Մատչելիության հղումներ

Բաբայան․ Անջեյ Կասպշիկը կայցելի խփված ուղղաթիռի անկման վայր


ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկն ամենայն հավանականությամբ առաջիկա երկուշաբթի կամ երեքշաբթի կայցելի ադրբեջանական կողմից խփված ուղղաթիռի անկման վայրը։ Այս մասին «Ազատությանը» փոխանցեց Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը։

«Ազատության» հարցին՝ եթե ադրբեջանական կողմը այդ տեղանքը պահում է չդադարող կրակի տակ, ապա ինչպե՞ս է Կասպշիկը մուտք գործելու այդ տարածք, Բաբայանը պատասխանեց, որ աշխատանքներ են տարվում կրակահերթերը դադարեցնելու ուղղությամբ։

Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղարը փոխանցեց, որ Կասպշիկի այցի ընթացքում չի բացառվում, որ հայկական կողմը կարողանա չեզոք գոտուց դուրս բերել ուղղաթիռի անձնակազմի անդամներին։ Նրանց ճակատագիրը շարունակում է անորոշ մնալ։ Բաբայանը ամենևին էլ տարօրինակ չի համարում այն, որ Ադրբեջանը երեք օր շարունակ այդ հատվածը կրակի տակ է պահում։

Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայան
Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայան

«Անհասկանալի բան չկա կամ տարօրինակ: Այդ պետության էությունն է այդպես՝ ֆաշիստական, աննորմալ պետություն», - ասաց Բաբայանը:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը «Ազատությանը» փոխանցեց, որ այս գիշեր ևս հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը։

«Նոյեմբերի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 800 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 7,000 կրակոց», - ասված է Պաշտպանության բանակի տարածած հաղորդագրությունում։

Կարմիր խաչի Միջազգային կոմիտեի հայկական գրասենյակը ադրբեջանցի գործընկերներից դեռևս լուր չունի՝ հայկական կողմի խնդրանքով արդեն երեք օր է՝ դիմել է Բաքվի գործընկերներին՝ երկխոսելու ադրբեջանական իշխանությունների հետ՝ չեզոք գոտի անվտանգ մուտք գործելու համար։ Հայկական գրասենյակի մամուլի պատասխանատու Զառա Ամատունին «Ազատությանը» տեղեկացրեց, որ այդ խնդրով դեռևս պատասխան չեն ստացել, երկխոսությունը ադրբեջանական իշխանությունների հետ շարունակվում է։

Հիշեցնենք՝ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ Ղարաբաղում լրագրողների հետ զրույցում ասել էր․ - «Այդ լկտի գործողություններին համարժեք պատասխան, մի քիչ էլ ավելի անհամաչափ, անկասկած, տրվելու է»:

Ղարաբաղի պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանն էլ իր հերթին նշել էր․ - «Թե ինչ գործողություններ ենք իրականացնելու՝ դա բանակի խնդիրն է»։

Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ևս նշեց, որ հայկական բանակը պետք է պատասխան տա Ադրբեջանին։

«Դա ռազմական պատասխանը պիտի լինի, ինչը մեր բանակը և Ղարաբաղի բանակը միշտ շատ գերազանց անում են», - ասաց նա, - «Բանակը դա անելու է, որովհետև չի կարելի թույլ տալ, որպեսզի Ադրբեջանը զգա իրեն անպատիժ»:

Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը, սակայն, հակառակ կարծիքն ունի։ Ասում է, որ հայկական բանակի պատասխանն արդեն ուշացած կլինի ու միջազգային հանրության կողմից կդիտվի որպես հրադադարի խախտում։ Եթե պատասխանը լիներ հենց այդ ժամանակ, իրավիճակը բոլորովին այլ կլիներ՝ ասում է Կոմանդոսն ու նշում, որ հայկական կողմը հետագայում նման միջադեպերը կանխելու համար պետք է պատասխան տա։

Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, բացառելով պատերազմի վերսկսման հնարավորությունը, ասաց, որ ռազմական լայնածավալ գործողություններից զերծ մնալու համար Հայաստանի ու Ղարաբաղի իշխանությունները մի քանի ուղղություններով պետք է աշխատեն՝ դրանց թվում առաջինը դիվանագիտական աշխատանքն է։ Հայաստանը պետք է օգտագործի Ադրբեջանի այս կոպիտ խախտումը ու ԵԱՀԿ Մինսկի խմբի, ինչպես նաև միջազգային այլ կառույցների մակարդակով քննարկի այն հարցը, որ Ադրբեջանը չի ուզում պահպանել հրադադարի ռեժիմը, ուստիև չի կարող լուծել հակամարտությունը:

Եթե պաշտպանության նախկին նախարարը կարծում է, որ հայկական կողմի դիվանագիտությունն անցած տարիներին եղել է իրավիճակին համարժեք, ապա պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը կարծում է, որ ռազմական հաղթանակ տանելուց հետո մենք դիվանագիտական հաղթանակ դեռ չենք տոնել։ Նա իշխանություններին առաջարկում է հրաժարվել Մադրիդյան սկզբունքներից, որտեղ խոսք կա նաև փոխզիջումների մասին, ու տարբեր մեթոդներով ու մեխանիզմներով Ադրբեջանին ու միջազգային հանրությանը պարտադրել հայկական հաղթանակը։

«Պահանջենք ճանաչել պատերազմի արդյունքը այնպիսին, ինչպիսին կա: Ստանալ համապատասխան կարգավիճակ՝ անկախության կարգավիճակ, Արցախ տարածքի․․․ մենք պետք է այս ուղղությամբ գնանք այլևս, որովհետև վստահել և շարունակել այդ խաղը՝ իրենց խաղը, դա մեզ համար անթույլատրելի է: Ինչո՞ւ պետք է մենք կորուստներ կրենք՝ խարդախ պարտնյոր ունենալու պատճառով», - հարցնում է Շիրխանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG