Կոնք-ազդրային բնածին արատից տառապող 3-ամյա Էվելինա Ավետյանի մայրը՝ Մարինեն, ահազանգում է՝ եթե երեխային հիմա չվիրահատեն, ամենայն հավանականությամբ, նա հաշմանդամ կդառնա:
Թեպետ Հայաստանում մինչև 7 տարեկան երեխաների բուժօգնությունն անվճար է, Էվելինայի հերթական վիրահատության համար պետությունը գումար չի կարող հատկացնել:
Մարինա Ավետյանը դիմել է հնարավոր բոլոր ատյաններին, օգնության ձեռք մեկնողներ եղել են․ մի շարք վիրահատություններ արվել են անվճար, երեխայի ոտքերին ամրացված սարքը ևս նվիրատվություն է, սակայն հերթական վիրահատությունը թանկ հաճույք է և աղքատ ընտանիքներին ոչ հասու: Վերջին դիմումն էլ վարչապետին էր ուղղել, սակայն առողջապահության նախարարությունը մերժել էր վիրահատությունը ֆինանսավորելու խնդրանքը:
«Էլի խնդրանք է, որ թե բողոք․․․ որ ընդառաջեն երեխային: Չեմ բողոքում, ես տեղյակ եմ, որ դա վճարովի է: Ես իրենցից էլ եմ շնորհակալ, ուղղակի պատճառը ուզում եմ իմանալ՝ ինչն է, որ այդ փոքրիկին չեն օգնում: Այս րոպեին ոտքը ցավում է երեխայի», - ասում է մայրը:
Առողջապահության նախարարությունից մեզ հաղորդեցին, որ երեխային անհրաժեշտ ոսկրապլաստիկ ռեկոնստրուկտիվ վիրահատությունը ներառված է նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական ծառայությունների ցանկում և բնակչության բոլոր խմբերի համար կատարվում է վճարովի հիմունքներով:
Հիվանդանոցում նմանատիպ խնդիրներով պառկած հիվանդներից Մարինեն պարզել է, որ ամեն ոտքի վիրահատության համար մոտ 2 միլիոն դրամ գումար է անհրաժեշտ:
Երեխային բուժող բժիշկը՝ Հովսեփ Դանիելյանը, մեզ հետ զրույցում այդպես էլ չհստակեցրեց վիրահատության համար պահանջվող գումարի չափը: Նա միայն նշեց, որ այս պահին վիրահատությունը հրատապ չէ: Բժիշկը ևս հաստատեց, որ պլաստիկ ռեկոնստրուկտիվ վիրահատությունը պետպատվերի մեջ չի մտնում և դրա համար պահանջվող մետաղական կոնստրուկցիան պետք է ձեռք բերի հիվանդը:
4 երեխաների միայնակ մայրն ապրում է ծայրահեղ աղքատության մեջ․ վարձակալած կացարանը շատ հեռու է նորմալ պայմաններից՝ առավել ևս հիվանդ երեխա պահելու համար: Ապրուստի միջոցներ հայթայթում է փող մուրալով և մանր մունր բաներ վաճառելով:
Փաստացի գրանցում չունենալու պատճառով տիկին Մարինեն զրկված է նաև աղքատության նպաստից: Ու այս պարագայում շատ բարդ է ենթադրել, որ մի օր այս ընտանիքը վիրահատության համար անհրաժեշտ գումարը կհավաքի: