Արդեն ավելի քան 7 ամիս աշխատավարձի 5 տոկոսից զրկված քաղաքացիները, որոնցից կուտակային փոխանցումներ են կատարվել հակառակ իրենց կամքի, հնարավոր է պահված գումարն ամբողջությամբ հետ չստանան:
Ըստ օրենքի այդ գումարները պետք է վերադարձվեն 2015թ-ի հունվարի 1-ից մինչև հուլիսի 1-ը: Սակայն նույն օրենքում գրված է, որ կենսաթոշակային ֆոնդի փայերի հետգնման ժամանակ կարող է գանձվել առավելագույնը 2 տոկոս մարման վճար:
Կուտակային պահումների դեմ ակտիվորեն պայքարող «Դեմ եմ» շարժման անդամ Մանե Թանդիլյանը «Ազատության» հետ զրույցում ասաց՝ սա շատ անարդարացի է ամիսներով սեփական գումարից զրկված մարդկանց նկատմամբ:
«Սա կարող էի հասկանալ այն պարագայում, եթե ես կամովին միացած լինեի և այդ օրենքն էլ իր հերթին հակասահմանադրական չճանաչվեր այդ ժամանակահատվածի համար, երբ որ գանձվել է: Այսինքն, այս պահին ես ունեմ հետևյալ վիճակը․ բավական չէ ինձանից պարտադիր կերպով կատարել են պահում հակասահմանադրական օրենքի շրջանակներում, ես ստիպված եմ իմ ցանկությանը հակառակ ինձանից գանձված գումարների համար ծառայությունների ինչ-որ կարգի համար վճարներ վճարել», - ասաց նա:
Մասնագիտությամբ հաշվապահ Մանեն ընդգծում է՝ էական չէ, թե որքան գումար է կազմելու այդ երկու տոկոսը․ խնդիրն այն է, որ հակասահմանադրական ճանաչված օրենքով մարդիկ զրկվել են իրենց եկամտից, ամիսներով պահ տվել գումարը անհայտ վայրում անհայտ նպատակով, հիմա էլ ստիպված են վճարել՝ այն ետ ստանալու համար: Օրենքում նշված է՝ այդ երկու տոկոսը «կարող է գանձվել», չկա հստակեցում՝ ո՞ր դեպքում կարող է գանձվել, իսկ որ դեպքում՝ ոչ:
«Կամ գանձվում է, կամ չէ՝ դա ո՞ւմ կամքին է թողնված և ո՞ր դեպքերում է գանձվում, ո՞ր դեպքերում չէ: Սրանք շատ լուրջ հարցեր են և ինչո՞ւ պետք է աշխատակիցները, առհասարակ մարդիկ՝ իրենց չտված գումարների համար մի բան էլ իրենք տոկոս վճարեն», - ասում է նա:
ի՞նչ հիմնավորմամբ է այդ գումարը պահվելու հարցի պատասխանը մեկ շաբաթ է՝ չենք կարողանում ստանալ Ֆինանսների նախարարությունից: Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնի թեժ գծի աշխատակիցներն էլ միայն օրենքին հղում արեցին՝ հորդորելով դիմել Կենտրոնական դեպոզիտարիա: Այստեղից ևս ոչ մի հիմնավորում և պարզաբանում չտվեցին՝ ասելով միայն, որ կատարելու են այն, ինչ նախատեսված է օրենքով: Մարդու իրավունքների պաշտպանը դեռևս վերջնական դիրքորոշում չունի այս հարցում, մեզ հետ զրույցում ասաց օմբուդսմենի տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը՝ ավելացնելով, այդուհանդերձ, որոշ մտահոգություններ արդեն ունեն:
«Օրենքով սահմանված է առավելագույն շեմ, բայց արդյո՞ք կկարգավորվի՝ այդ երկու տոկոսից ի՞նչ համամասնությամբ պետք է մարման վճար գանձեն՝ դա կարգավորված չէ: Հենց իրենք՝ ֆոնդերի կառավարիչները, պետք է ներքին կանոնադրությամբ սահմանեն, թե յուրաքանչյուր ֆոնդ մարման ի՞նչ վճար է սահմանում և ինչպես է կանոնակարգում, որ գումարի դիմաց ինչ համամասնությամբ է գանձելու՝ առավելագույնը երկու տոկոսը պահելով: Կա նաև վտանգ, որ ֆոնդը կարող է ընդհանրապես չկարգավորի ու դնեն պարզապես միատեսակ երկու տոկոսը բոլորի համար գանձեն: Այս հարցը նույնպես բաց է», - մեկնաբանում է Խաչատրյանը:
Օմբուդսմենի օգնականն ասում է՝ միջազգային պրակտիկայում ընդունված է ֆոնդերը չարժեզրկելու համար ինչ-որ գումար թողնել հաշվին, սակայն այս դեպքում քաղաքացին համաձայն չի եղել, որ իրենից գումար պահեն:
«Հիմա փաստորեն քաղաքացին մեղավոր չէ, որ այս դրության մեջ է ընկել: Սա լրիվ այլ քննարկման առարկա է», - մեկնաբանում է նա:
Օրենքում հստակեցված չէ նաև՝ ինչու մարման գումարը պետք է գանձվի քաղաքացուց, այլ ոչ թե պետական բյուջեից կամ ինչո՞ւ այդ 2 տոկոսի վճարման պարտավորությունը հավասարապես կիսված չէ քաղաքացու և պետության միջև: Ակտիվիստ Մանե Թանդիլյանը չի կարողանում գտնել այս խնդիրների պատասխանը և կարծում է, որ պետական այրերի կողմից հստակ պատասխաններ չստանալու դեպքում բողոքի նոր ալիք կբարձրանա արդեն հաջորդ տարի:
«Նաև պետությունն էլ իր հինգ տոկոսը ուներ, և հետաքրքիր է, թե ինչպես են բաշխելու: Արդյոք այդ երկու տոկոսի մի մասն էլ պետական մասից է պահվելու, թե՞ ամբողջը աշխատողից է պահվելու: Այսինքն, որևէ հստակեցում այս դրույթը չունի», - ասում է ակտիվիստը:
Անկախ այն բանից, թե ինչ տրամաբանությամբ և հիմնավորմամբ կպահվեն այդ տոկոսները, Պարտադիր կուտակային կենսաթոշակի համար փոխանցված գումարները հետ ստանալու համար պետք է մինչև դեկտեմբերի 25-ը դիմումներ ներկայացվեն հարկային մարմիններին: