Մատչելիության հղումներ

Վազաշեն-Պառավաքարը շրջանցող ճանապարհը շահագործման կհանձնվի միայն գալիք տարի


Սահմանամերձ Վազաշեն-Պառավաքարը շրջանցող ճանապարհը շահագործման կհանձնվի միայն եկող տարի
please wait

No media source currently available

0:00 0:03:31 0:00

Շինարարությունը, որի համար բյուջեից հատկացվել է ավելի քան 875 միլիոն դրամ, պետք է ավարտվեր դեռ այս ամռանը:

Թեև տրանսպորտի և կապի նախարարությունը պաշտոնապես հայտարարել է, որ Վազաշեն-Պառավաքար ճանապահը երթևեկելի է տրանսպորտային միջոցների համար, սակայն այն դեռ ամբողջովին պատրաստ չէ։

Կատարված աշխատանքներին ծանոթանալու համար տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը երեկ բարձրաստիճան այրերի ուղեկցությամբ այցելեց նշված ճանապարհահատված։

Տեխնիկան, շինարարներն ու կառուցապատման ղեկավարները կազմ ու պատրաստ սպասում էին, սակայն տոնական տրամադրության համար Վազաշեն-Պառավաքար ճանապարհին բացակայում էր ամենակարևորը՝ ասֆալտը։ Դեռևս հունիսին խոստացված ճանապարհը, ըստ նախագիծը կազմող Աշոտ Արշակյանի, չի բացվի նաև նոյեմբերին։

«Այս պահին 1.5 կիլոմետր է ասֆալտապատվել, վերևներում դեռ եղանակային պայմանները թույլ չեն տալիս», - ասաց Արշակյանը:

Ադրբեջանական կրակոցների տակ ապրող մարդկանց համար անվտանգ երթևեկություն ապահովելու համար Կառավարությունը դեռևս այս տարվա փետրվարին որոշեց Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար ճանապարհի վտանգավոր հատվածը շրջանցող նոր ճանապարհ կառուցել։ 3.2 կիլոմետր երկարությամբ այդ ճանապարհի շինարարությունը, որի համար բյուջեից հատկացվել է ավելի քան 875 միլիոն դրամ, պետք է ավարտվեր դեռ այս տարվա հունիսի 30-ին։

Այդ վերջնաժամկետը խախտելու համար Կառավարությունը չեղյալ համարեց պայմանագիրը, նոր կապալառուն գործը ավարտին հասցնելու համար լրացուցիչ 55 միլիոն դրամ պահանջեց։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը վրդովվեց, բարկացավ, բայց տրամադրեց գումարը։

«Հիմա ո՞ւմ ենք համոզելու, որ լրացուցիչ խնդիրներ են առաջացել, կարող են չէ՞ մարդիկ չհավատալ: Նախագծողը պատասխանատվություն չի՞ կրում դրա համար»,- Կառավարության նիստի ժամանակ տրանսպորտի և կապի փոխնախարարին հարց էր ուղղել Աբրահամյանը:

Նոր կապալառուն խոստացավ ճանապարհը վերջնական տեսքի բերել հոկտեմբերի 30-ին։ Շինարարությունը վերահսկող Աշոտ Արշակյանը հիմա արդեն նոր ժամկետ նշեց՝ կրկնելով ասֆալտի բացակայության մեղավորը եղանակն է․ - «Որպեսզի ունենանք ասֆալտապատ ճանապարհ ավելի դյուրին, մենք կունենանք հաջորդ տարվա ամռանը»:

Տավուշի մարզում խոշոր ներդրումները միայն այս ճանապարհով չեն ավարտվում։ Հաջորդ կանգառը Բերդ-Նավուր-Իծաքարն էր։

980 միլիոն արժողությամբ 11 կիլոմետր ձգվող ճանապարհին նախարար Գագիկ Բեգլարյանը ևս գոհանալու առիթ չունեցավ։ Աշխատանքներն ավարտվել էին, ասֆալտը տեղում էր, սակայն արվածը տեսնելն անհնարին էր՝ ուժեղ մառախուղի պատճառով: Նախարարը որոշեց բանավոր ներկայացնել աշխատանքների ընթացքը և իհարկե, չշրջանցեց անավարտ մնացած ճանապարհի թեման։

«Մենք կարող էինք այս ճանապարհը դեռ մայիսին հանձնել, եթե ցանկություն ունենայինք ունենալ անորակ ճանապարհ: Մենք շինարարին չենք ստիպի, որպեսզի նա եղանակային պայմանները հաշվի չառնելով՝ ասֆալտ փռի, և ունենանք հաջորդ տարի անորակ ճանապարհ», - ասաց Բեգլարյանը:

Ըստ նախարարի՝ նոր կապալառուն նախկինի ճակատագրին չի արժանանա, և պայմանագիրը չի լուծարվի։ Կապալառուն խոստացել է ամեն ինչ անել եղած միջոցներով, առաջիկա օրերին շրջանցիկ ճանապարհահատվածը գրունտային տեսքով կփորձեն անցանելի դարձնել բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

«Քանի որ ստրատեգիկ ճանապարհ է, մենք հանձնարարություն տվեցինք, որ ճանապարհը անպայման կլինի անցանելի, մի հատվածը կլինի գրունտային ճանապարհ», - նշեց տրանսպորտի և կապի նախարարը:

Ասֆալտապատ հատվածը Վազաշեն-Պառավաքար ճանապարհի ներքևի հատվածում է։ Ուժեղ անձրևների կամ գարնան ձնհալի դեպքում չի բացառվում, որ վերևի գրունտային նստվածքը սահելով ամբողջությամբ ծածկի և շարքից հանի այն։ Տրանսպորտի և կապի նախարարությունը վստահեցնում է, որ այս անգամ այդ պարագայում պետական բյուջեից նոր հատկացումներ չեն լինի։

Իսկ մինչ Վազաշեն-Պառավաքարի վերջնական շահագործումը միակ տարբերակը շարունակում է մնալ ադրբեջանական դիրքերի կողմից կրակի տակ պահվող գոտիներով անցնող ճանապարհը։

XS
SM
MD
LG