Մատչելիության հղումներ

Մանկապարտեզում զանգվածային թունավորման դեպքից հետո ՍԱՊԾ-ն ստուգումներ է սկսել


Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (ՍԱՊԾ) Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում անցած շաբաթ արձանագրված զանգվածային թունավորումներից հետո ստուգումներ է անցկացնում։

Հիշեցնենք, նոյեմբերի 29-ին, Եղվարդի մանկապարտեզ հաճախող ավելի քան 50 երեխաներ թունավորման պատճառով տեղափոխվել էին տարբեր բուժհաստատություններ։ Երեխաներից շատերի ինքնազգացողությունը վատացել էր հենց մանկապարտեզում, մյուսներինը՝ տանը։

ՍՊԱԾ տարածած հաղորդագրության համաձայն՝ առկա սննդամթերքից լաբորատոր փորձաքննության են ենթարկվել կարագը, պանիրը, ձուն, թռչնամիսը, տոմատի մածուկը, խտացրած կաթը, տավարի միսը։

«Կարագի, պանրի, ձվի, հավի և տավարի մսի անվտանգության ցուցանիշներով անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել, իսկ տոմատի մածուկի և խտացված կաթի լաբորատոր փորձաքննությունները ընթացքի մեջ են»,- հայտնում է պաշտոնական աղբյուրը։

ՍԱՊԾ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ թունավորման նախորդ օրը մանկապարտեզի ճաշացանկում որպես ետճաշիկ տրվել է «Մուշ» ընկերության արտադրության նրբերշիկ, թեև առողջապահության նախարարի հրամանով նախադպրոցական ուսումնական հաստատություններում չի թույլատրվում օգտագործել երշիկեղեն:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի կողմից հանձնարարվել է «Մուշ» ընկերությունում իրականացնել ստուգում: ՍԱՊԾ-ի կողմից ուսումնասիրվել են նաև մանկապարտեզ սննդամթերք մատակարարող ընկերությունները:

«Պարզվել է, որ մատակարարները Եղվարդի թիվ 1 մանկապարտեզ մատակարարած նույն սննդից մատակարարել են նաև այլ մանկապարտեզներ։ Սակայն, Եղվարդի թիվ 1 մանկապարտեզից բացի, վերոնշյալ մանկապարտեզներում թունավորման դեպք չի արձանագրվել: Ընկերություններին տրվել է մանկապարտեզներ սննդամթերք մատակարարելու վերաբերյալ կասեցման կարգադրագրեր», - ասված է ծառայության հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG