Մատչելիության հղումներ

ԼՂ վարչապետը առաջիկայում պատերազմի վերսկսման վտանգ չի տեսնում


Արայիկ Հարությունյան, արխիվ
Արայիկ Հարությունյան, արխիվ

Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արայիկ Հարությունյանի խոսքով՝ ՄԻ-24 ուղղաթիռի խոցումը Ադրբեջանի կողմից հերթական ապակայունացնող քայլն էր։

«Ազատության» հետ զրույցում ԼՂ վարչապետը նշեց, որ տեղի ունեցածից պետք է հետևություններ անել, պետք է նորից համոզել, որ իրենց խաղաղության հիմնական գրավականը Պաշտպանության բանակն է, իրենց մարտունակության աստիճանը՝ երկրի զարգացումը։

«Իհարկե, նշվեց և' Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի կողմից, և' Արցախի պաշտպանության նախարարի կողմից, որ պատասխան լինելու է, իսկ դա միայն առճակատումը խորացնում է։ Այսինքն, ամեն մի նման երևույթ, ընդհարում ոչ թե մեղմացնում է վիճակը, ոչ թե կարգավորում է խնդիրը, այլ հեռացնում և ավելի վտանգավոր աստիճանի է դարձնում», - ասաց Արայիկ Հարությունյանը։

Հարությունյանի դիտարկմամբ, թեև միջադեպից հետո միջազգային հանրությունն անդրադարձավ կատարվածին, ինչ-որ տեղ մեղադրանքներ հնչեցին Ադրբեջանի իշխանությունների ու զինված ուժերի վարած քաղաքականության մասով, եղան նաև չեզոք հայտարարություններ, այդուհանդերձ, իր կարծիքով, դա ինչ-որ էական նշանակություն չունի։

«Նորից ուզում եմ անդրադառնալ խաղաղության հիմնական երաշխավորին՝ մեր Պաշտպանության բանակին, մեր մարտունակության աստիճանին։ Մենք պետք է գիտակցենք ամեն ինչ և տնտեսության զարգացմանը զուգահեռ մտածենք բանակի մարտունակության աստիճանի բարձրացման մասին», - նշեց Լեռնային Ղարաբաղի վարչապետը։

Ուղղաթիռի խոցումով պայմանավորված՝ առաջիկայում պատերազմի վերսկսման վտանգ ԼՂ վարչապետը չի տեսնում. - «Որովհետև Ադրբեջանը վերջին ամիսներին բազմաթիվ անգամ փորձել է ստուգել Արցախի բանակի մարտունակության աստիճանը և համոզվել է, որ հնարավոր չէ հաջողության հասնել, և դա ստիպելու է նրանց դեռ երկար ժամանակ մտածել կամ նոր ուղղություններ փնտրել։ Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից իրականացվող աշխատանքներին, հերթական հանդիպումներն են լինելու, հերթական հայտարարություններն են լինելու, և կոնկրետ առաջընթաց չեմ սպասում»։

«Ադրբեջանի իշխանությունները, քաղաքական ղեկավարությունն այսօր պատրաստ չեն սեղանի շուրջ նստել, իսկ այդ հանդիպումները չեմ որակի որպես բանակցություններ։ Այն, ինչ տեղի է ունենում, դրանք ընդամենը հանդիպումներ են», - ընդգծեց Հարությունյանը՝ անիմաստ համարելով իրենց մասնակցությունն այդ, իր ձևակերպմամբ, հանդիպումներին։

Նրա խոսքով՝ Ղարաբաղը կմասնակցի, երբ իսկապես սկսվեն բանակցությունները, իսկ Ղարաբաղյան հարցում ստատուս քվոն դեռ երկար կպահպանվի, քանի որ Ադրբեջանի հանրությունն այսօր պատրաստ չէ հակամարտության կարգավորման որևէ կոնկրետ տարբերակի։

«Երբ որ արդեն Ադրբեջանը պատրաստվի ինչ-որ քայլի քաղաքական, պատրաստվի բանակցությունների սեղան նստի, այն ժամանակ արդեն Արցախի ներկայացուցիչները՝ ընտրված ղեկավարության կողմից, արդեն մենք կորոշենք, թե ովքեր են մասնակցելու և ինչ ձևաչափով»։

Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմանը, ապա ԼՂ վարչապետի կարծիքով՝ դա պետք է արվեր դեռ պատերազմի տարիներին։

«Պատերազմից հետո՝ հենց հրադադարի ժամանակ, որովհետև այն ժամանակ դա ավելի պահանջված էր և ավելի կարևոր էր։ Այսօր պետք է խորը վերլուծություններ կատարել և ճիշտ որոշում կայացնել։ Ինչքանո՞վ է դա նպաստելու առաջին հերթին Արցախի զարգացմանը, ինչքանո՞վ է դա նպաստելու Հայաստանի խնդիրների լուծմանը», - նշեց ԼՂ կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ այսօր առավել կարևոր է, որ Լեռնային Ղարաբաղը զարգացնի իր տնտեսությունն ու բանակի պաշտպանունակությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG