Մատչելիության հղումներ

Պետությունը խնամատար ընտանիքներին «մենակ է թողնում»


Պետությունը խնամատար ընտանիքներին խրախուսելու փոխարեն «մենակ է թողնում»
please wait

No media source currently available

0:00 0:04:25 0:00

Միրա Անտոնյանի խոսքով՝ բացթողումը ռազմավարության մեջ է․ պետությունը սկսում է մտածել երեխայի մասին, երբ «բանը բանից անցնում է»:

Մոտ 8 տարի է, ինչ Հայաստանը ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հետ փորձում է մանկատներից երեխաներին տեղափոխել ընտանիքներ: Բարի ցանկությունները միշտ չէ, սակայն, որ հաջող են իրականացվում, և այս դեպքում ևս մի շարք խնդիրների պատճառով մանկատները շարունակում են երեխաներ ընդունել, իսկ խնամատար ընտանիքները չեն ավելանում:

Խնամատար համարվում է երեխայի հետ ազգակցական կապ չունեցող անձը, որին պետությունը գումար է տալիս մանկատան երեխային տանը մեծացնելու համար:

Երկու երեխայի խնամատար, երկուսի խնամակալ և մեկ երեխա որդեգրած Քնարիկ Գառանֆիլյանը «Ազատությանը» պատմեց՝ պետությունն իր նման ընտանիքներին խրախուսելու փոխարեն մենակ է թողնում:

«Էսպես երեխային հանձնելուց հետո կարծես և ընտանիքը, և էդ երեխան մնում են իրենք իրենց: Ծնողը պետք է հասկանա, որ եթե դժվարություն կունենա, ինքը ոչ թե պիտի հուսահատվի, այլ պիտի հասկանա, որ կողքը կա պետություն, որը պատրաստ է և իրեն, և երեխային օգնելու, որպեսզի իսկապես էդ երեխան մեծանա ընտանիքում», - ասաց Գառանֆիլյանը:

Փորձառու մայրիկ Քնարիկը վստահ է, որ Հայաստանում խնամատար ընտանիքները կշատանան, եթե կառավարությունը նախքան մանկատները բեռնաթափելը, ընտանիքներին արդյունավետ աջակցություն ցուցաբերի: Հակառակ դեպքում, սա դառնում է ցուցադրական մի քայլ, որի հետևանքով մարդկային ճակատագրեր են խեղվում:

Ծրագրի շրջանակում պետությունը նվազագույն ամսական աշխատավարձի չափով է գումար տալիս մանկատան երեխային տանը մեծացնելու համար: Ընդ որում, երեխան մեծանում է, կարիքները՝ շատանում, մինչդեռ պետության աջակցությունը մնում է անփոփոխ:

Շատ խնամատար ընտանիքներ զուտ բարոյականությունից դրդված՝ երկրորդ անգամ երեխայից չեն հրաժարվում:

«Հանեցի երեխային մանկատնից, ո՞ւր եմ տանում, այդ «ուր»-ը մենք պետք է ունենանք, այդ ընտանիքները պիտի ունենան՝ գրանցված, արդեն հետազոտված, որոշակի թրեյնինգ իրենց հետ անցկացված, որպեսզի ընտանիքը պատրաստ լինի երեխային ընդունելու: Կարծում եմ պիտի ամեն քայլը կշռենք, որովհետև երեխայի ճակատագրի հետ գործ ունենք», - նշեց Քնարիկ Գառանֆիլյանը:

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մշտական համակարգող Բրեդլի Բուզետոն ավելի վաղ «Ազատությանն» ասել էր, որ մանկատների բեռնաթափման փորձնական ծրագիրը դեռ իրականացման փուլում է, և ՄԱԿ-ը 3.5 միլիոն դոլար է պատրաստվում ներդնել այս գործընթացը շարունակելու համար:

Իսկ դիտարկմանը, թե միջազգային փողերը կարծես թե նպատակային չեն ծախսվում, քանի որ խնամատար ընտանիքների թիվը 2008 թվականից չի ավելանում, Բուզետոն պատասխանել էր, թե լուրջ մոնիտորինգ է արվում և ծրագրի չկայանալու պատճառը միայն ժամանակն է:

Մինչդեռ «Հայ օգնության ֆոնդի» երեխաների աջակցման կենտրոնի տնօրեն տնօրեն Միրա Անտոնյանը կարծում է, որ խնդիրն ավելի խորքային է: Ըստ մասնագետի՝ բացթողումը ռազմավարության մեջ է․ պետությունը սկսում է մտածել երեխայի մասին, երբ «բանը բանից անցնում է»:

«Պետական մոտեցումը կլիներ այն, որ մենք կարողանայինք ասել, որ ունենք ստանդարտ ծառայությունների ցանկ, որոնք պարտադիր են, որ ամեն մարզում, ամեն մեծ քաղաքում լինի: Մենք պիտի ունենանք ամեն գյուղական համայնքում գոնե մեկ սոցիալական աշխատող, որը լավ գիտի ընտանիքներին որը լավ գիտի էդտեղի երեխաներին և ձեռքը հասցնում է օգնության, մինչև բանը բանից կանցնի», - «Ազատության» հետ զրույցում ասաց Անտոնյանը:

Նրա խոսքով՝ պետությունն օգնում է, որ երեխային տեր կանգնած ընտանիքը ընդամենը չմեռնի սովից, և այսպիսի ռազմավարություն որդեգրած պետությունը չի կարող ընտանեկան ջերմության մթնոլորտ ապահովել մեկ անգամ արդեն լքված երեխային․ - «Մենք օգնում ենք, որ հատակում հայտնվածները էլ ավելի չգլորվեն, բայց էն հատակ գլորվելու վտանգի տակ գտնվող ընտանիքներին ոչնչով չենք օգնում, ուստի մշտապես պահում ենք գլորվելու հավանականությունը»:

Երևանի ավագանու «Բարև Երևան» դաշինքի անդամ Անահիտ Բախշյանը ևս թվարկեց այս բոլոր խնդիրները:

Երբ կառավարությունը դեռ նոր էր նախաձեռնում մանկատների բեռնաթափումը, Բախշյանը պատգամավոր էր, և այդ ժամանակ էլ բարձրաձայնել է վտանգավոր հետևանքների մասին:

Հիմա, երբ տարիներ անց գնահատում է իրավիճակը, Բախշյանը հասկանում է, որ պետական կառույցներին ձեռնտու է ներկայիս վիճակը, քանի որ մանկատները նաև գումարներ մսխելու հնարավորություն են:

«Էդ գումարը ինչ-որ տալիս են մանկատանը, թող տան ընտանիքին, ընտանիքը սիրով իր երեխային կվերցնի, ոչ թե մանկատների ցանցը ուռճացնի, որովհետև էդ երեխաները բոլորը փող են բերում, և ինչ-որ մարդիկ ձեռքերն են տաքացնում էդ փողով, այլ ամեն ինչ անի, որ էդ երեխան իր ընտանիքում մեծանա», - ընդգծեց Բաշխյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG