Նախագահի նստավայրում այսօր երեկոյան տեղի է ունեցել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2014 թվականի մրցանակի հանձնման արարողությունը, որից հետո ի պատիվ մրցանակի արժանացած՝ բարձր տեխնոլոգիաների բնագավառում մեծ հեղինակություն վայելող աշխարհահռչակ «Սիսկո» (Cisco) ընկերության զարգացման գծով նախագահ, միկրոէլեկտրոնիկայի ասպարեզում մի շարք նորարարությունների հեղինակ Մարիո Մացցոլայի և նրա տիկնոջ՝ Լուչիանա Կավալետի, հրավիրվել է ընդունելություն:
Սերժ Սարգսյանի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների (ՀՏՏ) մրցանակաբաշխության կոմիտեի գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը ընդունելությանը հնչեցրած իր ելույթում ներկայացրել է Հայաստանում ամենադինամիկ զարգացող և ամենամեծ հավելյալ արժեք ստեղծող ճյուղ հանդիսացող ՏՏ ոլորտի վերջին տարիների հաջողությունները, ոլորտի զարգացման ուղղությամբ Հայաստանում կյանքի կոչվող նախաձեռնությունները։
«Մրցանակակիր Մարիո Մացցոլան իր շնորհակալական խոսքում երախտագիտություն է հայտնել ՏՏ ոլորտի այսպիսի հեղինակավոր մրցանակի արժանանալու համար, ներկայացրել իր գործունեությունը, խոսել աշխարհում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման, ինչպես նաև Հայաստանում այդ ոլորտի զարգացման համար առկա լավ նախադրյալների ու հեռանկարի մասին»,- հայտնում է պաշտոնական աղբյուրը: