Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որը երկիրը ղեկավարում է արդեն շուրջ 15 տարի, հայտարարել է, որ մինչև կյանքի վերջ նախագահ լինելու մտադրություն չունի:
«Դա ճիշտ չէ երկրի համար, դա վնասակար է, դա մի բան է, որի կարիքը չունեմ», - ՏԱՍՍ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Պուտինը:
Նա նշել է, որ ունի 2018 թվականին ևս մեկ անգամ առաջադրվելու սահմանադրական իրավունք, սակայն դեռ չի որոշել՝ արդյոք կօգտագործի՞ այդ իրավունքը:
Խոսելով Արևմուտքի հետ վատթարացած հարաբերությունների մասին՝ Պուտինը ասել է, որ Ռուսաստանը չէր ցանկանա տեսնել մի նոր «երկաթե վարագույր»:
Նա պնդել է, թե Ռուսաստանը չի մեկուսացվել ու չի մեկուսացվի, իսկ արևմտյան պատժամիջոցները և նավթի գնի անկումը ռուսական տնտեսությանը ինչ-որ աղետալի հետևանքներ չեն բերի:
Ռուսաստանի նախագահն ընդգծել է նաև, որ այսպես կոչված Պուտինի ընկերների դեմ ուղղված պատժամիջոցներն իր վրա որևէ ձևով չեն անդրադարձել, քանի որ ինքը չունի անձնական բիզնես հետաքրքրություններ, ինչպես համարում են Արևմուտքում:
Ընդհանրապես, Վլադիմիր Պուտինն ասում է, որ այսօր Ռուսաստանում չկա օլիգարխիա: «Ինչ է օլիգարխիան՝ երբ բիզնեսը, փողը կամ ինչ-որ բիզնես կառույց կարող են ազդեցություն ունենալ պետական կառույցների, պետության որոշումների վրա․ չկա՛ նման բան այսօր Ռուսաստանում՝ կարող եմ վստահաբար ասել», - հավաստիացրել է նա:
Դիտարկմանը, թե իր մասին ասում են, որ ընկերներին չի դավաճանում, Ռուսաստանի նախագահն արձագանքել է․ - «Այո, փորձում եմ, իհարկե՝ եթե այդ մերոնք օրենքները չեն խախտում, որովհետև եթե սկսում են խախտել, արդեն մերոնք չեն»:
Վլադիմիր Պուտինը նաև վստահեցրել է, որ առողջ է և առողջության հետ կապված որևէ խնդիր չունի, նախկինի պես ակտիվ սպորտով է զբաղվում: