Անցած երեքշաբթի օրը Ջեք Հաջինյանը պաշտոնապես ստանձնել է ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Մոնտեբելո քաղաքի քաղաքապետի պարտականությունները՝ դառնալով այդ պաշտոնում ընտրված առաջին ամերիկահայը: Այդ մասին տեղեկացնում է Լոս Անջելեսի «Ասպարեզ» պարբերականը՝ վկայակոչելով Whittier Daily News-ի հաղորդագրությունը:
Քաղաքային խորհրդի նիստը տեղի է ունեցել տեղի Սուրբ Խաչ հայկական եկեղեցու Բաղրամյան սրահում, այն բացվել է Հայ Առաքելական եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ԱՄՆ-ի Արևմտյան թեմի առաջնորդ Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի աղոթքով:
Ջեք Հաջինյանը ծնունդով Մոնտեբելոյից է, քաղաքային խորհրդի անդամ է ընտրվել 2011 թվականին, քաղաքապետի պաշտոնում փոխարինում է Բիլ Մոլինարիին: