Մատչելիության հղումներ

Հալեպ․ Մազլումյաններին պատկանող Hotel Baron-ը «էլ երբեք առաջվանը չի լինի»


Հալեպ․ Մազլումյաններին պատկանող Hotel Baron-ը «էլ երբեք առաջվանը չի լինի»
please wait

No media source currently available

0:00 0:02:56 0:00

Լեգենդար հյուրանոցը ռմբակոծություններից փախած ընտանիքների ապաստարան է դարձել:

Արհամարհելով դիպուկահարների կրակն ու շրջակա գնդակոծությունները՝ Սիրիայի Հալեպ քաղաքի ամենահին ու շքեղ հյուրանոցի՝ Hotel Baron-ի սեփականատեր Արմեն Մազլումյանը մռայլ ծխում է իր լեգենդար հյուրանոցի լայն պատշգամբում: Հյուրանցը, որը նա ստիպված փակում է, ընդամենը մի քանի մետր է հեռու կառավարական զորքերի ու ապստամբների ճակատային գծից։ Ահա այսպիսի նկարագրությամբ է սկսում France-Presse-ը իր հաղորդումը Հալեպից՝ ներկայացնելով հայերի հիմնադրած հյուրանոցային բիզնեսի անցյալն ու ներկայիս վիճակը:

1911 թվականին Hotel Baron-ը հիմնադրել է նրա պապը, ում անունը հիմա կրում է Արմեն Մազլումյանը: Այս հյուրանոցում 1958 թվականին ելույթ է ունեցել Եգիպտոսի նախագահ Գամալ Աբդել Նասերը, այստեղ Ագաթա Քրիստին գրել է «Սպանություն Արևելյան ճեպընթացում» իր հայտնի դետեկտիվ վեպի մի մասը: 201 համարում է իջևանել Քեմալ Աթաթուրքը՝ ժամանակակից Թուրքիայի հիմնադիրը, 215 համարում է մնացել Իրաքի ու Սիրիայի թագավոր Ֆայսալ առաջինը: Բրիտանացի հնեաբան, զինվորական հետախույզ Լոուրենս Արաբացին նախընտրում էր 202 սենյակը, Ագաթա Քրիստին մնում էր 203 համարում:

«Ես նրան հանդիպել եմ 1959 թվականին: Ես շատ երիտասարդ էի ու չէի հասկանում՝ որքան կարևոր է նա: Ագաթա Քրիստին ամեն տարի գալիս էր իր ամուսնու՝ հնագետ Մաքս Մելոուենի հետ, ով պեղումներ էր անում Սիրիայի հյուսիս-արևելքում», - պատմել է Արմեն Մազլումյանը:

Նա ասել է, որ Hotel Baron-ում այնքան հայտնի մարդիկ են իջևանել, որ բոլորի անունները թվարկելու համար մինչև հաջորդ օրը ժամանակ է պետք: Ամեն դեպքում, նա ևս մի քանի անուն է նշել՝ Hotel Baron-ում իջևանել են Ֆրանսիայի նախկին առաջնորդ Շառլ դը Գոլը, միլիարդատեր Դեյվիդ Ռոքֆելերը, օդաչու Չարլզ Լիդբերգը, ով առաջինն է միայնակ թռիչք կատարել Ատլանտյան օվկիանոսի վրայով, Սիրիայի բոլոր նախագահները՝ բացառությամբ Նուրդին ալ-Աթասիի:

«Բայց այս բոլորը անցյալում է: Անկեղծ ասած, հյուրանոցն էլ երբեք առաջվանը չի լինի: Լավագույն տարիները մնացին ետևում», - ասել է Մազլումյանը։

Հյուրանոցի համարները, որտեղ նախկինում հայտնի մարդիկ, քաղաքական առաջնորդներ են իջևանել, հիմա դատարկ են, կամ այդ համարներում ապրում են իրենց տներից, ռմբակոծություններից փախած ընտանիքներ, որոնց Արմեն Մազլումյանը ապաստան է տվել։

Սիրիայում 4 տարի առաջ սկսված հակամարտությունը Հալեպ հասավ 2012 թվականին, ու հյուրանոցը կորցրեց իր հաճախորդներին, հայտնվեց անմխիթարական վիճակում:

«Արդեն մոտավորպես 4 տարի է ինչ պատերազմը շարունակվում է, բայց ես լավատեսություն ներշնչող ոչինչ չեմ տեսնում, ընդհակառակը...», - France Presse-ին ասել է 63-ամյա Մազլումյանը՝ չսափրված ու բրդե կապույտ գլխարկով:

Հյուրանոցի նախասրահում դեռ մնում է անցյալ դարի 30-ական թվականներից պահպանվող գրությունը՝ «Hotel Baron՝ միակ առաջին կարգի հյուրանոցը Հալեպում»:

«Հիմա այն թվում է հին ու լքված. փոշոտ նախասրահ, հին հեռախոսներ, փայտե լաքապատված բար՝ դատարկ շշերով: Ռմբակոծությունից տանիքը վնասվել է, ու անձրևի ժամանակ ջուրը ներս է ծորում», - նկարագրում է France-Presse-ի թղթակիցը։

Արմեն Մազլումյանը Հալեպում հյուրանոցային բիզեսով զբաղվող Մազլումյանների ընտանիքի չորրորդ սերունդն է: Նրա մեծ պապը՝ Գրիգորը, ընտանիքի առաջին հյուրանոցը Հալեպում բացել է 19-րդ դարի կեսերին: Առաջին հյուրանոցի անվանումը «Արարատ» էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG