Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արմավիր մարզ, որտեղ Հայաստանում ԱՄՆ դեսպանի, ԵԱՀԿ գրասենյակի ու միջազգային մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ծանոթացել է նորակառույց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պայմաններին:
Պատասխանատուների հավաստմամբ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի առաջին մասնաշենքի շահագործումը թույլ կտա թեթևացնել քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության խնդիրը՝ գերբեռնված հիմնարկներից 400 դատապարտյալ տեղափոխելով Արմավիր:
Նախատեսվում է հիմնարկն ամբողջությամբ շահագործման հանձնել երկու փուլով: Առաջին փուլով ներկայումս շահագործմանն են հանձնվում հիմնարկի վարչական, կարանտինային, հիվանդանոցային մասերը և 400 դատապարտյալի համար նախատեսված բնակելի հատվածը:
Երկրորդ փուլում՝ մինչև 2015 թվականի վերջ, շահագործման կհանձնվի ևս 800 դատապարտյալի համար նախատեսված երկու մասնաշենքերից բաղկացած բնակելի հատվածը:
Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ Արմավիրից Սարգսյանը մեկնել է Արագածոտնի մարզ, որտեղ «Արմենիա վայն» ընկերության գործարանում նրա ներկայությամբ տեղի է ունեցել «Արմենիա» հայկական շամպայնի առաջին շշալցման արարողությունը: