նալբանդյանը, մասնավորապես, ասել է. - «Ուելսի գագաթաժողովում մենք ամփոփեցինք Աֆղանստանի անվտանգության աջակցության ուժերի շրջանակներում իրականացված աշխատանքները, որոնց իր ներդրումն է բերել նաև Հայաստանը: Մի քանի շաբաթից Աֆղանստանի անվտանգության աջակցության ուժերի գործողությունը կավարտվի, և կսկսվի մեր ներգրավվածությունը «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում»։
«Հայաստանը կիսում է Աֆղանստանը այնպես փոխակերպելու ընդհանուր տեսլականը, որ այն չհանդիսանա մշտական մտահոգության առարկա՝ իր հարևանների և այլ երկրների համար, այլ դառնա դրական շարժիչ ուժ՝ ողջ տարածաշրջանի համար։ Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը` շարունակելու աշխատանքներն այդ ուղղությամբ», - հայտարարել է արտգործնախարարը։
Նալբանդյանը նաև շնորհավորել է Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիին և գործադիր իշխանության ղեկավար Աբդուլա Աբդուլային՝ ընտրական գործընթացի ավարտի, պաշտոնների ստանձնման, ազգային համաձայնության կառավարության ձևավորման կապակցությամբ:
Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Աֆղանստանում տիրող իրավիճակին և միջազգային հանրության անելիքներին նվիրված հանդիպմանը մասնակցում էին Աֆղանստանի նախագահը և գործադիր իշխանության ղեկավարը, ՆԱՏՕ-ի անդամ և «Վճռական աջակցություն» առաքելության մասնակից շուրջ չորս տասնյակ երկրների ԱԳ նախարարներ: