Մատչելիության հղումներ

Բան Կի-մունը ԼՂ հակամարտության կողմերին զսպվածության կոչ է անում


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մուն, արխիվ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մուն, արխիվ

Բաքուն շարունակում է պնդել, թե համանախագահների առջև իր ոչ մի պարտավորություն չի խախտել:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը Ադրբեջանին և Հայաստանին զսպվածության կոչ է արել: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Ղարաբաղում հայկական ռազմական ուղղաթիռը ոչնչացնելու միջադեպից հետո, հինգշաբթի օրը գլխավոր քարտուղարի խոսքերը լրագրողներին փոխանցել է նրա տեղակալ Ֆարհան Հաքը:

Հաքի փոխանցմամբ՝ գլխավոր քարտուղարը կիսում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների լուրջ մտահոգությունները:

«Գլխավոր քարտուղարը բոլոր կողմերին նաև կոչ է անում խուսափել քայլերից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի հետագա սրմանը, և հանձնառու մնալ հակամարտության խաղաղ կարգավորման համար իրենց պարտավորություններին», - նշել է նա:

Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղարը այսօր հայտարարել է, թե խփելով հայկական ռազմական ուղղաթիռը՝ Ադրբեջանը համանախագահների դիմաց ստանձնած ոչ մի պարտավորություն չի խախտել:

Հիքմեթ Հաջիևը հիշեցրել է, որ դեռ 2012 թվականին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը նամակ է հղել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներին, ուր ասվում էր, որ եթե Հայաստանի ռազմական ցանկացած թռչող սարք խախտի Ադրբեջանի օդային տարածքը, ապա դա կգնահատվի որպես երկրի տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգություն, և կձեռնարկվեն համապատասխան միջոցներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG