Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նոր արտգործնախարար է նշանակել։ Անցած շաբաթ պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի պաշտոնանկությունից հետո հրաժարական տված Մայա Փանջիկիձեին երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնում փոխարինելու է Թամար Բերուչաշվիլին:
Բերուչաշվիլին, հիշեցնենք, այն փոխարտգործնախարարների թվում էր, որոնք, Փանջիկիձեի վկայությամբ, նրա հետ միասին հրաժարականի դիմումներ էին ներկայացրել, սակայն մի շարք «բացատրական զրույցներից» հետո, մասնավորապես՝ վարչապետի հետ, ետ էին վերցրել դրանք: