Մատչելիության հղումներ

Թատերական հեղինակավոր համաժողովը Բաքվի փոխարեն անցկացվում է Երևանում


Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոն, արխիվ
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոն, արխիվ

Երևանում նոյեմբերի 17-ից 22-ը անցկացվում է Թատրոնի միջազգային ինստիտուտի 34-րդ համաժողովի կոնգրեսը, որին մասնակցում են 100 երկրներից ավելի քան 300 պատվիրակ:

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում մեկնարկած միջոցառմանը մասնակցող արտասահմանյան ամենահեղինակավոր կենտրոնների պատվիրակները կքննարկեն ստեղծագործական արդի խնդիրներ, կծանոթանան նաև հայաստանյան թատերական կյանքին՝ կդիտեն մայրաքաղաքում ցուցադրվող ներկայացումները, կքննարկեն դրանք մեր թատերական գործիչների հետ:

Թատրոնի միջազգային ինստիտուտի 34-րդ համաժողովի կոնգրեսի անցկացումը Երևանում նախաձեռնել է Հայաստանի թատերական գործիչների միությունը:

Միության նախագահ Հակոբ Ղազանչյանը «Ազատության» հետ զրույցում պատմեց, որ կոնգրեսի անցկացումն այս տարի նախատեսված էր Բաքվում, սակայն ի վերջո այն տեղափոխվեց Երևան:

«Երբ որ նրանք նախնական այցելություն էին ունեցել Ադրբեջան բավական տարակուսած հետ էին վերադարձել, որովհետև այնտեղ ինչ-որ պարտադրանքներ էին լսել՝ քանի մարդ պետք է գա, իրենցից ով պետք է մասնակցի, ով պետք է ասի․․․ շատ զարմացել էին, երևի չէին սպասել դրան, իսկ նման կոնգրեսները ընդհանրապես ազատ խոսքի հարթակ են և այդտեղ աշխարհի տարբեր երկրներից գալիս են և ոչ մի ելույթ ոչ ոք իրավասու չէ վերահսկել», - ասաց Ղազանչյանը, նշելով, որ հեղինակավոր միջոցառումը Երևան բերելու հարցում քիչ դեր չի խաղացել նաև իր անձնական մտերմությունը Թատրոնի միջազգային ինստիտուտի ղեկավարության հետ:

«Նոր ձայներ, նոր հանդիսատես․ ժամանակն է երկխոսության» կարգախոսով կոնգրեսի ընթացքում նախատեսվում են նաև միջազգային պարային և թատերական նախագծեր, վարպետության դասընթացներ, շնորհանդեսներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG