Մատչելիության հղումներ

Ուկրաինան ՆԱՏՕ-ին միանալու հարցը կդնի հանրաքվեի


Ուկրաինայի և Լիտվայի նախագահներ Պետրո Պորոշենկոն և Դալիա Գրիբաուսկայտեն երկու երկրների համագործակցության համաձայնագիր են կնքել, Կիև, 24-ը նոյեմբերի, 2014թ.
Ուկրաինայի և Լիտվայի նախագահներ Պետրո Պորոշենկոն և Դալիա Գրիբաուսկայտեն երկու երկրների համագործակցության համաձայնագիր են կնքել, Կիև, 24-ը նոյեմբերի, 2014թ.

«ՆԱՏՕ-ին միանալու կամ չմիանալու որոշումն ամբողջությամբ վերապահված է Ուկրաինայի ժողովրդին», - հայտարարել է նախագահ Պորոշենկոն:

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն երկուշաբթի օրը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին երկրի անդամակցելու հարցը կներկայացվի համաժողովրդական հանրաքվեի։

«ՆԱՏՕ-ին միանալու կամ չմիանալու որոշումն ամբողջությամբ վերապահված է Ուկրաինայի ժողովրդին։ Մենք վեց տարի լարված աշխատել ենք Եվրամիության և ՆԱՏՕ-ի չափանիշներին մոտենալու համար։ Միայն մեր ժողովուրդը կարող է վճիռ կայացնել», - ասել է Պորոշենկոն Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեի հետ համատեղ մամլո ասուլիսում։

Երեկ խնդրին է անդրադարձել նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

«Ես մասնակցել եմ Բուխարեստում 2008 թվականին գումարված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ Մենք այն ժամանակ որոշեցինք, որ Ուկրաինան կմիանա Հյուսիսատլանտյան դաշինքին, մեր որոշումն ուժի մեջ է, և եթե Ուկրաինան կատարի բոլոր պահանջները, ապահովի անհրաժեշտ չափանիշներն ու ցանկանա միանալ, ապա դա տեղի կունենա», - ասել է Ստոլտենբերգը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովն օրերս հայտարարել էր, թե Մոսկվային անհրաժեշտ են երաշխիքներ առ այն, որ Ուկրաինան չի անդամակցի ՆԱՏՕ-ին։

Անցած կիրակի օրը այդ հարցի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել Գերմանիայի արտգործնախարարը։ Նրա խոսքերով՝ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի արագ անդամակցում հնարավոր չէ։ «Հիմա հնարավոր են ՆԱՏՕ-ի և Ուկրաինայի գործընկերական սերտ հարաբերություններ», - ասել է Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Der Spiegel հանդեսին։

ՆԱՏՕ-ի թեմայով ակտիվ գործունեություն է ծավալել Ուկրաինայի նախկին վարչապետ, «Բատկիվշչինա» («Հայրենիք») կուսակցության ղեկավար Յուլիա Տիմոշենկոն, ով դեռ մեկ ամիս առաջ հայտարարել է, թե ինքը և իր գաղափարակիցներն արդեն հավաքել են անհրաժեշտ թվով ստորագրություններ նախագահին հանրաքվեի առաջարկով դիմելու համար։ «Մենք ունենք Ուկրաինայի 3 միլիոն 300 հազար 931 քաղաքացիների ստորագրություն և կպահանջենք նախագահից ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը դնել հանրաքվեի», - ասել է Տիմոշենկոն։

Գերագույն ռադայի հոկտեմբերի 26-ի արտահերթ ընտրություններում հաղթած կուսակցությունները` «Պետրո Պորոշենկոյի դաշինքը», «Ժողովրդական ճակատը», Արմատական կուսակցությունը, «Սամոպոմոշչ»-ը (Ինքնօգնություն) և «Բատկիվշչինա»-ն հայտարարել են, որ կոալիցիոն կառավարության համար առաջնահերթ խնդիրներից մեկը կլինի Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։

Նորընտիր խորհրդարանի առաջին նիստը տեղի կունենա նոյեմբերի 27-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG