Մատչելիության հղումներ

Ակտիվիստը կարծում է՝ հարձակման ու հրկիզումների նպատակը հանրությանը վախեցնելն է


Ակտիվիստը կարծում է՝ հարձակման ու հրկիզումների նպատակը հանրությանը վախեցնելն է
please wait

No media source currently available

0:00 0:05:13 0:00

Հինգշաբթի երեկոյան Երևանի կենտրոնում հարձակման ենթարկված Գևորգ Սաֆարյանը կեսօրին դուրս է գրվել հիվանդանոցից՝ ուղեղի ցնցում ախտորոշմամբ: «Նախախորհրդարան»-ի ակտիվիստի գլխին երեք կար է դրվել:

«Ազատության» հետ զրույցում նա պատմեց, որ միջադեպը տեղի ունեցել ժամը 18-ի սահմաններում՝ Խանջյան և Թումանյան փողոցների խաչմերուկի կանգառում, ուր հասել էր «Նախախորհրդարան»-ի գրասենյակից՝ քայլելով։

«Հետևիցս, ամենայն հավանականությամբ, բութ գործիքով գլխիս հարված եմ ստացել, ընկել եմ գետին, կիսաուշաթափ վիճակում, մի քանի հարվածներ էլ էնտեղ եմ ստացել, հետո ես հիշում եմ, որ նորից հայտնվել եմ Նախախորհրդարանի շենքում։ Ոնց եմ եկել, բերել են, թե եկել եմ, չեմ հիշում, ինչից հետո «Շտապ օգնության» մեքենայով տեղափոխել են հիվանդանոց»,- պատմեց Սաֆարյանը։

Դեպքի վայրում մեր տեսախցիկն արձանագրել է արյան հետքերը: Միջադեպից ժամեր առաջ Գևորգ Սաֆարյանը մասնակցում էր ոստիկանության առջև կազմակերպված բացօթյա ասուլիսին՝ վերջին օրերին հրկիզված յոթ ավտոմեքենաների թեմայով. կարծում է՝ այնտեղից էլ հենց հետևել են իրեն։

«Սա միանշանակ քաղաքական ակտ էր ուղղված թե իմ, թե «Նախախորհրդարան» դեմ, և իհարկե, կապ ունի մեքենաները հրկիզելու հետ։ Հարձակումների պատճառը հանրությանը վախեցնելն է, որ «եթե դուք միանաք Նախախորհրդարանին, կլինի նույնը»։ Այսինքն՝ վախի մթնոլորտ, ռեժիմի ձեռագիրն է, միշտ էլ այսպես են վարվել»,- ակտիվիստը։

«Նախախորհրդարան»-ը պնդում է, որ տեղի է ունեցել մահափորձ՝ այս հարձակումը կապելով իրենց նախաձեռնած «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման հետ:

Ոստիկանությունն առայժմ ուսումնասիրում է նյութերը, քրեական գործ դեռ չի հարուցվել: Սաֆարյանը հիվանդանոցում ցուցմունք է տվել, սակայն համոզված է՝ հանցագործությունը չի բացահայտվելու.- «Դրա արդյունքը կլինի զրո, որովհետև պարզ է, թե ովքեր են նման հանցագործություններ կատարողները կամ նրանց հետևում ովքեր են կանգնած։ Մեր երկրում ոստիկանությունը նման իշխանություն չունի, որ ռեժիմի դեմ գնա։ Ոստիկանությունը փաստացի ռեժիմի մի մասն է։ Ուղղակի կանցկացվի հետաքննություն, ոչ մեկին չեն գտնի կամ ինչ-որ մի հիմարի կգտնեն ինչ-որ մի տեղ։ Ինչպես միշտ»։

Ինչ վերաբերում է «Նախախորհրդարան»-ի վեց անդամների և քաղաքացիական ակտիվիստ Կարեն Հարությունյանի հրկիզված ավտոմեքենաներին, ապա Քննչական կոմիտեն մեքենաները դիտավորությամբ, հրկիզման եղանակով այրելու դեպքերի առթիվ առայժմ հինգ քրեական գործ է հարուցել։ Մեքենաների տերերը ճանաչվել են տուժող։ Գործերը հարուցվել են Քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը զգալի չափերի վնաս է պատճառել: Այս հանցանքը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով: Եվս մեկ քրեական գործ էլ հարուցվել է Կարո Եղնուկյանի մեքենայի հրկիզման փորձի առթիվ:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն ասում է՝ եթե այս գործերն անհապաղ չբացահայտվեն, մեկ առ մեկ չտրվեն հանցագործների անունները, կհաստատվի ոստիկանության առնչությունը։

«Ամոթ է, որ մենք ունենք այդպիսի ոստիկանություն։ Սա ոստիկանության դեմքն է, և Սերժ Սարգսյանը, վարչապետը լուրջ պետք է մտածեն՝ կա՞ Հայաստանում ոստիկանություն, թե՝ ոչ։ Այս անպատժելիությունը ինչքա՞ն կարող է ձգվել»,- ասաց իրավապաշտպանը։

Ժաննա Ալեքսանյանը համոզված է՝ սա ընդդիմադիրների դեմ մեկ կենտրոնից կազմակերպված հանցագործություն է։ Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը շարունակում է՝ հետևողականորեն պլանավորված աննախադեպ ահաբեկչություն է։

«Մի վարկածը, որ սա պետական ահաբեկչություն է, այսինքն իշխանության կողմից հրահանգված և իրենց քրեական տարրերի կողմից կատարված հանցագործություն, մյուս վարկածը, որ իշխանամերձ շրջանակներից ինչ-որ մեկի կողմից կազմակերպված հանցագործություն է, առանց իշխանությունների հետ համաձայնեցնելու»,- ասաց Իշխանյանը։

Երկու դեպքում էլ, Իշխանյանի համոզմամբ, հաստատ չեն բացահայտվելու կազմակերպիչները, գուցե միայն մեկ-երկու կատարողներ կանգնեն դատարանի առջև: Մինչդեռ կծիկը քանդելը շատ հեշտ է, թեկուզ ողջ քաղաքը հսկող տեսախցիկների միջոցով: Իրավապաշտպանը հիշեցնում է՝ Վլադիմիր Գասպարյանի հավաստիացումները, թե իրենց համար արտոնյալներ չկան.- «Սա փորձաքար է ոստիկանության համար, թող ոստիկանությունը ապացուցի, որ պրոֆեսիոնալ է աշխատում, և Հայաստանում անպատժելիներ չկան»։

Վերջին տարիներին Ժաննա Ալեքսանյանն ոստիկանությունից միայն չբացահայտված գործերի և բռնության մասին լուրեր է ստանում, նոր որակի ոստիկանության մասին Վլադիմիր Գասպարյանի ճառերի ֆոնին երկու օր առաջ հայտնի դարձավ՝ Վանաձորի ոստիկանական բաժանմունքում 24-ամյա կինը բռնության և ճնշումների էր ենթարկվել։

«Ո՞ւր են այդ բարեփոխումները, որտե՞ղ տեսնենք դրանք»,- հարցնում է Ալեքսանյանը.- «Վովա Գասպարյանը կարծում է, թե ինքը անպատժելի է և ինչ ուզենա, կարող է անել։ Ո՞վ կարող է իր դեմ խոսել... այս հոգեբանությունն է գործում նրա մոտ։ Նա չի կարող հայացքը ուղղել օրենքին և առաջնորդվել օրենքով»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG