Մատչելիության հղումներ

Փաստաբանն ահազանգում է գիշերօթիկում յուրացումների գործը կոծկելու փորձի մասին


Փաստաբանն ահազանգում է գիշերօթիկում յուրացումների գործը կոծկելու փորձի մասին
please wait

No media source currently available

0:00 0:03:49 0:00

Բյուրեղավանի գիշերօթիկում յուրացումներ կատարելու փաստով հարուցված քրեական գործը կարծես տեղից չի շարժվում․ առայսօր գործով անցնող որևէ պաշտոնյա չի հարցաքննվել:

Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության սաներից մեկը «Ազատության» հետ զրույցում դեռևս ամիսներ առաջ պատմել էր, թե ինչպես է տնօրենն իրեն ծեծի ենթարկել: Մի շարք միջազգային ընկերություններ, ՀԿ-ներ, ակտիվիստներ ու ԿԳՆ-ի աշխատակիցներ հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել ոստիկանություն: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Բյուրեղավանի գիշերօթիկ այցելությունից հետո տնօրենն աշխատանքից ազատվել էր:

Տուժող կողմը ներկայացնող փաստաբան Տիգրան Հայրապետյանը պնդում է, որ հարուցված քրեական գործի շրջանակներում տնօրենին պետք էր համապատասխան մեղադրանք առաջադրել, ոչ թե պարզապես աշխատանքից հեռացնելով նրան փրկել իրավապահներից: Նա պնդում է, որ այստեղ տարիներ շարունակ մոտ 50 մլն դրամի չարաշահումներ են կատարվել նախկին տնօրենի կողմից, ով այդպես էլ պատասխանատվության չի ենթարկվել: Բացի այդ, փաստաբանի պնդմամբ, գիշերօթիկի երեխաները պարբերաբար ենթարկվել են բռնությունների, սակայն քրգործ հարուցվել է միայն յուրացումների մասով:

Գիշերօթիկի աշխատակիցները փաստաբանի հետ զրույցում պատմել են, որ տնօրենը սպառնացել է իրենց ներսի խնդիրները դուրս հանելու համար: Որպես տնօրենի հովանավոր՝ կենտրոնի աշխատակիցներն ու փաստաբանը նշում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ֆիլարետ Բերիկյանի անունը: Փաստաբանի խոսքով՝ Բերիկյանն այցելել էր նախարարություն և փորձել պարզել, թե գիշերօթիկում տիրող անօրինությունների մասին ո՞վ է նամակ գրել լրատվամիջոցներին: Հետո սպառնացել էր, որ հեղինակը կպատժվի:

Աշխատակիցներից մեկի դուստրը՝ Նարե Սահակյանը, «Ազատության» հետ զրույցում հաստատեց, որ Բերիկյանը զանգահարել է իրեն ու փորձել պարզել, թե ինչպե՞ս է իր անձնական էլեկտրոնային հասցեից նամակն ուղարկվել լրատվամիջոցներին: Լսելով Նարեի կտրուկ պատասխանները՝ Բերիկյանը զրույցը կիսատ է թողել:

«Ես իրեն ասացի, որ իր պահանջը անօրինական է: Ինքը սկսեց բարձր խոսել՝ ես պետական պաշտոնյա եմ, ինչպե՞ս ես ինձ հետ խոսում, ջահել աղջիկ ես, այս ի՞նչ պահվածք է․․․ այսպես, էլի․․․», - պատմեց Սահակյանը:

Անդրադառնալով իրեն ուղղված մեղադրանքներին՝ սոցապ նախարարի տեղակալն «Ազատությանը» փոխանցեց, որ նման փաստաբանի ինքը չի ճանաչում և անհեթեթություններին և հիվանդ երևակայությանը չի պատասխանում:

Տիգրան Հայրապետյանը արդեն դիմել է առաջին ատյանի դատարան՝ նախաքննական մարմինների անգործությունը բողոքարկելու համար: Նա մտավախություն ունի, որ գործը շուտով կփակվի, իսկ՝ «իրական կազմակերպիչները, հովանավորները, կարող է պատասխանատվության չենթարկվեն»:

«Այս ընթացքում պետք է հարցաքննված լինեին հենց նախարարի տեղակալ Բերիկյանը, տնօրենը, հաստատության աշխատակիցներն ու ծեծի մասին հաստատող երեխաները», - պնդում է փաստաբան Տիգրան Հայրապետյանն ու հավելում՝ նախաքննությունից յոթ ամիս է անցել, և դեռ ոչ ոք չի հարցաքննվել, մի քանի քննիչ է փոխվել և այժմ գործը գտնվում է Քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության վարույթում:

Փաստաբանը բացարձակ անգործության մեջ է մեղադրում նաև նախաքննական մարմնին ու գործը վերահսկող դատախազությանը:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը, սակայն, «Ազատությանը» փոխանցեց, որ հարցաքննվել են թե՛ ՊՈԱԿ-ի աշխատակիցները, թե՛ հաստատության սաները, ինչի արդյունքում ի հայտ են բերվել բազմաթիվ խախտումներ: Հաշվի առնելով քրեական գործի առանձնահատկությունները ու հասարակական հնչեղությունը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG