Մատչելիության հղումներ

Զոհված օդաչուների աճյունները «Եռաբլուր»-ում հանձնվեցին հողին


«Հպարտ ենք, որ ունենք այսպիսի զինվորներ», - հայտարարում է Հայաստանի պաշտպանության նախարարը:

Քիչ առաջ «Եռաբլուր» զինվորական պանթեոում հողին հանձնվեցին նոյեմբերի 12-ին ադրբեջանական զինուժի կողմից խփված հայկական Մի-24 ուղղաթիռի անձնակազմի անդամների աճյունները։

Պանթեոնում էին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պետական, քաղաքական գործիչներ, զոհվածների հարազատներ, զինվորականներ։

«Եռաբլուր» պանթեոնում տեղի ունեցած հիշատակի միջոցառման ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասաց՝ հպարտ են, որ ունեն այսպիսի զինվորներ, ովքեր պահում են հայկական հողը և թույլ չեն տալիս, որպեսզի ադրբեջանական զինուժը մուտք գործի այնտեղ։

Նախարարը նաև հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից սադրանքների մի շղթա էր, որը սկսվել էր դեռ օգոստոսին, երբ անընդհատ սահմանային լարված իրավիճակներ էին ստեղծում նախ դիպուկահարները, հետո՝ դիվերսանտները, այժմ էլ հայկական ուղղաթիռ խփվեց։

Այնուհետև Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի անունից Ղարաբաղի Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը զոհվածների հարազատներին փոխանցեց Արիության մեդալները. Լեռնային Ղարաբաղի նախագահը օդաչուներին հետմահու պարգևատրել է անցած շաբաթ օրը։

Մայոր Սերգեյ Սահակյանը 38 տարեկան էր, ծնվել է Երևանում: Ամուսնացած էր, ուներ երեք որդի: Ծառայել է «Էրեբունի» ռազմական օդանավակայանում տեղակայված 15-րդ ուղղաթիռային բազայի թիվ 32822 զորամասում: Հայաստանի ռազմաօդային ուժերի սպա էր:

Մյուս երկու օդաչուներն ամուսնացած չէին։

Ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը 25 տարեկան էր, ծնվել է Երևանում։

Լեյտենանտ Ազատ Սահակյանը 22 տարեկան էր, ծնվել է Երևանում, բնակվել՝ Չարենցավանում, ընտանիքի միակ արու զավակն էր:

Երեք օդաչուներն էլ ավարտել են Հայաստանի պաշտպանության նախարարության Ռազմական ավիացիայի ինստիտուտը, ծառայում էին հայկական բանակի ռազմաօդային ուժերում:

Նոյեմբերի 12-ին Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդեց, որ ղարաբաղա - ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13:45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է Լեռնային Ղարաբաղի ռազմաօդային ուժերի Մի-24 ուղղաթիռը։

Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ էր, իսկ հակառակորդը, հայկական կողմի վկայությամբ, շարունակում էր տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ արձակել դեպքի վայրի ուղղությամբ, ինչի հետևանքով խոցված ուղղաթիռին մոտենալ չէր հաջողվում։ Ադրբեջանական կողմը չանսաց նաև միջազգային կառույցների, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի, Մինսկի խմբի համանախագահների, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի, ինչպես նաև տարբեր պետությունների հորդորներին՝ հայկական կողմին թույլ տալ ուղղաթիռի անկման վայրից տարհանել անձնակազմի անդամների աճյունները:

Ի վերջո, միջադեպից գրեթե տասն օր անց՝ նոյեմբերի լույս 22-ի գիշերը, Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը, իրականացնելով հատուկ նշանակության գործողություն, տարհանեց ուղղաթիռի անձնակազմի անդամներից մեկի՝ լեյտենանտ Ազատ Սահակյանի դին, երկու օդաչուների մասունքները և, ինչպես Ղարաբաղի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում էր նշված, ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG