Կառավարությանն առընթեր Քաղավիացիայի գլխավոր վարչության մամլո խոսնակ Ռուբեն Գրձելյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ «Գրոզնի ավիա» ընկերությանը թույլատրել են չվերթներ իրականացնել դեպի Ռուսաստանի Անապա և Կազան քաղաքներ, իսկ թե այնտեղից ընկերությունը որ ուղղությամբ թռիչք կիրականացնի՝ դա արդեն Հայաստանի խնդիրը չէ։
Երեկ «Ինտերֆաքս»-ի հետ զրույցում Ղրիմի տրանսպորտի նախարար Անատոլի Ցուրկինը հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ վերամիավորվելուց հետո Սիմֆերոպոլ - Երևան չվերթը Սիմֆերոպոլի օդանավակայանից իրականացվող երկրորդ միջազգային չվերթն է։
Ըստ Ցուրկինի, «Գրոզնի ավիա»-ն դեպի Երևան չվերթի առաջին թռիչքը երեկ առավոտյան է իրականացրել, մինչդեռ Գրձելյանի խոսքով՝ երեկ այդ ընկերությունը իրականացրել է Անապա - Երևան չվերթի թռիչքը։ Գրձելյանը ենթադրում է, որ ինքնաթիռը Ղրիմից ժամանել է Անապա, այնուհետև՝ Երևան։