Երեկ երեկոյան Իտալիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռով Լիբանան է մեկնել և արդեն տեղակայման վայր է ժամանել հայ խաղաղապահների 32-հոգանոց ստորաբաժանումը:
Ինչպես նշված է Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում, հայկական խաղաղապահ ստորաբաժանումն իտալական զորախմբի կազմում մասնակցելու է ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող «Լիբանանում Միացյալ Ազգերի Կազմակերպության ժամանակավոր ուժեր» (ՅՈւՆԻՖԻԼ) առաքելությանը և իրականացնելու է ՄԱԿ-ի զինավանի անվտանգության ապահովում:
Հայկական խաղաղապահ ստորաբաժանման Լիբանան ճանապարհման արարողությանը մասնակցել են Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջիովաննի Ռիչուլին:
Հայ խաղաղապահները 2004 թվականից ընդգրկված են միջազգային խաղաղապահ առաքելություններում և ներկայումս առաքելություն են իրականացնում ևս երկու երկրում` Աֆղանստանում և Կոսովոյում: