Մատչելիության հղումներ

Չեմպիոնների լիգայի նոր մրցաշրջանին «Բորուսիան» հավանաբար չի մասնակցի


Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» կազմում գոլի հեղինակ դառնալուց հետո, արխիվ
Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» կազմում գոլի հեղինակ դառնալուց հետո, արխիվ

Գերմանիայի առաջնության 13-րդ տուրից հետո «Բորուսիան» 11 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը՝ զբաղեցնելով վերջին՝ 18-րդ հորիզոնականը:

Գերմանական «Բորուսիան», որտեղ հանդես է գալիս Հայաստանի ֆուտբոլի հավաքականի անդամ Հենրիխ Մխիթարյանը, գրեթե կորցրել է Չեմպիոնների լիգայի նոր մրցաշրջանում հանդես գալու հնարավորությունները:

Գերմանիայի առաջնության 13-րդ տուրից հետո Դորտմունդի «Բորուսիան» 11 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը՝ զբաղեցնելով վերջին՝ 18-րդ հորիզոնականը: Առաջին տեղում Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած Մյունխենի «Բավարիան» է՝ 33 միավորով։

Ընթացիկ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Բորուսիան» 12 միավորով գլխավորում է քառյակը։ Թիմը բոլոր հանդիպումներում հաղթանակներ է տոնել, բացի նոյեմբերի 26-ին Լոնդոնի «Արսենալի» հետ հանդիպումից (2։0)։ Հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում հանդես գալու համար դորտմունդցիները կամ պետք է հաղթեն Չեմպիոնների լիգայի գավաթը, կամ Գերմանիայի առաջնությունում զբաղեցնեն առաջին 4 հորիզոնականներից մեկը:

Սակայն «Բորուսիան» շարունակում է պարտությունների շղթան Գերմանիայի առաջնությունում։ Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ մրցավեճում հյուրի կարգավիճակում դորտմունդցիները զիջեցին մրցակցին 2։0 հաշվով:

Բունդեսլիգայում կրած 8-րդ պարտությունը Հենրիխ Մխիթարյանին և իր թիմակիցներին իջեցրեց վերջին հորիզոնական։

Հանդիպումից հետո «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ակումբի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում մեկնաբանել է հերթական պարտությունը:

«Մենք համարձակ չենք որոշ դրվագներում։ Հանդիպումը միշտ լավ ենք սկսում, այնուհետև կորցնում ենք մեծ հնարավորություններ, մինչդեռ հակառակորդը գրեթե միշտ գոլ է խփում իրենց առաջին իսկ հնարավորության դեպքում», - ասել է Կլոպը:

Sky sports-ի հետ զրույցում «Բորուսիայի» մարզիչը նշել է, որ մտադիր չէ լքել ակումբը. - «Ես հասկանում եմ, որ լրագրողներն ունեն նման մտքեր, բայց այդպիսի բան չկա։ Ես իմ վրա եմ վերցնում պատասխանատվությունը։ Չեմ կանգնի հեռացման որոշման ճանապարհին, սակայն, քանի դեռ որևէ մեկը չի ասել ինձ, որ «մենք գտել ենք մեկին, ով ավելի լավ կարող է ղեկավարել թիմը», ես չեմ հեռանա։ Չեմ կարող մի կողմ քաշվել, քանի դեռ չկա ավելի լավ լուծում»։

Հաջորդ հանդիպումը «Բորուսիան» կանցկացնի ուրբաթ՝ սեփական հարկի տակ ընդունելով աղյուսակի 7-րդ հորիզոնականը զբաղեցնող «Հոֆենհայմին»:

Անի Մեջլումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG