Մատչելիության հղումներ

«Վրացական երազանք»-ը ամրապնդում է մեծամասնությունը խորհրդարանում


«Վրացական երազանք»-ը ամրապնդում է մեծամասնությունը խորհրդարանում
please wait

No media source currently available

0:00 0:02:07 0:00

Եթե մինչև ներիշխանական ճգնաժամը Վրաստանի 150-հոգանց խորհրդարանում իշխող կոալիցիան 84 պատգամավոր ուներ, ապա այսօր նրանց թիվը հասել է 87-ի:

Վրաստանի իշխող դաշինքը` Բիձինա Իվանիշվիլիի կողմից հիմնադրված «Վրացական երազանք»-ը, երեկ վերջապես կարողացավ չեզոքացնել արտահերթ խորհրդարանական ընտրությունների վտանգը:

Իշխող կոալիցիան խորհրդարանական մեծամասնությունը կորցրեց անցած շաբաթ, երբ պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ալասանիայի կուսակիցները` ազատ դեմոկրատները անցան ընդդիմություն:

Այս շաբաթասկզբին «Վրացական երազանք»-ը անկախ պատգամավորների և «Ազատ դեմոկրատներ»-ից հեռացած մի քանի օրենսդիրների հաշվին կարողացավ ոչ միայն համալրել մեծամասնության շարքերը, այլև ամրապնդել այն: Եթե մինչև ներիշխանական ճգնաժամը 150-հոգանց խորհրդարանում իշխող կոալիցիան 84 պատգամավոր ուներ, ապա այսօր նրանց թիվը հասել է 87-ի:

Սրան զուգահեռ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շարունակում է կոշտ քննադատություն հնչեցնել իր նախկին ենթակաների հասցեին:

Երեկ այցելելով սահմանապահ ոստիկանության կենտրոնակայան` Ղարիբաշվիլին կրկին հայտարարեց, թե Ալասանիայի ազատ դեմոկրատները իր իսկ ղեկավարած Կառավարության ներսում զբաղված էին նախորդ իշխանությունների և անձամբ Միխեիլ Սաակաշվիլիի գործողությունները արդարացնելով և հովանավորելով:

«Բացահայտ կարող եմ ասել, որ Իրակլի Ալասանիան ամեն անգամ, երբ Եվրոպա կամ Միացյալ Նահանգներ էր այցելում, հանդիպումների ժամանակ հայտարարում էր, թե Սաակաշվիլիի իշխանության տարիներին անցկացված բարեփոխումները օրինակելի էին: Նրանք չէին խոսում Սաակաշվիլիի իշխանության օրոք կատարված մարդու իրավունքների ոտնահարումների, սպանությունների, սադիստական կտտանքների մասին: Նույն գործելաոճի շարունակողն էին նաև Մայա Փանջիկիձեն և եվրաինտեգրման հարցերով նախկին պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին: Կարծում եմ, որ սա հատուկ մարտավարություն էր, որի նպատակը մեկն էր՝ որպեսզի Եվրոպայում և Միացյալ Նահանգներում իրականությունը ջրի երես դուրս չգա», - ասաց Ղարիբաշվիլին:

Հակադարձելով վարչապետի հայտարարություններին՝ Իրակլի Ալասանիան հերքեց ներկայացվող մեղադրանքերը, մեկ անգամ ևս ընդգծելով, թե վերջին երկու տարիներին իր մասնակցությամբ կայացած բոլոր բանակցությունների միակ թեման եղել է Վրաստանի ինտեգրումը եվրատլանտյան կառույցներին:

«Նման հայտարարություններով Կառավարության ղեկավարը խաթարում է այն պետական հաստատության վարկը, որն ինքն է ղեկավարում: Ղարիբաշվիլին շատ լավ գիտի, որ վերջին երկու տարիներին մեր բոլոր բանակցությունների նպատակը Վրաստանը և մասնավորաբար Պաշտպանության նախարարությունը Եվրամիության չափանիշներին համապատասխանեցնելն էր: Այս պահին, սակայն, ես միայն մի բան կարող եմ անել` հորդորում եմ վարչապետ Ղարիբաշվիլիին այլևս նման հայտարարություններով հանդես չգալ», - ասաց Ալասանիան:

Վարչապետ Ղարիբաշվիլիի հայտարարություններին հակադարձում էր նաև եվրաինտեգրման հարցերով նախկին պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին` նշելով, թե Կառավարության ղեկավարի մեղադրանքները անհիմն են:

«Դրանք անպատասխանատու և անշնորհակալ հայտարարություններ էին», - հայտարարեց Պետրիաշվիլին:

Խորհրդարանական մեծամասնության ամրապնդմանը զուգահեռ, Ղարիբաշվիլին փորձում է երկրի առանցքային կարևորություն ունեցող գերատեսչություններից մեկը` Պաշտպանության նախարարությունը ձերբազատել նախկին նախարար և բանակում մեծ ժողովրդականություն վայելող Իրակլի Ալասանիայի քաղաքական ժառանգությունից:

Այցելելով Պաշտպանության նախարարություն` Ղարիբաշվիլին երեկ հայտարարեց․ - «Պաշտպանության նորանշանակ նախարարի և Գլխավոր շտաբի ղեկավարի հետ մենք քննարկեցինք երկրում տեղի ունեցած վերջին զարգացումները և եկանք հստակ եզրահանգման` մեր հպարտությունը հանդիսացող վրացական բանակը պետք է զերծ մնա քաղաքականացման բոլոր փորձերից: Բանակը պետք է հարյուր տոկոսով ապաքաղաքական կառույց լինի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG