Մատչելիության հղումներ

Վացլավ Հավելի կիսանդրին տեղադրվել է ամերիկյան Կոնգրեսի սրահում


Վացլավ Հավելը կոմունիստներին պարտության մատնեց ճշմարտությանը նվիրված պայքարով, ասում է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակը:

Միացյալ Նահանգների Կոնգրեսի ղեկավարները հարգանքի տուրք են մատուցել Չեխիայի նախկին նախագահ, դրամատուրգ և ազատության մարտիկ հանգուցյալ Վացլավ Հավելին մի ժամանակ, երբ նրա երկիրը նշում է հակակոմունիստական պայքարի և ժողովրդավարության հաղթանակի 25-րդ տարեդարձը։

Վացլավ Հավելի կիսանդրու հանդիսավոր բացումը կատարվել է Միացյալ Նահանգների Կոնգրեսում՝ հանգուցյալի այրի Դագմար Հավելի և Չեխիայի վարչապետ Բոհուսլավ Սոբոտկայի ներկայությամբ։

Հավելի կիսանդրին տեղադրվել է Ուինսթոն Չերչիլի, Ռաուլ Վալենբերգի և Մարտին Լյութեր Քինգի նման հայտնի անձանց կիսանդրիների կողքին։

Ներկայացուցիչների պալատի նախագահ Ջոն Բեյների խոսքով՝ Վացլավ Հավելը կոմունիստներին պարտության մատնեց ճշմարտությանը նվիրված պայքարով։ «Չնայած երկարամյա բանտարկությանը, հարցաքննություններին և հետապնդումներին՝ Հավելը իր գրիչը վայր չդրեց։ Նա հրաժարվեց լքել հայրենիքը և շարունակեց գրել՝ ձեռագրերը թաքցնելով իր տան զանազան անկյուններում», - ասել է Բեյները։

Ներկայացուցիչների պալատի փոքրամասնության ղեկավար Նենսի Փելոսիի խոսքով՝ Հավելի առաջնորդությունը օրինակ ծառայեց ժողովրդավարության բոլոր ջատագովների համար, հատկապես Չինաստանում և Տիբեթում։

«Վացլավ Հավելը գրել է բեմադրություններ և բարեփոխության ուխտագրեր, պաշտպանելով ժողովրդավարությունը և առաջընթացը ոչ միայն իր երկրում, այլ նաև ամբողջ աշխարհում», - ասել է Փելոսին։

Չեխիայի վարչապետ Բոհուսլավ Սոբոտկան ասել է, թե կիսանդրու բացումը հարգանքի տուրք է մատուցում աչ միայն չեխ դրամատուրգին, այլև բոլոր նրանց, ովքեր տեղի չեն տվել ճնշումներին և հանուն ազատության պայքարը շարունակել են՝ չնայած ծանր պատիժներին և տառապանքներին։

Վացլավ Հավելը մարդու իրավունքներին և ժողովրդավարությանը նվիրված ու «Թավշյա հեղափոխություն» անվամբ հայտնի պայքարով կարողացավ տապալել կոմունիզմը Չեխոսլովակիայում։ Նա իր երկրի ժողովրդավարական ճանապարհով ընտրված առաջին նախագահը դարձավ 1989 թվականին։

Ռոք, ջազ և բլյուզ երաժշտության նկատմամբ Վացլավ Հավելի սերը հիշելու համար Կոնգրեսի անդամները հանդիսությանը մասնակցելու էին հրավիրել հանրահայտ ամերիկացի երաժիշտ Բիլի Գիբոնին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG