Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի Սենատը մերժել է «Քիստոուն» նավթամուղի շինարարության առաջարկը


Միացյալ Նահանգների Սենատը մերժել է կանադական նավթը ԱՄՆ ներմուծելու նպատակով հինգ միլիարդ դոլար գնահատված վիճահարույց խողովակաշարի շինարարության առաջարկը։

Այս նախագիծը խորը հակասությունների պատճառ է դարձել Կոնգրեսում: «Քիստոուն» կոչվող խողովակաշարի կողմնակիցները գտնում են, որ այն կբարելավի Ամերիկայի էներգետիկ ապագան։

Դեմոկրատ սենատոր Մերի Լանդրյուի խոսքերով, դրա կառուցումը կապահովի Ամերիկա էներգետիկ անկախությունը:

Ընդդիմախոսները, սակայն, նախազգուշացնում են բնապահպանական աղետների մասին։

«Հավելյալ հանածո վառելիք արտադրելու համար այսօր ծախսվող յուրաքանչյուր դոլարը մեր թոռների ապագա գերեզմանների համար ծախսվող դոլար է», - ասել է դեմոկրատ սենատոր Թոմ Հարկինը։

Բնապահպանները պնդում են, որ հավելյալ նավթի կարիքը չկա և խողովակաշարի կառուցումը կխթանի ջերմոցային գազերի արտանետումների աճը։

Խողովակաշարի աջակիցներն ասում են, որ վստահելի և մատչելի էներգիան համաշխարհային խնդիր է։ «Հերիթիջ» հիմնադրամից Նիք Լորիսի կարծիքով կլիմայական փոփոխությունների հարցը իր կարևորությամբ զիջում է մատչելի եւ վստահելի էներգիայի ապահովման հարցին։

Ներկայացուցիչների պալատի Հանրապետական մեծամասնությունը նավթամուղի շինարարությանը հավանություն տվեց անցյալ շաբաթ։ Սակայն Սենատում այն չէր հաստատվել։ Ենթադրվում է, որ առաջիկա տարում, երբ Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը փոխանցվի հանրապետականներին, նավթամուղի շինարարությունը կհաստատվի: Սպիտակ տունը սպառնացել է վետոյի ենթարկել այդ որոշումը։ Նախագահ Օբաման էներգիայի այլընտրանքային աղբյուրների հայթայթման կողմնակից է։

Դեմոկրատ Սենատոր Բարբարա Բոքսերը պաշտպանում է այդ տեսակետը։

«Էներգետիկ անկախության հասնելու համար անհրաժեշտ է էներգիայի ներքին արտադրություն, օգտագործելով արեգակից, քամուց և այլ վերականգնվող աղբյուրներից ստացվող էներգիան, որը կապահովի նոր աշխատատեղեր և կնվազեցնի բնական շրջապատի աղտոտումը», - ասել է նա։

Հարցումները ցույց են տալիս, որ չնայած ամերիկացիներին մտահոգում է կլիմայական փոփոխությունը, նրանք նաև հետաքրքրված են էժան վառելիքի և հավելյալ աշխատատեղերի հեռանկարով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG