Մատչելիության հղումներ

Շրջանառության մասին օրենքում կատարված փոփոխությունը «թակարդի է նմանվում»


Շրջանառության մասին օրենքում կատարված փոփոխությունը «թակարդի է նմանվում»
please wait

No media source currently available

0:00 0:04:19 0:00

Շրջանառության մասին օրենքում կատարված փոփոխությունը «թակարդի է նմանվում»

Փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները շարունակում են դժգոհել վիճահարույց օրենքից:

Փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները և ոլորտի շահերը ներկայացնող հասարակական կազմակերպություններն այսօր քննարկել են Շրջանառության հարկի մասին վիճահարույց օրենքի դաշտում ստեղծված իրավիճակը:

Քննարկումը նախաձեռնած «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավար Հակոբ Ավագյանը ներկայացրեց իրենց հավաքի նպատակը՝ մինչև Կառավարության նախանշած վերջնաժամկետը ընդհանուր հայտարարի գալն ու իրենց առաջարկները ներկայացնելն է։

Հիշեցնենք՝ առևտրականների և փոքր ու միջին գործարարների բողոքի ցույցերից հետո Կառավարությունը այս տարվա հոկտեմբերի 1-ից մինչև 2015 թվականի փետրվարի 1-ը հետաձգեց «Շրջանառության հարկի մասին» օրենքով նախատեսված գույքագրման պահանջը: Օրենքը, մասնավորապես, սահմանում է՝ մինչև 58.3 միլիոն դրամ տարեկան շրջանառություն ունեցող գործարարները 3․5 տոկոս շրջանառության հարկի փոխարեն կվճարեն միայն 1 տոկոս, սակայն պարտավոր են ներկայացնել ապրանքի փաստաթղթերը, հակառակ դեպքում՝ կարող են զգուշացվել և տուգանվել:

«Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող Սամսոն Գրիգորյանը ասում է կարծեցյալ բարեփոխումը թակարդի է նմանվում:

«Գիտե՞ք այդ մեկ տոկոսը ինչի է նման՝ պանրի է նման թակարդում դրված, որ դու վազես այդ պանրի վրա ու բռնվես: Ժողովրդի քթից հանելու են այդ մեկ տոկոսը», - ասում է նա:

Ըստ Սամսոն Գրիգորյանի՝ վարչապետը խոստացել էր, որ կլուծի իրենց հիմնական խնդիրը՝ այն, որ խոշոր ներկրողները չեն տրամադրում անհրաժեշտ փաստաթղթերը: Վարչապետի խոստումից անցել է 2 ամիս, սակայն արդյունքներ չկան:

«Այսօրվա դրությամբ երկրում էլի փաստաթղթաշրջանառություն գոյություն չունի: Դա կախված է միմիայն քաղաքական որոշում կայացնելուց, որովհետև այսօր փաստաթուղթ տվողը մեծ ներկրողն է, որը ամբողջությամբ գտնվում է կառավարության հետ նույն ապարատում», - ասում է նա:

Պարտադիր փաստաթղթավորման հարցը միակ խնդիրը չէ: Կարևորագույն հարցերից է Կառավարության սահմանած 58.3 միլիոն տարեկան շրջանառության շեմը: Միայն այդ շեմից պակաս շրջանառություն ունեցողներն են 3.5 տոկոս շրջանառության հարկ տալիս, միկրո բիզնեսին է այդ շրջանառությունը բնորոշ, ոչ թե փոքր ու միջինին նկատեցին քննարկման մասնակիցները:

«Ո՞րն է այն մեխը, որը Դամոկլյան սրի նման կախված է ձեր բոլորի գլխին՝ շեմը: Եթե մենք կարողանանք գալ մի ընդհանուր հայտարարի, որ եթե իշխանության օգնությամբ մենք կարողանանք ստիպել մեծ բիզնեսին փաստաթղթավորելու ողջ ապրանքաշարը, մեր շեմն էլ բարձրացնեն, որ մենք անհանգիստ չլինենք, որ հուլիսի վերջին կամ սեպտեմբերին 58 միլիոնի տակից դուրս կթռնենք և կդառնանք ավելացված արժեքի հարկ վճարող, այդ ժամանակ դուք չեք բողոքի», - կարծիք հայտնեց «Վաճառակաների միության» նախագահ Ցոլվարդ Գևորգյանը:

Քննարկումների արդյունքում պարզվեց՝ ցանկալի շեմը տատանվում է տարեկան 130- 150 միլիոն շրջանում: 2009 թվականին, երբ այդ շեմը սահմանվել է՝ ո՛չ գազն էր թանկ, ո՛չ էլեկտրաէներգիան, ո՛չ էլ գներն էին այս մակարդակին ասաց քննարկման մասնակիցներից մեկը:

Երկրորդ հարցը կոռուպցիոն ռիսկերն են: Դրանք ավելանում են, պնդում է Սամսոն Գրիգորյանը:

«Այս օրենքը կբերի շատ մեծ կոռուպցիոն ռիսկեր, որովհետև արդեն հարկային տեսուչը իրեն իրավունք է վերապահում տարին 365 օր՝ ցանկացած պահի, մտնել և ստուգում իրականացնել խանութում: Իսկ մենք գիտենք՝ որքան շատ ստուգումներ, այնքան ավելի բիզնեսի համար վատ», - ասում է նա:

Քննարկումները կշարունակվեն, հասարակական կազմակերպությունները կփորձեն մինչև փետրվարի մեկը Կառավարությանը ներկայացնել իրենց առաջարկները օրինագծի տեսքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG