Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ ներկայացուցիչ. Մինսկի խումբը ջանում է անել հնարավորը


ԵԱՀԿ ներկայացուցիչ. Մինսկի խումբը ջանում է անել հնարավորը
please wait

No media source currently available

0:00 0:04:32 0:00

ԵԱՀԿ ներկայացուցիչ. Մինսկի խումբը ջանում է անել հնարավորը

Հայկական կողմը Մինսկի խմբի հետ քննարկումների փուլում է՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։

Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջազգային առաքելության՝ ԵԱՀԿ-ի ներկայացուցիչ Թորսթեն Շտոդիկն այսօր մտահոգություն հայտնեց այն առնչությամբ, որ դեռևս չի հաջողվում մուտք գործել մեկ շաբաթ առաջ ադրբեջանցիների կողմից խոցված ուղղաթիռի անկման վայր՝ դուրս բերելու ուղղաթիռի անձնակազմի մարմինները։

Եվրոպացի պաշտոնյայի խոսքով, այս պահին կազմակերպության ներկայացուցիչը Ադրբեջանում է, բանակցությունները շարունակվում են, սակայն ապարդյուն:

«Ուզում եմ մտահոգությունս հայտնել, որ դեռևս հնարավորություն չի ընձեռվել մուտք գործել այդ վայրը, և ուզում եմ նշել` ԵԱՀԿ ներկայացուցիչն է այսօր գտնվում այնտեղ, և նրա աշխատակիցները բոլոր հնարավոր ջանքերը կգործադրեն խնդրին լուծում տալու համար», - Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Շտոդիկը:

Շտոդիկը, չցանկանալով մեկնաբանել կատարվածը, այնուամենայնիվ փոխանցեց ժամեր առաջ իր ներկայացրած կազմակերպությունից ստացված տեղեկությունն այն մասին, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ջանում է անել հնարավորը՝ դեպքի վայր մուտք գործելու համար:

«Մինսկի խումբը փորձ է անում մուտք գործել դեպքի վայր, բայց դեռեւս հաջողության չի հասել, և շարունակում է աշխատել թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի հետ իր նպատակին հասնելու համար», - ասաց նա:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր հայտարարություն են տարածել՝ կոչ անելով հնարավորություն տալ վերադարձնել նոյեմբերի 12-ին խոցված հայկական ուղղաթիռի զոհերի մարմինները:

Դեպքից հետո սա Մինսկի խմբի երկրորդ հայտարարությունն է, որտեղ ասվում է.- «Խորապես մտահոգված ենք, որ ադրբեջանական ուժերի կողմից կործանված ռազմական ուղղաթիռի անկման վայր այցելելու համար մարդասիրական միջանցք չի ստեղծվել»: Միջնորդները նշում են, որ հայկական ուղղաթիռի բեկորներն ընկած են շփման գծի չեզոք հատվածի խիտ ականապատ տարածքում։

Հայաստանի իշխանությունները միջնորդական առաքելություն իրականացնող այս կառույցից ակնկալում են համարժեք գնահատական տալ կատարվածին: Իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, Ազգային ժողովի Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հայկական կողմը Մինսկի խմբի հետ քննարկումների փուլում է՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։

«Ազատության» հարցին, թե արդյո՞ք ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը, չէ՞ր կարող նախաձեռնել դեպքի վայր այցելություն, Նահապետյանը պատասխանեց՝ «հույս ունենք, որ Կասպշիկը նման գործողություններ կնախաձեռնի»։

«Կարծում եմ, որ հնարավոր են նաև նման զարգացումներ։ Նաև կարծում եմ մոտակա օրերին կլինեն նոր գործողություններ, այսինքն մենք խոսում ենք միայն այս պահի դրությամբ ձեռնարկված գործողությունների մասին», - ասաց Կորյուն Նահապետյանը։

Նահապետյանը համամիտ չէ Change.org-ում երեկվանից նախաձեռնված ստորագրահավաքին, որին արդեն միացել է շուրջ 800 օգտատեր Հայաստանից, Ղարաբաղից ու արտերկրից: Նրանք Հայաստանի իշխանություններից պահանջում են սառեցնել հարաբերությունները ԵԱՀԿ երկրների հետ, քանի դեռ նրանք չեն ուզում լուծել օդաչուների դուրս բերման հարցը: Սա նրանց կողմից ցուցաբերած հրեշավոր անտարբերություն է, ինչը և պարբերաբար պատճառ է դարձել շփման գծում բազմաթիվ զոհերի, ասված է օգտատերերի հայտարարությունում:

«Դուք գիտեք, որ մենք հավատարիմ ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում իրականացվող բանակցային գործընթացին և ցավալի այս վերջին դեպքը, իհարկե, որոշ իմաստով ստվերում է բանակցային գործընթացը, բայց, այնուամենայնիվ, մենք շատ լավ հասկանում ենք, որ սա այն ձևաչափն է, որի շրջանակներում հնարավոր է հակամարտության խաղաղ կարգավորումը», - պարզաբանում է նա:

Ազգային ժողովի Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ, «Ժառանգության» պատգամավոր Թևան Պողոսյանը կիսում է Նահապետյանի կարծիքը` ԵԱՀԿ-ի հետ հարաբերությունների սառեցումը օգուտ չի տա հարցին:

«Հակառակը` իշխանությունները պետք է ամեն օր այնտեղ դիվանագետների միջոցով պայքար տանեն, որ այդ կառույցները հասարակ հայտարարություններից անցնեն իրական, գործնական քայլերի` դատապարտելու իմաստով, մեղավորներին կոչելու իրենց ճիշտ անուններով», - ասում է պատգամավորը:

ԵԱՀԿ-ի հետ հարաբերությունների սառեցմանը համամիտ չէ նաև այդ կազմակերպության երևանյան գրասենյակի առջև չորրորդ օրը հացադուլ անող «Ժառանգության» խոսնակ Դավիթ Սանասարյանը: Երեկ նրան է մոտեցել կառույցի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը և հավաստիացրել է` անում են հնարավորը` հարցը դիվանագիտական ճանապարհով լուծելու համար:

«Ես փոխանցեցի, որ եթե շատ ձգձգվի դա, պատերազմական գործողությունները կամ մարտով տղաներին դուրս բերելը անխուսափելի է լինելու: Դրա համար, որպեսզի իրենք իրենց առաքելությանը համապատասխան մնան, պետք է միջնորդության մակարդակով խնդիրը լուծեն և տղաները այդ անմարդկային վիճակից դուրս բերվեն», - ասում է նա:

Չի դադարեցնում ջանքերը նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեն: Կազմակերպության ներկայացուցիչ Զառա Ամատունին «Ազատությանը» փոխանցեց, որ ադրբեջանական կողմի հետ արդեն մեկ շաբաթ շարունակվող բանակցությունները առայժմ արդյունք չեն տվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG