«Ադրբեջանի տարածքը գտնվում է օկուպացիայի մեջ, անհետ կորած անձանց մեծամասնությունն ադրբեջանցիներ են։ Մենք ողջունում ենք այս գործընթացում Կարմիր Խաչի դերը և հույս ունենք, որ այս ուղղությամբ գործադրվող ջանքերը նոր թափ կստանան», - նման բովանդակությամբ նամակ է հղել Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանությունը «Ամերիկայի Ձայն»-ին։
Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների ու անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովի տվյալներով՝ ադրբեջանական կողմից անհետ կորած են եղել 4 հազար16 անձինք։ 1988-2Օ14 թվականների ընթացքում ազատ է արձակվել 1419 ադրբեջանցի, սակայն, ըստ հանձնաժողովի, մի զգալի մասը դեռևս մնում է գերության մեջ, և «Հայաստանն այդ փաստը թաքցնում է միջազգային կազմակերպություններից»։
Վաշինգտոնում Հայաստանի դեսպանությունը նույնպես ողջունում է երկու երկրների միջև Փարիզում ձեռք բերված համաձայնությունը։
«Ներկայումս մեզ համար հուսադրող է տվյալ հարցում ադրբեջանական կողմի համագործակցության ցանկությունը: Հուսով ենք, որ այն իր համապատասխան արտացոլումը կգտնի նաև գործնական դաշտում», - ասված է նամակում:
Ռազմական գործողությունների ընթացքում անհետ կորած քաղաքացիական և զինվորական անձանց թիվը Հայաստանից կազմում է 220, Լեռնային Ղարաբաղից` 900-1000 անձ:
Հայաստանի դեսպանության նամակում ասված է. - «Հարկ ենք համարում նշել, որ ադրբեջանական կողմը պատերազմի ժամանակ իր զոհերի թիվը թաքցնելու նպատակով մարտական գործողությունների դաշտում էր թողնում զոհված հայրենակիցների դիակները, և այժմ բոլոր այդ անձանց՝ ներկայացնում որպես անհետ կորածներ»:
Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով բաժնի ղեկավարի տեղակալ Քերոլայն Դուլիեն սկայպի միջոցով Ժնևից «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցի ընթացքում ճշտեց կորած անձանց թիվը՝ ասելով, որ «երկու կողմերից կորածների ընդհանուր թիվը կազմում է ավելի քան 4 հազար 500 մարդ»։ Եվ սրանք այն անձինք են, ովքեր կորել են միայն պատերազմի տարիներին»։
Ադրբեջանի դեսպանության նամակում ասված է. - «Կարմիր Խաչն այժմ զբաղված է Ադրբեջանի երկու քաղաքացիների՝ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հարցով, որոնք գրավյալ Քելբաջարում էին (Քարվաճառ)՝ իրենց հարազատների գերեզմաններին այցելելու նպատակով ու գերեվարվել են հայերի կողմից։ Նրանց հայրենիք վերադարձնելու Կարմիր Խաչի ջանքերի արդյունավետությունը կդառնա մարդասիրական այս հարցում շատ կարևոր առաջընթաց»։
Հիշեցնենք, որ նշված երկու ադրբեջանցիները Լեռնային Ղարաբաղում մեղադրվում են Ջոմարդ գյուղի 17-ամյա բնակիչ Սմբատ Ցականյանին ու 42-ամյա մայոր Սարգիս Աբրահամյանին սպանելու, 37-ամյա Կարինե Դավթյանին ծանր վիրավորելու մեջ՝ լրտեսության, Ղարաբաղի պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, հրազեն և ռազմամթերք կրելու հատկանիշներով։
«Ամերիկայի Ձայն»-ի հարցին, թե ինչպե՞ս է ԱՄՆ-ը վերաբերվում միջազգայնորեն չճանաչված Լեռնային Ղարաբաղում ադրբեջանցիներին դատելու իրողությանը, ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակ Ջեն Փսաքին մի քանի օր առաջ խոստացել էր պատասխանել հավելյալ տեղեկություններ ստանալուց հետո։ Երեք օր առաջ նույն հարցին ի պատասխան Ջեն Փսաքին ասաց, թե ինքն առայժմ չունի որևէ մեկնաբանություն։
Կարմիր Խաչի բարձրաստիճան պաշտոնյան ասում է, թե կորած անձանց երբեմն շփոթում են գերվածների հետ։
«Կորածները 4 հազար 500 են։ Ինչ վերաբերում է գերվածներին, ապա մեր տվյալներով՝ Ադրբեջանում կա 5 հայ, հայկական կողմում՝ 2 ադրբեջանցի։ Սակայն հարցը ոչ թե գերիներին փոխանակելու, այլ կորած անձանց մասին տեղեկություններ ստանալու և նրանց ընտանիքներին պատասխաններ տալու մասին է», - ասաց նա։
Այս աշխատանքները, Քերոլայն Դուլիեի խոսքերով, ընդգրկում են նաև այն տարածքների հայտնաբերումն ու ուսումնասիրությունը, որտեղ թաղել են այժմ կորած համարվող անձանց, նրանց մարմինների դատաբժշկական հետաքննությունը, արտաշիրիմումը։
Իսկ հարցին, թե հույս ունե՞ն, որ մի օր կունենան բոլոր կորած անձանց մասին տեղեկություններ, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով Կարմիր Խաչի փոխպատասխանատու Քերոլայն Դուլիեն ասաց. - «Մենք չենք կարծում, որ որևէ ժամանակ կկարողանանք տեղեկություններ ունենալ կորած բոլոր անձանց մասին, սակայն ջանք չենք խնայում ու պատրաստ ենք աշխատել հնարավորինս երկար, որպեսզի կարողանանք պատասխան տալ մեծ թվով ընտանիքների»։
Նրա խոսքերով, Կարմիր Խաչը 2ՕՕ8 թվականից ի վեր աշխատանքային լավ հարաբերություններ ունի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ, և այսօր կորած անձանց մասին տեղեկությունների փոխանակման մասին համաձայնությունը շատ կարևոր քայլ է։