Մատչելիության հղումներ

Լուրջ թերություններ՝ Հայաստանում շահերի բախման օրենսդրության մեջ


Արևելյան գործընկերության 3 երկրներում՝ Հայաստանում, Մոլդովայում, Ուկրաինայում, ինչպես նաև գործընկերությունը նախաձեռնած Լեհաստանում Եվրամիության ֆինանսավորմամբ ուսումնասիրություններ են անցկացվել՝ պարզելու, որքանով են այդ երկրների պետական մարմիններում ընկալում՝ ինչ է շահերի բախումը, և այդ երկրների օրենսդրությունը որքանով է կարգավորում դաշտը:

Ուսումնասիրությունը Հայաստանում իրականացրել են «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնն ու «Եվրասիա» համագործակցության հիմնադրամը:

«Իրավական դաշտը բավականին թույլ է, չկան վերահսկողական պատասխանատվության մեխանիզմներ, այդ պատճառով մեր իրականության մեջ շահերի բախման երևույթը որ առկա է համարյա ամեն քայլափոխի, որևէ կերպ չի պատժվում, պատասխանատվության չեն ենթարկվում այն պաշտոնատար անձինք, որոնք որոշում են ընդունում կամ գործողություն են իրականացնում շահերի բախման իրավիճակում», - Հայաստանում իրենց ուսումնասիրության մանրամասներն է ներկայացնում «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Սոնա Այվազյանը:

Ուսումնասիրության ընթացքում «Եվրասիա» համագործակցության հիմնադրամը հարցման միջոցով փորձել է պարզել, թե ինչպես է ընկալվում շահերի բախում հասկացությունը Հայաստանի կառավարական օղակներում, այդ նպատակով դիմել է 10 նախարարությունների: Ուշագրավ և խոսուն փաստ է, թերևս, որ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարությունները հրաժարվել են մասնակցել հարցմանը՝ նպատակահարմար չհամարելով դրա անցկացումը: Կրթության և գիտության նախարարությունը, թեև չի մերժել, սակայն այնքան է հետաձգել, որ հարցումը չի կայացել: Արդյունքում յոթ նախարարությունների 134 աշխատակիցների շրջանում արված հարցումը պարզել է՝ շատերը ճիշտ չեն ընկալում անձնական և աշխատանքային շահերի սահմանագիծը:

Ուշագրավ է օրինակ, որ հարցման մասնակիցների 20-30 տոկոսը նշել են, որ գիտեն դեպքեր, երբ իրենց նախարարությունում ծանոթ-բարեկամի են տեղավորել աշխատանքի, անարդար կերպով հենց ծանոթներին են առաջ քաշել և նրանց պաշտոնը բարձրացրել, սակայն հարցին՝ արդյոք տեղյա՞կ եք ձեր հաստատությունում շահերի բախման որևէ դեպքի մասին հարցվածների 95 տոկոսը բացասական պատասխան է տվել:

«Հարցված քաղծառայողների կեսից ավելին գտնում է, որ շահերի բախման իրավիճակում հայտնվելու դեպքում ինքը իրավունք ունի մասնակցել որոշումների կայացման գործընթացին կամ լինել որոշում կայացնողը», - որպես նախարարությունների աշխատակիցների անտեղյակության օրինակ՝ մեջբերում է «Եվրասիա» համագործակցության հիմնադրամի ծրագրի ղեկավար Միքայել Հովհաննիսյանը: - «Օրենսդրական մակարդակում, եթե համեմատենք, օրինակ, Մոլդովայի հետ, Հայաստանը զիջում է: Նույնն էլ՝ Ուկրաինայի պարագայում: Այսինքն այնտեղ օրենսդրական կարգավորումները ավելի հստակ են», - հավելում է նա:

Սոնա Այվազյանն ասում է, թե Հայաստանում վեր հանված խնդիրները լուծելու առաջին քայլը օրենսդրություն փոխելը պետք է լինի:

«Օրենսդրության փոփոխությունը առաջին քայլն է, որը պետք է անպայմանորեն արվի, որովհետև եթե օրենսդրությունը չփոխվի, որևէ բան չի փոխվի: Այս պահին շահերի բախման սահմանումը այնքան սահմանափակ է տրված, որ ըստ էության՝ որևէ մեկի մոտ չեն հայտնաբերի շահերի բախում: Մինչև չլինի դրա անընդունելիության ամրագրումը օրենսդրությամբ, դա կշարունակվի և որևէ կերպ չի կանխարգելվի կամ պատժվի», - ասում է նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG