Անցած շաբաթ Սահմանադրական դատարանի կողմից երկրի Հիմնական օրենքին համապատասխանող ճանաչվելուց հետո Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցության պայմանագիրը ներկայացվելու է Ազգային ժողովի վավերացմանը:
Հիշեցնենք, որ խորհրդարանական ուժերից այս միությանն անդամակցելուն դեմ է արտահայտվել միայն «Ժառանգություն» խմբակցությունը: Խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, թե խորհրդարանում շարունակելու են պնդել, որ քանի դեռ լուծված չէ Ղարաբաղի հարցը, որևէ դաշինքի անդամակցելը կվնասի հենց Ղարաբաղին: Այսօր, ըստ պատգամավորի, Հայաստանը պետք է խուսափի որևէ միության մաս կազմելուց:
«Այսինքն, մենք ունենք Արցախ, որը որևէ ձևով չի արձանագրվում այս փաստաթղթում: Արցախը ճանաչված չի միջազգային հանրության կողմից որպես անկախ պետություն, և շատ տրամաբանական է, որ սա կդառնա խոչընդոտ Արցախի հետ մեր համագործակցությանը, առավել ևս, որ Ղազախստանը տարբեր կարգավիճակներով՝ Նազարբաևը՝ իր հերթին, իրենց պատգամավորները՝ ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի շրջանակներում, ասում են, որ իրենց համար ռազմավարական դաշնակից է Ադրբեջանը, և իրենք պաշտպանելու են այս միությունում Ադրբեջանի շահերը», - ասաց Հակոբյանը:
«Շատ հստակ է, և եթե իրենք պահանջեն մաքսակետ դնել Հայաստանի և Արցախի միջև, որևէ ձևով․․․ Ես զարմանում եմ, որ Հայաստանի իշխանությունները, մեր դիվանագիտությունը, որը հաստատ փաստաթուղթ ընթերցել գիտի, և եթե ինչ-որ բան արձանագրված չի փաստաթղթում, ինչպե՞ս կարող ես վաղը պահանջել, եթե նրանք պահանջեն, ասենք՝ Ղազախստանը պահանջի, որ մաքսակետ դրվի, դու միջազգային ո՞ր նորմերով պետք է պահանջես, որ չդրվի դա», - ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը՝ շարունակելով․ - «Իրենք խոստացել են, որ անառիկ կպահեն միասնական տնտեսական դաշտը Ղարաբաղից, այսինքն՝ որ Արցախը չի մասնակցի, թեկուզ ստվերային ձևով, այդ տնտեսական տարածքին: Այստեղ Ռուսաստանի խնդիր չի՝ Ռուսաստանի հետ մեր երկկողմ հարաբերությունները շատ ավելի բարձր եմ գնահատում, քան այս միության շրջանակներում»:
Եթե Ազգային ժողովը վավերացնի Հայաստանի՝ տնտեսական այս կառույցին անդամակցելու փաստաթուղթը, ապա արդեն հաջորդ տարվա սկզբից Հայաստանն իր տնտեսական գործունեությունը ստիպված կլինի ծավալել միայն ԵՏՄ-ի շրջանակներում:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավարը խորհրդարանական քննարկումների ընթացքում պատրաստվում է քաղաքական մեծամասնության ուշադրությունը կենտրոնացնել ևս մեկ կարևոր խնդրի վրա:
«Ոչ միայն արդեն եռանախագահությունն է զբաղվելու Արցախի հարցով, այլ նաև Եվրասիական միությունը, որովհետև եթե մինչև այս պահը այդ մանդատը տրված էր եռանախագահությանը Մինսկի, այս պահով արդեն Արցախի հետ առնչվող հարցերը անպայման կդառնան քննարկման առարկա հենց Եվրասիական միության շրջանակներում», - նշեց Ռուբիկ Հակոբյանը: