Մատչելիության հղումներ

Թուրքիայի քաղաքացիները հորդորում են հայացքը հառել դեպի ապագան


Թուրքիայի քաղաքացիները հորդորում են հայացքը հառել դեպի ապագան
please wait

No media source currently available

0:00 0:04:22 0:00

Թուրքերը հայերի ու Հայոց ցեղասպանության մասին

Թեև վերջին շրջանում Թուրքիայում սկսել են ավելի ազատ խոսել Հայոց ցեղասպանության մասին, այդուհանդերձ կատարվածի վերաբերյալ դեռևս դպրոցական դասագրքերից մատուցվող պաշտոնական տեսակետից մեջբերումները գերակշռում են։

Ֆեթիե քաղաքում հանդիպեցինք դպրոցականների, հարց ու փորձ արեցինք, թե ի՞նչ գիտեն հայերի մասին, ի՞նչ են սովորել պատմության դասին։ Երեխաներից մեկը նախ ասաց, որ հայերի մասին չի լսել, պատմության դասերը լավ չի սովորում, բայց հիշեց, որ պատմության տետրում ինչ-որ բան տեսել է։

«Մեկ րոպե սպասեք», - ասաց, չզլացավ, բացեց պայուսակն ու հանեց տետրը. հայերի մասին մի փոքրիկ հիշատակում կար՝ Օսմանյան կայսրության արևելքում հայերը փորձում էին հայկական պետություն ստեղծել։

Ստամբուլից մինչև կենտրոնական Անատոլիա մեզ հանդիպած շարքային թուրքերը գրեթե միաբերան ժխտում էին ցեղասպանության փաստը՝ թողնելով այդ հարցը պատմաբաններին, ինչպես այսօր ընդունված է Թուրքիայի քաղաքական շրջանակներում։

«Մենք ընկեր ենք, եղբայր ենք, մի ընտանիք ենք, երանի մեր առաջնորդները մի կողմ դնեին քաղաքական հարցերն ու թույլ տային մեզ ապրել որպես եղբայրներ», - Իզմիրի փողոցներից մեկում այսպես արձագանքեց մեր հարցմանը թեյավաճառ Բերքենտը, երբ իմացավ, որ Հայաստանից ենք։

«Եթե մեզ մնար, մենք և՛ սահմանները կբացեինք, և՛ համերաշխ կլինեինք միմյանց հետ։ Բայց այդ ամենը քաղաքական գործիչների ձեռքում է. Էրդողանը սա ասաց, մեկ ուրիշը այլ բան ասաց, և դա է պատճառը, որ հայ-թուրքական հարաբերությունները չեն կարգավորվում։ Այ, եթե ժողովուրդները զբաղվեին դրանով, հարցը կկարգավորվեր։ Մենք կմոռանայինք անցյալն ու միասին առաջ կգնայինք», - ասաց Բերքենտը։

«Հնարավորության դեպքում մեծ հաճույքով հայերեն կսովորեի», - անկեղծացավ նա, սակայն հաջորդ պահին, երբ խոսք եղավ ցեղասպանության մասին, Բերքենտը մերժողական կեցվածք ընդունեց. - «Որպես թուրք, չեմ կարող դա ընդունել, քանի որ այդ սերնդից չեմ ու հաստատ չգիտեմ՝ ինչ է կատարվել։ Գիտեմ միայն, որ պատերազմ է եղել, մեկը մյուսին սպանել է։ Օրինակ, նույն քրդական հարցը, քրդերն էլ տարբեր թվեր են ասում, կոտորած է դա, թե գենոցիդ, չեմ կարող ասել»։

Իզմիրից դեպի Դենիզլի ուղևորվելիս հանդիպեցինք Մուրադ անունով մի երիտասարդի, ասաց, որ հայերի մասին շատ բան չգիտի, միայն տեղյակ է, որ իրենց հարևաններն են, բացի այդ, Թուրքիայում կան հայկական ծագում ունեցողներ ու գիտի նաև, որ Ստամբուլում հայերի ռեստորաններ կան։

«Լսել եմ, որ պատմության ընթացքում որոշ խնդիրներ են եղել, սակայն ես պատմաբան չեմ ու չեմ կարող մեկնաբանություններ անել։ Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, ապա աշխարհը փոխվում է։ Հավատում եմ, կգա ժամանակ, երբ ավելի լավ կլինի։ Գիտեմ նաև, որ հայ-թուրքական հարաբերությունների հարցում լուրջ դերակատարում ունի նաև Ամերիկայի հայկական սփյուռքը», - ասաց Մուրադը։

Դենիզլիում հանդիպեցինք վարորդների, նրանցից մեկն ասաց, որ հայերը շատ լավ ու հյուրասեր մարդիկ են։ Օսման անունով վարորդն էլ հավելեց, որ հայերի ու թուրքերի միջև խնդիրներ առաջացել են 1915 թվականին։ Խնդրեցինք հստակեցնել՝ ինչի մասին է խոսքը։

«Ասում են՝ իբր մորթել են հայերին, սպանել են, կոտորած է եղել, բայց մենք գիտենք, որ նման բան չի եղել», - ասաց Օսմանը։

Ադանայում մեզ հանդիպած Բայրամը, ով ներկայացավ որպես ծագումով լազ, ամենածայրահեղականներից էր ցեղասպանության ժխտման հարցում։

«Հայաստանն ու հայերին չեմ սիրում, քանի որ նրանք կոտորածներ են իրականացրել ու այդ կոտորածների համար մեզ են մեղադրում ու մինչև օրս շարունակում են այդ կոտորածները։ Այդ ամենը գրված է պատմության դասագրքերում», - ասաց Բայրամը։

«Ընդամենը գիտեմ, որ մեր երկրից այն կողմ Հայաստանն է, ավելին չգիտեմ, ապրում ենք նույն աշխարհագրական տարածքում։ Մեր միջև որևէ հարց չի կարող լինել, ամեն ինչ խառնում են վերևներից», - իշխանություններին նկատի ունենալով՝ ասում է ադանացի Այհանը։

Նա նաև ասաց, որ լսել է Ադանայի ջարդերի մասին. - «Լսել եմ, որ եղել է նման բան, սակայն, տարբեր բաներ են ասում այդ մասին, որ մեկը մյուսին են մորթել։ Ինչևէ, պետք է մոռանալ այդ մասին, եթե մնանք անցյալում, չենք կարողանա առաջ շարժվել, յուրաքանչյուրը պետք է նայի իր ապագային։ Օրինակ ես, շատ ուրախացա, որ տեսա ձեզ այստեղ»։

Ցեղասպանության վերաբերյալ յուրովի մոտեցումներ ու կարծիքներ, իսկ հիմնականում իշխանությունների մերժողական տեսակետը որդեգրած Թուրքիայի քաղաքացիները հորդորում են շատ չկենտրոնանալ անցյալի վրա ու հայացքը հառել դեպի ապագան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG