Միացյալ Նահանգները պատրաստակամ է Հայաստանի գործընկերը լինել բոլոր այն ոլորտներում, որտեղ Երևանը քաղաքական կամք կդրսևորի գործընկեր լինելու, այսօր Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում փակ քննարկում ունենալուց հետո «Ազատությանը» փոխանցեց Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը։
Խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում՝ ԵՏՄ հիմնադիր պայմանագրին Հայաստանի անդամակցության հարցը քննարկելուց հետո, հանձնաժողովի անդամները փակ հանդիպում ունեցան Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի հետ:
Դեսպանի խոսքով՝ սա իր երկրորդ այցն էր Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով: Նա ասաց, որ հանձնաժողովը այսպիսի հանդիպումներ է կազմակերպում [Հայաստանում հավատարմագրված] տարբեր դեսպանների հետ, ու ինքը, հավանաբար, տասներորդ դեսպանն է, որ այցելել է հանձնաժողով:
Հարցին, թե հանդիպմանը ի՞նչ թեմաներ են քննարկվել, Ջոն Հեֆերնը պատասխանեց. - «Սովորական խորհրդակցություն էր։ Կարծում եմ՝ դեսպանների համար լավ հնարավորություն է հանդիպել խորհրդարանականների հետ: Քանի որ հանդիպումը Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում էր, քննարկման թեման, իհարկե, արտաքին քաղաքականությունն էր և տարածաշրջանային հարցերը։ Ներքին հարցերը չենք քննարկել»։
Հեֆերնը տեղեկացրեց, որ այսօրվա առանցքային թեմաներից մեկը ԵՏՄ-ին Հայաստանի առաջիկա անդամակցության հարցն էր:
«Իմ տեսակետը նույն է, ինչպես բազմիցս ասել եմ, Հայաստանը ինքնիշխան պետություն է, ինքն է ընտրում՝ ինչ կազմակերպությունների պետք է անդամակցի: Միացյալ Նահանգները ցանկանում է Հայաստանի գործընկերը լինել բոլոր ոլորտներում՝ տնտեսական, դիվանագիտական, քաղաքական և անվտանգության: Մենք ցանկանում են գործընկեր լինել այն ոլորտներում, որտեղ Հայաստանը քաղաքական կամք կդրսևորի համագործակցելու մեզ հետ», - ասաց Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանը։
Հարցին, թե արդյոք ռուս-ամերիկյան ներկայիս բարդ հարաբերությունները կարո՞ղ են ազդել ԱՄՆ-ի և Հայաստանի հարաբերությունների վրա, հատկապես այն բանից հետո, երբ Հայաստանը կդառնա ԵՏՄ-ի անդամ, Հեֆերնը պատասխանեց. - «Ակնհայտ է, որ ռուս-ամերիկյան հարաբերություններում մենք լուրջ խնդիրներ ունենք, մասնավորապես, Ուկրաինայի հարցը: Ես Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանը չեմ, ուստի կփորձեմ ուշադրությունս կենտրոնացնել միայն Հայաստանին վերաբերող հարցերին»:
«Հայաստանի մեր գործընկերների հետ շատ ենք խոսում տարածաշրջանային հարցերի մասին, խոսում ենք Ղրիմի, Ուկրաինայի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման մասին։ Ցանկանում ենք աշխատել հայաստանցի մեր գործընկերների հետ անգամ բարդ հարցերի շուրջ, ինչպիսիք են տարածաշրջանային, Լեռնային Ղարաբաղի, Թուրքիայի [հետ հարաբերությունների] հարցերը, տեղեկացնում ենք Իրանի հետ մեր բանակցություններից և ցանկանում ենք աշխատել [մեր հայաստանցի գործընկերների հետ] անգամ Ռուսաստանի և Ուկրաինայի նման բարդ հարցերի շուրջ»,- ասաց Հեֆերնը։