Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի պաշտոնանկության մասին նախագիծ կներկայացնի


Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի պաշտոնանկության մասին նախագիծ կներկայացնի
please wait

No media source currently available

0:00 0:04:08 0:00

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը այս ուրբաթ դիմելու է ոչ իշխանական պատգամավորներին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի գործընթաց սկսելու առաջարկով։

«Ազատության» հետ զրույցում պատգամավորն ասաց, որ հիմա որոշման նախագիծն է պատրաստում, որից հետո դիմելու է ոչ իշխանական ուժերին անհրաժեշտ 44 ստորագրությունները հավաքելու և այս հարցը արտահերթ կարգով խորհրդարանի լիագումար նիստում քննարկելու համար։

«Ես դա անվանում եմ Հայաստանի Հանրապետության վերնագիրը, դա սկզբունքային նշանակություն ունի՝ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանի պաշտոնանկության մասին»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Փաշինյանը ընդգծում է, որ ոչ իշխանական ուժերը ներկայացնող պատգամավորների թիվը ավելին է, քան անհրաժեշտ 44-ը։ Կստորագրե՞ն արդյոք նրանք Սերժ Սարգսյանի հրաժարականի նախաձեռնության տակ թե՝ ոչ, հարց է նաև Փաշինյանի համար։

«Ոչ մի բան չի խանգարում, որ 44 պատգամավոր իրենց ստորագրությունները դնեն փաստաթղթի տակ, հարցը մտնի լիագումար նիստ և իրենց ասած՝ Ազատության հրապարակի ժողովուրդը կանգնի էս դարպասների տակ, և մենք բոլորս միասին պահանջենք Սերժ Սարգսյանի հրաժարականը»,- ասաց պատգամավորը։

Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ երկրում ստեղծված իրավիճակը պարտադրում է պատգամավորներին Սերժ Սարգսյանի իմպիչմենտի գործընթաց սկսել։ Ընդդիմադիր պատգամավորը հիշեցնում է, որ միշտ էլ պատրաստ է եղել պաշտպանել այսպիսի նախաձեռնությունները, բայց քանի որ ոչ իշխանական ուժերը նման գործընթաց չեն սկսում, ինքն է նախաձեռնությամբ հանդես գալիս։ Հիշեցնելով ոչ իշխանականների ամբողջական իշխանափոխության կոչերը, Փաշինյանը ենթադրում է, որ դա նաև Սերժ Սարգսյանի հրաժարական է ենթադրում։

«Հոկտեմբերի 10-ից առաջ հայտարարում էին, որ հոկտեմբերի 11-ին մենք արթնանալու ենք բոլորովին ուրիշ Հայաստանում։ Հիմա արդեն նոյեմբերի 24-ն է և հռչակված «բոլորովին ուրիշ Հայաստանից» մի ամսից ավելի ժամանակ է անցել։ Այս քաղաքական պրոցեսով ես, ըստ էության, փորձում եմ ողջունել «բոլորովին ուրիշ Հայաստանի» գաղափարը և իմ նպաստը բերել քաղաքական թեժ աշունը իշխանափոխությամբ պսակելու եռյակի խոստման իրագործմանը»,- ասաց Փաշինյանը։

Խորհրդարանի ոչ իշխանական ուժերը Փաշինյանի նախաձեռնության մանրամասներին տեղյակ չէին։ «Բարգավաճ Հայաստանից» Միքայել Մելքումյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ նման հարցերը իրենք քննարկում են եռյակի ձևաչափով, երբ քննարկեն՝ պատասխան կտան։ Նա ընդգծեց, որ իրենք ունեն քաղաքական օրակարգ, որի մեջ է մտնում նաև արտահերթ ընտրությունների հարցը։

«Մենք չեն շեշտադրում [նախագահի հրաժարականը], ինքը համարիր է ներկայացնում իրենց, բայց չբացենք... Մենք ասում ենք՝ արտահերթ ընտրություններ, այս պահին չենք բացում, բայց հասկանալի է, պետք է տրամաբանորեն հասկանալ»,- ասաց Մելքումյանը։

Դաշնակցությունից Աղվան Վարդանյանը ասաց՝ իրենց կարծիքը կհրապարակեն, երբ Փաշինյանի նախագիծը տեսնեն ու քննարկեն խմբակցությունում։

Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն էլ ասաց, որ քանի դեռ հարցը չեն քննարկել, մեկնաբանություններից զերծ կմնա, բայց իրենք Սերժ Սարգսյանի հրաժարականի գործընթացը ողջունում են։

«Ժառանգությունից» Զարուհի Փոստանջյանն էլ հիշեցրեց, որ մոտ մեկ ամիս առաջ ինքն էր եռյակին առաջարկել նախագահի հրաժարականի գործընթաց սկսել։ Պատգամավորը պատրաստ է աջակցել Փաշինյանի նախաձեռնությանը և կարծում է, որ այդպես պետք է անեն նաև իր գործընկերները։

«Ես կարծում եմ՝ պարտավոր են, եթե չեն պաշտպանում, դա նաև ցույց կտա իրենց տրամադրությունը իրենք փաստացի Սերժ Սարգսյանին դեմ են և ցանկանում են, որ նա պաշտոնանկ լինի, թե՞ ոչ։ Դա ոչ միայն իմ գործընկերներին է վերաբերում, այլ բոլոր նրանց, ովքեր հայտարարել են ամբողջական իշխանափոխության մասին։ Ամբողջական իշխանափոխության համար շատ լավ քննություն է այս գործընթացը»,- ասաց Փոստանջյանը։

Սերժ Սարգսյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու նախագծի համար անհրաժեշտ ստորագրությունները հավաքելու դեպքում Նիկոլ Փաշինյանը այն ծրագրում է ԱԺ քննարկման ներկայացնել դեկտեմբերի 1-ին մեկնարկող քառօրյայում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG