Շուտով հնարավոր կլինի հայկական կայքերը գրանցել ոչ միայն .am, այլ նաև հայատառ .հայ տիրույթում։
ICANN միջազգային կազմակերպությունն արդեն հաստատել է հայատառ դոմենը և տեխնիկական որոշ գործընթացներից հետո այն կգործարկվի։
«Ինտերնետ հանրություն» կազմակերպությունն .am դոմենը դեռ 1994-ին էր գրանցել։
Ընկերությանն անդամներն ասում են, որ ժամանակն էր ինտերնետում հայկական և հայատառ տիրույթ ունենալ։ Կազմակերպության խորհրդի անդամ Սիրանուշ Վարդանյանն ասում է՝ սա բավական խիզախ քայլ էր։
«Երկու տարի առաջ, երբ մենք խոսում էին սրա մասին, ասվում էր, որ մենք դեռ պատրաստ չենք։ Այսօր մենք խոսում ենք այն մասին, որ արդեն ուշացել ենք։ Եվ եթե այսօր մենք այս քայլին չդիմենք, մեր ինտերնետի զարգացումը շատ թերի կգնա», - ասում է նա:
Ըստ մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանի, այն մտավախությունը, թե .հայ-ը կարող է անհարմար լինել հայերեն չհասկացողների համար և անուշադրության մատնվել, արդարացված չէ, քանի որ կարելի է ունենալ և՛ հայատառ, և՛ լատինատառ դոմենով կայքեր։ Այս դեպքում հայերենը ոչ միայն չի խանգարի, այլև թույլ կտա խուսափել թյուրիմացություններից։
«Իրականում սա ոչ թե սիմվոլիկ նշանակություն ունի, այլ նաև պրակտիկ։ Պրիմիտիվ օրինակ բերեմ, ենթադրենք՝ «Ծիծեռափայլ» ամսագիր է բացվում։ Չգիտեմ ինչի մասին կլինի, բայց կարևորն այն է, որ կա երկու հատ ծ, որը տարբեր մարդիկ տարբեր ձևով են գրում լատինատառ, և յ-ն էլի մի տեղ y-ով են գրում մի տեղ i-ով», - մեկնաբանում է փորձագետը:
Շուրջ 35 երկիր, այդ թվում՝ հարևան Վրաստանը, ինտերնետում ունեն իրենց լեզվական տիրույթները։ «Ինտերնետ հանրություն» կազմակերպության նախագահի տեղակալ Գրիգոր Սաղյանի խոսքով, առաջինը ազգային լեզվով դոմեն Չինաստանն է գրանցել, և եթե Չինաստանի դեպքում նպատակը մեկուսանալն էր, ապա Հայաստանի դեպքում հակառակը կլինի։
«.հայ դոմենը անպայմանորեն կնպաստի լեզվի զարգացմանը։ Միգուցե սա լինի Հայաստանը և Սփյուռքը միավորող մի գործիք, ազդեցիկ։ Միգուցե լինի մշակույթի զարգացմանը խթանող մի գործիք», - ասում է նա:
Հայատառ դոմենի առաջարկների թվում .հհ-ն էլ է եղել, բայց հանրային քննարկումների արդյունքում .հայ-ն է ընտրվել որպես Սփյուռքին ավելի հարմար տարբերակ։ .հայ տիրույթում գրանցվելու համար վճարումներ դեռ չեն արվել։ Ակնկալվում է, որ նոր, հայատառ դոմենը ամբողջությամբ կգործարկվի 3-6 ամսվա ընթացքում։ .am տիրույթում այսօր գրանցված է 22.000-ից ավել կայք։ «Ինտերնետ հանրություն» կազմակերպության ներկայացուցիչները հույս ունեն, որ .հայ-ի դեպքում այս թիվն ավելի մեծ կլինի։