Մատչելիության հղումներ

Կոնգրեսի հանրապետական մեծամասնությունը խոչընդոտելու է հայկական շահերին


Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

ԱՄՆ-ի Կոնգրեսի գրեթե բոլոր թեկնածուները, որոնք աջակցել են հայ-ամերիկյան հարցերին, հաղթանակ են տարել նոյեմբերի 4-ին կայացած ընտրություններում: Արդյունքը նույնքան դրական եղավ առաջադրված մյուս թեկնածուների համար՝ նահանգային և տեղական մրցապայքարներում: Հետևաբար, Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հայտարարեց, որ իր աջակցած թեկնածուների ավելի քան 95 տոկոսը հաջողության է հասել:

Չնայած և՛ հանրապետականները, և՛ դեմոկրատները ավանդաբար աջակցում են հայ-ամերիկյան հարցերին, սակայն որոշ մութ ամպեր են կուտակվել հայկական լոբբիստական ջանքերի վրա Վաշինգտոնում՝ նոր Կոնգրեսում տեղ գտած խոշոր փոփոխությունների պատճառով, որը կգործի 2015 թվականի հունվարից՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի վճռական տարվա ընթացքում:

Մի քանի գլխավոր հայամետ դեմոկրատ սենատորներ կկորցնեն իրենց ղեկավար պաշտոնները՝ նոր հանրապետական մեծամասնության պատճառով: Օրինակ՝ սենատոր Ռոբերտ Մենենդեսը, որը հայկական հարցերով A+ է գնահատվում Հայ դատի հանձնախմբի կողմից, այլևս չի նախագահի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Նրան կփոխարինի հանրապետական սենատոր Ռոբերտ Քորքերը (D+), մեկն այն հինգ հանրապետական սենատորներից, որոնք անցյալ ապրիլին դեմ քվեարկեցին Հայոց ցեղասպանության բանաձևին Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Բացի այդ, Սենատի մեծամասնության առաջնորդ Հարի Ռիդը (A) կդառնա փոքրամասնության առաջնորդ: Նրան կփոխարինի սենատոր Միթչ ՄըքՔոնելը (C+), որն աջակցություն է ստացել Հայ դատի հանձնախմբի կողմից վերընտրվելու համար: Սենատոր ՄըքՔոնելը դրական է քվեարկել որոշ հայկական հարցերի վերաբերյալ:

Պատկերն ավելի պայծառ չէ Ներկայացուցիչների պալատում՝ հայ-ամերիկյան հարցերի վերաբերյալ նրա բարձրագույն ղեկավարության դիրքորոշման առումով: Հանրապետական խոսնակ Ջոն Բեյները, որ կտրուկ աճ է ստացել իր կուսակցության մեծամասնության համար, Անկարա կատարած իր վերջին այցի ժամանակ հայտարարել էր, որ Ներկայացուցիչների պալատը չի զբաղվի Հայոց ցեղասպանության հարցով: Զարմանալի չէ, որ Հայ դատի հանձնախումբը նրան C գնահատական էր տվել: Հույսի մի շող է Ներկայացուցիչների պալատի մեծամասնության ղեկավար Քևին ՄըքՔարթին (B-), որն ստացել է Հայ դատի հանձնախմբի աջակցությունը վերընտրվելու համար և սերտ կապեր է պահպանում իր հայ ընտրողների հետ: Բարեբախտաբար, կոնգրեսական Էդ Ռոյսը (A+), որը ևս վայելում է Հայ դատի հանձնախմբի աջակցությունը, դեռ կնախագահի Արտաքին հարաբերությունների կարևոր հանձնաժողովում:

Զարմանալի չէ, որ թուրքական լրատվամիջոցները հոխորտում են Կոնգրեսի ընտրությունների արդյունքների համար: «Հանրապետականները Հայկական հարցում նախընտրում են Թուրքիային»՝ այսպիսին էր թուրքական Sabah թերթի խորագրերից մեկը: Լրագրող Ռաջիփ Սոյլուն գրել է. - «Սենատի ներսում տեղի ունեցած որոշ փոփոխություններ կօգնեն Թուրքիայի անախորժ փորձառությանը Կոնգրեսի հետ»: Սենատոր Մենենդեսի «հեռացումը» Արտաքին հարաբերությունների հանձնաժողովից «կօգնի Սենատում Թուրքիայի անհարմար և թույլ դիրքին»: Լրագրողը շարունակել է՝ Ներկայացուցիչների պալատում հանրապետականների մեծամասնության վերահսկողությունը անվանելով «ևս մեկ լավ լուր Թուրքիայի համար, քանի որ պալատի խոսնակ Ջոն Բեյներն արդեն խոստացել է Հայկական հարցը չբերել պալատի օրակարգ»: «Կոնգրեսը չի զբաղվի այս հարցով: Մենք պատմություն չենք գրում, մենք պատմաբաններ չենք», - ասել է նա Անկարա կատարած իր այցելության ժամանակ 2014 թվականի ապրիլին»:

Sabah թերթի մեկ այլ հոդվածում, Իլնուր Չևիքը մեծամտորեն գրել է. - «Թուրքիայի ճակատագիրն այնքան էլ վատ չէ», ի դեմս «հավանական խնդիրների՝ օսմանյան ժամանակաշրջանում հայերի հետ կապված 1915-ի իրադարձությունների 100-ամյակի առթիվ»: Չևիքը հանրապետականներին ներկայացնում է որպես ոչ այնքան «կռվարար» Հայկական հարցի վերաբերյալ, որքան դեմոկրատները, «որոնք իրենց կոտորում են ԱՄՆ-ում հայկական լոբբիին գոհացնելու համար, հետևաբար՝ ավելի ընդունակ կլինեին հայերի վերաբերյալ կոշտ ձևակերպումներին, հատկապես 2015 թվականին, երբ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած իրադարձությունների 100-ամյակն է, երբ օսմանյան տիրապետության տակ գտնվող հայերը սպանվեցին, և այս վիճահարույց հարցը հայերն անվանում են ցեղասպանություն»:

Մեկ այլ թուրքական պարբերական՝ World Bulletin-ը, իր հոդվածը հրճվանքով վերնագրել է. - «Հանրապետականների հաղթանակը ԱՄՆ-ի Կոնգրեսում նպաստավոր է Թուրքիայի համար»: Հոդվածում նշվում է, որ «դեմոկրատի գլխավորությամբ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մղձավանջ կլիներ թուրք-ամերիկյան հարաբերությունների համար, քանի որ այն հանդես էր գալու օրինագծերով՝ ցեղասպանության հայկական պահանջներով արևելյան Թուրքիայում տեղի ունեցած 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ»: Վաշինգտոնի Մերձավոր Արևելքի քաղաքականության ինստիտուտի թուրքական հետազոտական ծրագրերի տնօրեն Սոներ Չագափթայը հաստատել է նոր Սենատի թուրքամետ կողմնորոշումը, քանի որ «հանրապետականներն են, որոնք կանխել են Թուրքիայի դեմ ցեղասպանության պահանջներով օրինագծերը»: Մեկ այլ թուրք վերլուծաբան՝ Քադիր Ուսթունը, նկատել է, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ Կոնգրեսի բանաձևի անցկացման հնարավորությունը «երբեք այսքան ցածր չի եղել, քանի որ Կոնգրեսը հանրապետականների վերահսկողության տակ է»:

Այժմ Կոնգրեսի հանրապետական ղեկավարների հետ սերտ կապեր ունեցող ամերիկահայերի պարտքն է՝ համոզել նրանց պահպանելու հայկական նախաձեռնությունները, միաժամանակ բացահայտելով Թուրքիայի աջակցությունը «Իսլամական պետության» ահաբեկիչներին, որոնք սպառնում են ԱՄՆ-ի ազգային շահերին Մերձավոր Արևելքում:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG