Մատչելիության հղումներ

Հասարակական գործիչները կոչ են անում ակտիվացնել ԼՂ խնդրի կարգավորման գործընթացը


Հասարակական գործիչներ կոչ են անում ակտիվացնել ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացը
please wait

No media source currently available

0:00 0:03:59 0:00

Հայ և ադրբեջանցի տասը հասարակական գործիչները այս մասին հռչակագիր են ստորագրել Հելսինկիում:

Հայ և ադրբեջանցի տասը հասարակական գործիչներ կոչ են անում ակտիվացնել ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացը և այն դարձնել բաց ու թափանցիկ երկու կողմերում ապրող ժողովուրդների համար։

Հայտարարությունը ստորագրած քաղաքագետ Աղասի Ենոքյանը ընդգծում է՝ թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում, թե՛ Ղարաբաղում իշխանություններն անցած տարիներին ոչինչ չեն արել հասարակությունների շփման համար։ Մինչդեռ վաղուց արդեն ժամանակն է, որ բանակցային սեղանին դրված փաստաթղթի հրապարակված դրույթները լայն քննարկման առարկա դառնան։

«Մի բան է պարզ, որ Հայաստանը պետք է ունենա բանակցությունների գործիք, զենք: Բանակցությունների գործիքը տվյալ դեպքում կարող է հանդես գալ որոշ տարածքների վերադարձը: Կարող է հասարակությունում ինչ-որ դժգոհություն առաջանա, բայց մենք տեսնում ենք, որ էսպես կոչելով, թե մենք ստատուս քվո ենք պաշտպանում, այս տարվա ընթացքում արդեն երկրորդ անգամ Ադրբեջանի կողմից շատ կոշտ, շատ կեղտոտ սադրանք է իրականացվում: Ես կարծում եմ, որ պետք է առանց սպասելու նման կոշտ մոտեցումների սկսել բանակցությունները և խնդիրը լուծել բանակցությունների սեղանի շուրջ և ոչ թե ռազմի դաշտում իրար պատասխաններ տալ»,- նշեց Ենոքյանը:

Նման մի հայտարարություն ստորագրվել էր նաև 2010 թվականին, սակայն, նախաձեռնողների խոսքով՝ անցած 4 տարիներին իրավիճակը բարելավելու փոխարեն ավելի է վատացել։ Բանակցային գործընթացը փակուղուց հանելու համար ակտիվիստները առաջարկում են մշակել ճանապարհային քարտեզ, որը կտանի դեպի փոխադարձ համաձայնությամբ հաստատված խաղաղության։

Կարևորը վիճահարույց հարցերի շուրջ հանրային քննարկում սկսելն է, ասում է «Ղարաբաղի Հելսինկյան նախաձեռնություն 92» կազմակերպության ղեկավար, հայտարարության համահեղինակ Կարեն Օհանջանյանը՝ ընդգծելով, որ Ղարաբաղում, օրինակ, մեծ մասը համաձայն չէ հարակից շրջանների վերադարձին, բայց հանրային քննարկումների դեպքում հնարավոր է գալ փոխհամաձայնության։

«Եթե ի սկզբանե բացառես հակառակորդիդ հետաքրքրող թեման, նա էլ՝ քոնը, ապա այդ դեպքում ինչո՞ւ բանակցել։ Բանակցությունների հիմքը հենց այդ հարցերի քննարկումն է՝ հասնելու փոխհամաձայնության»,- ասաց Օհանջանյանը։

Նա կարևորում է բանակցություններին Լեռնային Ղարաբաղի վերադարձը՝ շեշտելով, թե ղարաբաղցիները ոչինչ չգիտեն իրենց ճակատագիրը որոշող քննարկումներից։

Անցած շաբաթ ադրբեջանցիների կողմից հայկական ուղղաթիռը, նախնական տվյալներով, խփվել է ռուսական արտադրության զենքով։

Հայտարարության մեջ կողմերը նաև անդրադառնում են Մինսկի խմբի միջնորդական ջանքերին՝ հատկապես Ռուսաստանին կոչ անելով զերծ մնալ կողմերից մեկին զենք վաճառելուց։

«Բնականաբար, էս կոչից Պուտինը չի ազդվի և վաղվանից չի արգելի զենքերի վաճառքը, բայց ես կարծում եմ, որ պետք է հասարակությունների որոշակի կոնսոլիդացիա, որոշակի բողոքի ալիք, որը որ ի վերջո կստիպի Ռուսաստանին գնալ խաղաղության, այն, ինչին նա կոչված է։ Այսինքն, մի կողմից նա խաղաղություն կարգավորող Մինսկի խմբի համանախագահ է, մյուս կողմից նա պատերազմ սերմանելու համար Ադրբեջանին մատակարարում է բավականին թանկարժեք, ժամանակակից, ագրեսիվ զենքր, ինչը ամենևին չի համապատասխանում նրա խաղաղության կազմակերպիչ պաշտոնի հետ», - ընդգծեց Աղասի Ենոքյանը:

Ադրբեջանական կողմից հայտարարությանը միացած քաղաքական վերլուծաբան Զարդուշտ Ալիզադեն «Ազատության» գրավոր հարցմանն ի պատասխան ասում է, որ հանուն խաղաղության է միացել դրան։

«Ադրբեջանական հասարակությունը պատրաստ է խաղաղությամբ ապրել այնպիսի Հայաստանի հետ, որը կդադարի լինել Ռուսաստանի ֆորպոստը, կդադարի ապրել «Մեծ Հայաստանի» երազանքով և կհարգի միջազգային իրավունքները։ Իրականում, Հայաստանին անհրաժեշտ է ոչ թե քաշել տարածքների, այլ Ադրբեջանի կազմում Ղարաբաղի հայերի իրավունքի ու անվտանգության հարցը», - ասում է Ալիզադեն ու հավելում, որ ակտիվիստները կարող են լուրջ ներդրում ունենալ խաղաղության հասնելու գործում, սակայն թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում ոչ դեմոկրատական իշխանությունները ճնշման տակ են պահում նրանց՝ համարելով սպառնալիք իրենց իշխանության համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG