Մատչելիության հղումներ

«Սպայսը» Հայաստանում դեռևս օրենքով արգելված չէ


«Սպայսը» Հայաստանում դեռևս օրենքով արգելված չէ
please wait

No media source currently available

0:00 0:03:39 0:00

Աշխարհով մեկ հազարավոր ճակատագրեր խեղած սինթետիկ մարիխուանան կամ, ինչպես ընդունված է անվանել, «սպայս» տեսակի թմրամիջոցը դեռևս արգելված չէ Հայաստանում։

Ոստիկանությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ խնդիրն իրենց ուշադրության կենտոնում է։ Այս թմրամիջոցը Հայաստանում արգելելու մասին օրենքի նախագիծը Կառավարություն և ԱԺ են ուղարկել ուղիղ մեկ տարի առաջ։ Սակայն պարզ չէ, թե երբ այդ նախագիծը կարևոր կհամարեն նաև խորհրդարանում ու կդնեն քննարկման։

Ոստիկանությունում գիտեն, որ ծխախոտային այդ խառնուրդները մեր երկիր են ներթափանցում փոստային ծառայության միջոցով, բայց դրանց ծավալների, օգտագործման նպատակների վերաբերյալ վիճակագրություն չունեն։

Հանրապետական գլխավոր նարկոլոգիական կլինիկայում, մինչդեռ, այդ մասին խոսում են թվերով:

«Շուրջ 20-30 հոգի բուժվել են: Հաշվի առնելով փոքր երկիր լինելը` արդեն իսկ արդիական խնդիր է Հայաստանի համար», - «Ազատության» հետ զրույցում ասաց կլինիկայի փոխտնօրեն Ասյա Գրիգորյանը:

Նա թվարկում է «սպայսի» օգտագործման առաջին հետևանքները` զառանցանք, հոգեկան խանգարում, ժամանակի և տարածության ընկալման կորուստ:

Մոտ երեք տասնյակ հիվանդներից մեկին կլինկայում իրական կյանք վերադարձնել չի հաջողվել, նրան ստիպված տեղափոխել են հոգեբուժարան:

Եթե սինթետիկ մարիխուանան մեր երկրում դեռ չի դասվում արգելված թմրամիջոցների շարքում, ապա վտանգավորների ցուցակում այն վաղուց առաջատարներից մեկն է. չնչին գերդոզավորումից օգտագործողների մեծ մասը դիմում են ինքնասպանության, իսկ ողջ մնացածները հաշմանդամ են դառնում` կորցնելով տեսողությունը, լսողությունը կամ քայլելու ունակությունը:

Ըստ Գրիգորյանի, առավել տարածված թմրամիջոցներից սպայսը տարբերվում է վտանգավոր առանձնահատկությամբ. - «Համարվում է մահաբեր թմրամիջոց: Ի տարբերություն մյուս թմրամիջոցների` առաջին իսկ գործածումից հետո առաջանում է կախյալություն»:

Սպայսի օգտագործման ամենատարածված երկիրը Ռուսաստանն է։ Պաշտոնական տվյալներով, այդ երկրում սինթետիկ մարիխուանայից զանգվածային թունավորման նոր ալիք է սկվել։ Արձանագրված 500 դեպքից 13-ը մահացու ելք են ունեցել։ Նրանցից երկուսը` Նորիլսկ քաղաքում։

Սպայսի զոհերին Ալյոնա Զախվատիխատան ճանաչել է, «Ազատության» հետ հեռախոսազրույցում պատմեց, որ դեպքը հանկարծակի է տեղի ունեցել՝ առանց նախանշանների. - «Հանգստյան օրերին էր: Տղաներն ընկերների հետ հանգստանում էին, կինո նայում: Իսկ հետո քնել են և չեն արթնացել` ընդամենը մի քանի անգամ ծուխը ներքաշելուց»:

«Ճանապարհ դեպի դժոխք». մասնագիտությամբ հոգեբան Ալյոնան այսպես է բնութագրում թմրամիջոցից օգտվողների ընտրությունը։ Իսկ զանգվածային թունավորումներն ու հոգեկան շեղումների ալիքը, նրա փոխանցմամբ, Նորիլսկում դեռ շարունակվում է. - «Ամեն շաբաթ դիսպանսերում են հայտնվում մարդիկ, ովքեր հոգեկան հիվանդ են դարձել: Նարկոլոյիական կլինիկայում պարզապես արդեն տեղ չկա»:

Հայաստանում նարկոլոգիական կլինիկա դիմողների քանակով պատկերը չի ամբողջանում:

«Սինթետիկ մարիխուանայից օգտվողների թիվը կարող է շատ ավելին լինել», - նշում է Ասյա Գրիգորյանը` շարունակելով. - «Ես ձեզ ասում եմ` ովքեր որ իրենց կամքով դիմել են բուժման: Թե ինչքան կան, որ չեմ դիմել, ինչքան կան, որ չեն գիտակցում, որ դա բուժելի է, որ դա հիվանդություն է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG