Անզեն ուղղաթիռը թիկունքից խփելը ցույց է տալիս ադրբեջանական պետության իրական դեմքը, միջազգային հանրությունը պետք է խստագույնս դատապարտի այս բարբարոսական գործողությունը։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն էլ «Ազատության» հետ զրույցում շեշտեց, որ տեղի ունեցածը հրադադարի կոպտագույն խախտում է, ինչին կհետևի հայկական կողմի թե՛ ռազմական, թե՛ քաղաքական արձագանքը։
«Նախ՝ ուզում եմ ցավակցությունս հայտնել բոլոր զոհերի հարազատներին, երկրորդ՝ հնարավոր պատճառներից կարող է լինել, որ ռազմական ուղղաթիռը կորցրել է կողմնորոշումը կամ կառավարումը, թեև չկա դեռ հստակ տեղեկատվություն խոցման պատճառի վերաբերյալ։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է, և այդ իմաստով դեռ, կարծում եմ, առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում կլինեն հստակ պարզաբանումներ», - ասաց Նահապետյանը։
Խորհրդարանական հանձնաժողովի նախագահն ընդգծեց, որ Ադրբեջանը լարված է Լեռնային Ղարաբաղում ընթացող «Միասնություն 2014» օպերատիվ-մարտավարական լայնածավալ զորավարժություններից և չի կորցնում հնարավորությունը՝ այս օրերին վնաս հասցնելու Պաշտպանության բանակին։
«Նպատակը կարող է տարբեր լինել՝ խոչընդոտել զորավարժությունների անցկացմանը, ազդել Զինված ուժերի հոգեբանության վրա, կրկին ապակայունացնել իրավիճակը շփման գծում։ Պետք է փաստել, որ հրադադարի ռեժիմի հաստատումից հետո այսպիսի միջադեպ առաջին անգամ է տեղի ունենում, աննախադեպ է, և սա պետք է դիտել որպես հրադադարի ռեժիմի կոպտագույն խախատում։ Բնականաբար, պետք է լինեն քաղաքական գնահատականներ, գնահատականներ, որոնք պետք է հնչեն ինչպես մեր կողմից, այնպես էլ միջազգային հանրության», - ասաց Կորյուն Նահապետյանը։
Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը երեկ Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրել էր. - «Այս աննախադեպ լարման հետևանքները ադրբեջանական կողմի համար շատ ցավոտ կլինեն և կմնան Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության խղճին»։
Հարցին, թե ինչպիսի՞ քայլեր պետք է ձեռնարկի հայկական կողմը, Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովի նախագահը պատասխանեց. - «Քայլերը պետք է լինեն տարբեր: Եթե քաղաքական առումով փորձենք դիտարկել խնդիրը, բնականաբար, կլինեն նաև համապատասխան հայտարարություններ իրավասու մարմինների կողմից»։ «Քաղաքական քննարկումների առումով՝ սկզբունքորեն չեմ էլ բացառում, որ կարող է անգամ, օրինակ, Ազգային ժողովը համապատասխան հայտարարություն ընդունել, բայց դրանք դեռ նախնական քննարկումների փուլում են, առաջիկա օրերին պարզ կլինի նաև` ինչպիսի մոտեցումներ կլինեն», - նշեց Նահապետյանը:
Ինչ վերաբերում է ռազմական քայլերին, նա ընդգծեց, որ կլինեն նաև համարժեք գործողություններ, և «հակառակորդ կողմը ձեռնարկած այս սադրիչ գործողության կապակցությամբ կստանա նաև արժանի պատասխան»։